Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը

Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահը, որը մեկուսացման շրջանում մշտապես պահպանել է կապը արվեստասերների հետ մի շարք հետաքրքիր նախաձեռնություններով, այս անգամ ներկայացնում է #Հապդիմակ#տնիցթանգարան առցանց մարտահրավերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կրթական, ճանաչողական ծրագրի շրջանակում ստեղծագործող արվեստասերները պաշտպանիչ դիմակների վրա պատկերում են պատկերասրահի հավաքածուի իրենց սիրած գործերը, լուսանկարում են դիմակներն ու ուղարկում պատկերասրահ:

Մեզ հետ զրույցում ՀԱՊ գիտակրթական բաժնի պատասխանատու Անի Նազարյանն ասաց, որ թանգարանների առջև այսօր միանգամայն այլ մարտահրավերներ են ծառացել, և ամբողջ աշխարհում գրեթե բոլոր թանգարանները համաճարակի պատճառով փակ են, ուստի այցելուի հետ կապը պահպանելու նոր ձևաչափերն են անհրաժեշտ:

«Թանգարանը նաև կրթական հաստատություն է, և մենք մեր առաջ խնդիր ենք դրել տարբեր կրթական առցանց ծրագրեր իրականացնել: Նման նախաձեռնություններից է #Հապդիմակ-ը, քանի որ մեր օրերում դիմակը դարձել է առօրյայի անբաժան մասը: Այս մարտահրավերը նրանց համար է, ովքեր ցանկանում են իրենց պատրաստի դիմակը կամ ձեռագործ դիմակը զարդարել Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի՝ իրենց սիրած ցուցանմուշների պատկերներով»,-պատմեց Նազարյանն ու ուրախությամբ հայտնեց, որ ընդամենը երեք օր է, ինչ ծրագիրը մեկնարկել է, այնինչ մասնակիցների քանակը զգալի է:

Մասնակիցների մեծ մասը երեխաներ են, որոնք դիմակների վրա պատկերել են դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ և այլն:

Անի Նազարյանի համոզմամբ՝ այս նախաձեռնության կարևոր կողմն այն է, որ արվեստասերները կարողանում են ոչ միայն ինֆորմացիա ստանալ ցուցանմուշների մասին, այլև թանգարանի առցանց ծրագրերի մի մասը դառնալ:

Մասնակիցներն իրենց ստեղծագործությունների լուսանկարները կարող են ուղարկել մինչև մայիսի 28-ը, որից հետո բոլորը կտեղադրվեն պատկերասրահի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում և մինչև հունիսի 1-ը առավել հավանումների արժանացած նկարի հեղինակը կստանա հատուկ նվեր-մրցանակ ՀԱՊ-ի կողմից։

Անժելա Համբարձումյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում