Պետրոս Դուրյան. Սիրել

Պետրոս Դուրյան. Սիրել

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ:

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրշեց իմ շուրջ:

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սըրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մ’որո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ:

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց. “Կուզե՞ս սիրտ, ե՛կ ինծի”:

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը՛ սիրեր խոցել երբեք,
Հոգի մ’որո գաղտնիքն է բույր
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք:

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
– “Կուզե՞ս պաշտել հոգի մ’անբիծ”:

Ես ուզեցի քընարով մի
Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակգիլ սիրողաբար:

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
– “Քնարդ է ցուրտ սիրտ, և սերըդ՝ ցավ”:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կըրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ, ինչպես սյուք դալկահար-
Հավատարիմ, ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ:

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում