Ա Պետրոս 1.5-10

Ա Պետրոս 1.5-10

5. Որ զօրութեամբն Աստուծոյ պահեալ էիք հաւատովք ի պատրաստեալ փրկութիւնն, յայտնեալ ի յետին ժամանակս:

ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում:

6. Որով ուրա՛խ լինիջիք, որք այժմ սակաւիկ ինչ ըստ պատշաճի իրացդ տրտմեալ էք ի պէսպէս փորձութիւնս:

Ուրախանում եք դրանով դուք, որ այժմ դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմում եք,

7. Զի հանդէսն ձերոց հաւատոցն առաւել քան զոսկի կորստական պատուական է, որ հրով փորձեալ գտաւ ի գովութիւն և ի փառս և ի պատիւ ի յայտնութեանն Յիսուսի Քրիստոսի:

որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին, որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի,

8. Զոր ոչն տեսէք՝ և սիրեցէք, ընդ որ այժմ ոչ հայեցեալք, բայց հաւատացէք. և ուրախ էք անճառ և փառաւորեալ խնդութեամբն:

որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան, և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝

9. Ընկալեալ զկատարումն հաւատոցն ձերոց զոգւոցն փրկութիւն:

ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը:

Ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում, որով ուրախանում եք:

Երբ ցույց տվեց, թե ինչպես է պահվում երկնքում և ըստ հավուր պատշաճի պատմեց դրա գեղեցկության մասին, նրանց մեջ բոցավառեց բաղձանքը և նրանց հայացքները սիրով ուղղեց դեպի անճառելի կյանքը: Ապա սկսում է նրանց առջև դնել առավել մեծ պատիվը, որպեսզի իրենց փրկությունը փոքր գործ չհամարեն, այլ՝ Աստծու զորությանն արժանի: Եվ ոչ էլ անցավոր կենցաղի նման կամ փոփոխական որևէ բան համարեն իրենց աշխարհ գալը, այլ Աստծու նախախնամություն, որ իրենց ընտրեց նախքան աշխարհի արարումը, որպեսզի սուրբ և անարատ լինեն (Եփես. 1:4) և նրանց պահեց պատշաճ ժամանակի համար, այսինքն՝ Քրիստոսի աշխարհ գալու ժամանակի: Ուստի և ինքն ի սկզբանե պատրաստել էր աշխարհի փրկությունը, որով փրկվեց տիեզերքը, և որ այս պատրաստված փրկությունը Սիմեոն ծերունին տեսնելով՝ գոչեց առ Աստված՝ ասելով. «Աչքերս տեսան փրկությունը քո, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ. 2:30-31): Արդ, ոչ թե մի ազգ, ասում է, կամ մի ժողովուրդ վայելեցին եկած-հասած փրկությունը, այլ՝ բոլոր ազգերն ու բոլոր լեզուները, հույներն ու բարբարոսները, իմաստուններն ու անմիտները: Քանզի ինքն իսկ էր հոգևոր գարունը և արդարության Արեգակը, որ առաքինության ծաղիկ ու բույս ընձյուղեց, մարդատունկ բուրաստանն ու ջրերի ծփանքն առավել զվարճալի ու անուշահոտ դարձրեց: Եվ արեգակնակերպ լինելով, երկնքի ու երկրի միջև գտնվելով՝ անստվեր օր հաստատեց և բոլորի հոգիները ջերմացրեց Աստծու և Հոր սիրով, նրա, ով իր աստվածային զորությամբ նրանց պահել էր պատրաստված փրկության համար, ինչպես որ ասում է. Ձեզ, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար:

Եվ սա է իմաստը, թե այն զորությունը, որ հիմնեց հաստատուն հիմքով և սալահատակ լայնատարած գետնով ծովի մակերևույթի վրա, երկինքը կախեց իբրև կամար, ամեն ինչ անէությունից էության կոչեց և ամեն ինչ եղավ նրա խոսքի զորությամբ, նույն զորությամբ էլ դուք, որ Աստծու զորությամբ պահված էիք հավատով՝ փրկության համար, որ պատրաստ է հայտնվելու վերջին ժամանակներում:

Վերջին ժամանակն այն է, ինչ Պողոսը «վերջին օրեր» և «ժամանակների լրում» է ասում. «Այս վերջին օրերին մեզ հետ խոսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամեն ինչի, և որի միջոցով ստեղծեց տիեզերքը… և որ իր խոսքի զորությամբ հաստատ է պահում տիեզերքը» (Եբր. 1:2-3) և նորից. «Իսկ երբ ժամանակն իր լրումին հասավ, Աստված ուղարկեց իր Որդուն, որ ծնվեց կնոջից և մտավ օրենքի տակ՝ փրկելու համար նրանց, որ օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք» (Գաղատ. 4:4-5):

Տեսնո՞ւմ ես հայտնության օրինակը և թե ինչպես հայտնվեց: Արդ, ուրիշ ի՞նչ պատճառ կարող էր լինել հայտնության, եթե ոչ մեր փրկությունն ու ազատությունը, որդեգրությունն ու Աստծու հետ միավորությունը: Եվ ինչո՞ւ վերջին ժամանակներում, այլ ոչ թե սկզբում կամ մարդկության գոյության միջին շրջանում, քանի որ դեռևս չէին դաստիարակվել և կրթվել իմաստությամբ, այլ անվարժ ավանակի և անսանձ ձիու պես անանցանելի ճանապարհով էին գնում և ինչպես հոտ, որը հովիվ չունի, այսուայնկողմ էին ցրվել և անբանությամբ բազում մեղքեր էին իրենց վրա կուտակում: Եվ որպեսզի այնպիսի ժամանակ չգա, որ արհամարհվի տնօրինության մեծագույն խորհուրդը՝ մարդկանց՝ նրան չլսելու պատճառով, դրա համար նախապես օրենքը տվեց, մարգարեներին ուղարկեց, արդարների դասը հանեց, որպեսզի նրանցով գոնե փոքր-ինչ խրատվեին իրենց ամբարտավանությունից և դաստիարակվեին անզգամությունից ու սթափվեին խելագարությունից և իրենք իրենց ճանաչեին, որ մարդ են: Նաև հեթանոսական բազմաթիվ ազգերի միջից հանեց իմաստուններ և օրենսգետներ, որ թեև ճշմարտությունը չիմացան, սակայն մարդկանց վայրենի բարքն ու անմտությունը բազում ձևերով ցույց տվեցին և արդարացիորեն իմաստացան և իմանալի դատաստան տեսան։ Եվ բազմաթիվ այլ միջոցներով հասկացան, որ մարդ են՝ իմաստուն և բանական, այլ ոչ թե վայրենի ու անընտել գազան։

Եվ ասում է. ուրախանում եք դրանով դուք։ Այս ասելով՝ լուծարում է առաջին տրտմությունը, որ մեղքի պատճառով էր, և որ օրենքը, թանձր ամպի պես գլուխներից կախված, նսեմացնում էր մարդկանց հոգիները։ Արդ, ասում է, այս ժամանակը, որի համար պահված էիք՝ պատրաստվելու ձեր փրկությանը, ուրախանալու և ցնծալու ժամանակ է, այլ ոչ թե սգի և տրտմության։ Քանզի, ինչպես օրինակ, առաջին ժամանակը, որ լցված էր մեղքերի զանազան դառնություններով և կռապաշտության խավարով, տրտմության, ողբի, անտանելի սգի ժամանակներ էին, որովհետև խավարեցնող էին և մահաբեր։ Նմանապես նաև այս վերջին ժամանակները, երբ գայթակղությունները վերացան և հակառակորդները հետ քաշվեցին Քրիստոսի գալստյամբ, լույս եղավ, կենդանություն, փրկություն և նմանատիպ բազում բարի բաներ, ապա հարկ է, որ ուրախանաք։ Ուստի ով է, որ իմանալով՝ անցնելու է տրտմալի գիշերը և առավոտվա հետ երևալու է արեգակը, չի ուրախանա։ Այս ուրախության մասին առավել մարնամասն նաև Պողոսն է խոսում՝ ասելով. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, դարձյալ եմ ասում՝ ուրա՛խ եղեք։ Թող ձեր խնդությունը հայտնի լինի բոլորին» (Փիլիպ. 4:4-5)։ Խոսքը կրկնելով հավաստիությունն է ցույց տալիս, քանզի երկու մարդկանց վկայությունը, ըստ օրենքի, հավաստի է, իսկ ձեր խնդությունը, ասում է, որ Քրիստոսի գալստյամբ և ձեր փրկությամբ է, թող հայտնի լինի բոլոր մարդկանց։

Որ այժմ դեպքերի բերումով, այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք։ Արդ, քանի որ պատրաստվում էր սրա մասին խոսել, ապա նախ և առաջ պատվիրում է նրանց ուրախ լինել և մի կողմ թողնել ամեն տեսակի տրտմություն, որովհետև բոլոր փորձությունները տրտմեցնող են և ծանր, հատկապես, եթե հարատև փորձությունները հաճախակի ներգործում են սրտի վրա և մշտապես հոգուն վշտացնում, ապա առավել սգի են արժանի։ Ահա նկատի ունենալով այսպիսի փորձությունները, որ Աստծու համար են, թեթևացնում է և փոքր ու աննշան բան ցույց տալիս։

Որ այժմ, ասում է, դեպքերի բերումով այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք։

Կարծում եմ դեպքերի բերումով ասելով նկատի ունի աստվածպաշտությունը, որի պատճառով նրանք վշտանում էին և երանության արժանի դառնում, ինչպես որ Տերն ասաց. «Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն։ Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է» (Մատթ. 5։11-12)։

Տեսնո՞ւմ ես, թե որոնք են ուրախության պատճառները. հանուն Քրիստոսի փորձության մեջ լինելը և վշտերին համբերելն արդարև ուրախություն է և մեծ ցնծություն, քանզի բարիքների պատճառ են և բազում բարիքների ու վարձքի հատուցման պատճառ։ Այս փորձությունների ուրախության մասին նաև աստվածընկալ Հակոբոսը մեծ գովասանքով ասաց. «Եղբայրնե՛ր, ամենայն ուրախության արժանի համարեցե՛ք, երբ տեսակ-տեսակ փորձությունների մեջ ընկնեք» (Հակոբ. 1:2)։ Ոչ թե մի տեսակի ուրախություն է ասում, այլ՝ ամենայն ուրախությամբ ուրախանալ թվացյալ տրտմությունների մեջ լինելով, քանզի ով է, որ տուն կառուցելով կամ այգի տնկելով՝ չարությամբ է լցվում վաստակի հանդեպ, թեև մեծ է ջանքը և քրտինքը ու շատ աշխատանքով լի, սակայն առջևում ունենալով տան մեջ հանգիստ գտնելու ակնկալիքը և պտղի վայելումը՝ չի դադարում աշխատելուց, մինչև որ, ըստ օրենքի, ամեն ինչ ավարտին չհասցնի։

Հետևաբար, եթե երկնավորների հանդեպ, որ անցավոր է. տունը և մնացած բաները, այսպիսի ջանք են պահանջում, ապա որքան առավել ջանք պետք է գործադրեն նրանք, ովքեր ճգնում են Քրիստոս Աստծու, Երկնքի արքայության և անճառելի բարիքների համար, որոնք երբեք չեն անցնելու։ Արդ, նրանք, ովքեր այսպիսի բաների են սպասում և հանգստյան ու Քրիստոսի թագավորության ակնկալիքն ունեն, ապա հարկ է, որ Քրիստոսի հետ փորձության ենթարկվեն, Քրիստոսի հետ չարչարվեն և Քրիստոսի հետ մեռնեն ու թեթև համարեն այժմյան չարչարանքները, ինչպես որ Պողոսն է ասում, գալիք հատուցման համեմատ, և ապա հաղորդակից լինել Քրիստոսի փառքին։ Եվ նորից Առաքյալն ասում է. «Եթե Քրիստոսի չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին» (Հռոմ. 8։17)։ Հետևաբար ասում է. որ այժմ դեպքերի բերումով, այլ և այլ փորձություններով փոքր-ինչ տրտմած եք։

Այլ և այլ ասելով՝ ցանկացավ ցույց տալ փորձությունների զանազանությունը և սրանով առավել ևս է պատվում և գովում դրանց, քանզի փորձությունները զանազազն են ու շատ, իսկ տրտմությունը՝ փոքր-ինչ և չնչին։ Ուստի սա կատարյալ այրերին է հատուկ և կատարյալ համբերության մեջ առաջադիմածներին, որովհետև սա դրսևորվում է սաստիկ նեղությունների ժամանակ, երբ մարդիկ կապված են մարմնով, և ուժասպառ ընկած, սակայն իրենց բնական կարողություններից առավել զգաստություն են ցուցաբերում վշտերի մեջ: Այս վշտերի մասին տեղեկացնում է նաև երանելի Հակոբոսը՝ գովաբանությամբ ասելով. «Երանելի է այն մարդը, որ համբերում է փորձության, որովհետև, եթե փորձության մեջ հաստատ լինի, կստանա կյանքի պսակը, որ Տերը խոստացավ իրեն սիրողներին» (Հակոբ. 1:12):

Որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին: Հերթականությամբ թվարկելով՝ դրանց գովքն է անում ոչ թե բոլորի մասին ընդհանուր ասելով, այլ մանրամասն յուրաքանչյուրի մասին հայտնելով, որպեսզի նրանց մտքերը կենտրոնացնի այն բանի վրա, որ փորձությունների ժամանակ չվարանեն: Այդ պատճառով էլ ասում է. որպեսզի ձեր հավատի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին:

Ձեր հավատի փորձը. կարծում եմ զանազան փորձություններն է այդպես կոչում, քանզի հավատքի համար ենթարկվեցին այդ չարչարանքներին՝ կապանքների, բանտի և նմանատիպ այլ փորձությունների: Արդ, այս ասպարեզը, ասում է, եթե համեմատվի կորստյան ենթակա ոսկու հետ, բազմապատիկ ավելի պատվական կլինի, քան այն: Ուստի ո՞ր ոսկին կամ ո՞ր արծաթը և կամ ո՞ր պատվական ու պայծառ քարերը կարող են հավասարվել այն փորձությունների հետ, որ Աստծու համար են, նույնիսկ երկինքն իր լուսատուներով և երկիրն իր ողջ էությամբ երբեք չեն կարող հասնել այն փառքին, որ հավատքի աստվածպաշտության համար են չարչարվում, մինչև անգամ հրեշտակների պատվից է առավել այս պատիվը: Ուստի և կարծում եմ, որ եթե հրեշտակների անմարմին բնությունների համար հնարավոր լիներ և կարողություն՝ մարմին առնել, ճգնավորության հանդեսի մեջ մտնել և մահանալ հանուն Քրիստոսի, ապա դա ավելի մեծ պարծանք և պատիվ կհամարեին իրենց համար, քան հրեշտակների պատիվն է: Հետևաբար, սա նկատի ունենալով՝ ասաց. որպեսզի ձեր հավատքի փորձը, որ առավել արժեքավոր է, քան կորստյան ենթակա ոսկին:

Կորստյան ենթակա ոսկի ասելով՝ ցույց է տալիս նրա խաբուսիկ էությունը, որ առերևույթ է միայն և խաբեությամբ ու պատրանքով է գրավում, և գեղեցկությամբ իր մոտ է ձգում մարդկանց, իբրև մնայուն բան, սակայն կորստյան է տանում նրանց, ինչպես որ ինքն էլ անցավոր է: Իսկ փորձությունները, որ հավատքի համար են, թեև կործանարար են թվում սաստիկ վշտերի և նեղությունների պատճառով, սակայն հավիտենական կենդանության պատճառ են, որի մասին ասաց նաև Հակոբոսը. «Ձեր հավատի փորձը համբերություն է առաջ բերում» (Հակ. 1:3):

Որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի: Սա առավել մեծ գովության է արժանի, քան առաջինը, որովհետև, եթե առաջինը համեմատվում է անցավոր ոսկու հետ, ապա սա՝ Հիսուս Քրիստոսի հայտնության: Քանզի, ասում է, ինչպես ոսկին անխնամ մնալով և ժանգոտվելով՝ առաջին պատվականությունից վերածվում է տգեղության, իսկ հրի և բոցի միջոցով փորձվելով՝ ժանգը վերանում է և նորից առաջին գեղեցկությունը վերագտնում: Այդպես է նաև ձեր հավատքը, որ նեղությունների և չարչարանքների միջոցով ինչպես կրակով փորձված, դառնա գովքի, փառքի և պատվի առարկա: Այսինքն՝ ամեն տեսակի ներհակ չարություն և մեղքերի ժանգ աղտեղություններ, թերահավատության երկմտություն և բազում այլ զանազան չարիքներ ու խավարեցնող գործեր, Քրիստոսի համար կրած չարչարանքների միջոցով, ինչպես հրով, մաքրում և հարդարում է ու արժանի դարձնում Քրիստոսի հայտնության փառքին ու գովությանը: Քանզի չկա այլ մեծագույն փառք, քան Քրիստոսի առաջ փառավորվելը նրա հայտնության ժամանակ և ոչ էլ այլ գովաբանություն, քան որ տիեզերական ատյանի առաջ է լինելու մարդկանց և հրեշտակների առջև, որ հարգանքով գովաբանելու է՝ ասելով. «Բարի և հավատարիմ ծառա, որովհետև այդ քչի մեջ հավատարիմ եղար, շատի վրա կկարգեմ քեզ» (Մատթ. 25: 23):

Տեսնո՞ւմ ես ինչպիսի գովություն է՝ լի բազմաթիվ երանություններով, ուստի, չկա առավել մեծ փառք, երանություն ու մեծություն, երբ Տերը լիաբերան այսպիսի հրաշալի խոսք ասի իր ծառայի համար, ոչ թե հրեշտակների և պատգամաբերների [բերանով], այլ ինքն անձամբ հրապարակայնորեն ասի, մեր բոլորի ու հրեշտակների Տերը, բերանով գովաբանի և մատով ցույց տա, փառքով զարդարի և երանությամբ պսակի: Սա նկատի ուներ՝ ասելով. որ կրակով է փորձված, դառնա գովքի, փառքի ու պատվի առարկա հայտնության ժամանակ Հիսուս Քրիստոսի:

Որին չեք տեսել, բայց սիրում եք: Որքան խոսքն առաջ է տանում, այդքան մեծացնում է գովասանքը և տանելով՝ կանգնեցնում է առաքինության գլխին, որպեսզի հարգելով և գովելով, նրանց բոլորին առաջնորդի դեպի գերագույն բարին: Այդ պատճառով էլ առաջին և երկրորդ գովությունից հետո, սա է առաջ բերում, որը հրաշալի է, կատարյալ մտքի դրսևորում և ծնունդ հավատի: Որին չեք տեսել, ասում է, բայց սիրում եք: Այսպես է ասում նրանց հորդորելու և պատրաստելու համար, որպեսզի նվաստ չհամարեն իրենց նրանցից, ովքեր իրենց աչքերով տեսան մեր Տիրոջը և ականջներով լսեցին նրա խոսքերը ու վայելեցին նրա սերը: Քանզի թեև մեր Տերն ասաց, թե. «Երանի՜ է ձեր աչքերին, որ տեսնում են, ու ձեր ականջներին, որ լսում են… որ շատ մարգարեներ ու արդարներ ցանկացան տեսնել, ինչ որ դուք տեսնում եք, բայց չտեսան և լսել՝ ինչ որ դուք լսում եք, բայց չլսեցին» (Մատթ. 13:16-17): Բայց ձեր այս համեմատությունն առաջինների հետ էր, որ ըստ օրենքի էին, այլ ոչ թե՝ ըստ շնորհի, ովքեր հոգու աչքերով, ինչպես մարմնավոր աչքերով, Քրիստոսի մարդեղության ժամանակը տեսան, և մահվան թագավորության վերցնելը և ձրի [մեղքերի] թողությունը, ազատությունը, որդեգրությունն ու Աստծու հետ միավորումը, դրա համար էլ աննկարագրելի ցանկությամբ էին բորբոքվում և երանության արժանի համարում նրանց, ովքեր պատրաստվում էին աչքերով տեսնել մարմին առած Աստծուն ինչպես հայելու մեջ և վայելել թողության ձրի շնորհները: Իսկ մեզ՝ վերջիններիս, Տերն այլ համեմատության բարձրություն և երանություն է խոստանում, և անչափելի գովություն: Եվ ինչպիսին էր այն, որ նաև Թովմասի մասին ասաց, երբ չտեսնելու համար թերահավատ եղավ և շոշափելով հավատաց, արդ, ասում է, տեսաք ինձ և հավատացիք, երանի՜ նրանց, որ չեն տեսնում, բայց հավատում են (տե՛ս Հովհ. 20:29):

Տեսնո՞ւմ ես երանությունների պատճառը, որ իրապես ամեն օր մեզ է ուղղվում, որովհետև երբեք մարմնավոր աչքերով չտեսանք մեր Տիրոջը չարչարված և մեռած, և ականջով լսելով՝ առանց երկմտելու հավատացինք՝ տեսնել չպահանջելով: Այդ պատճառով էլ աստվածընկալ Պետրոսը սա նկատի ունենալով՝ ասաց. որին չեք տեսել, բայց սիրում եք: Արդարև, իսկապես սիրեցին, քանզի ոչ միայն ունեցվածքն ու սիրելիներին փոխարինեցին Աստծու սիրու հետ, այլև իրենց իսկ մարմիններն անտեսեցին՝ մատնվելով բանտի, կապանքների, չարչարանքների, սովի, մերկության, աղքատության և նույնիսկ մահվան ու այդ ամենը ոչինչ համարեցին: Տեսնո՞ւմ ես անխզելի հավատի ու սիրո դրսևորումը, թե ինչպես սիրեցին այն, ինչ երբեք աչքով չէին տեսել: Այսպիսի հավատք է վայել քրիստոնյային, այսպիսի սեր, երկյուղածություն, աստվածպաշտություն, ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ զորությամբ սիրել, բաղձալ ու փափագել, իսկ գերագույն փառքը՝ արժանանալ սիրելիի տեսությանը:

Որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ: Այսպիսի խոսքեր նորից կրկնելով՝ մեզ է մատուցում, որպեսզի չկանգնենք ու մնանք ստորին վիճակում և անցավոր ոչինչ ուրախության արժանի չհամարենք, այլ հավետ նայենք գալիքին և Հիսուս Քրիստոսի իրական հայտնությանը, անճառելի բարիքներին և անպատում ուրախություններին, որ հայտնվելու են Քրիստոսին սիրողներին, քանզի մինչդեռ մարմնի մեջ ենք, այդպիսի բարիքներ չենք կարող վայելել:

Ինչո՞ւ և ինչպե՞ս, քանի որ ինչքան երկար ենք մնում մարմնի մեջ, օտարանում ենք Տիրոջից: Առաքյալն ասում է. «Որովհետև հավատով ենք ընթանում և ոչ թե երևույթների վրա հիմնված» (Բ Կորթն. 5:7): Իսկ երբ ապականացուն անապականացու հագնի և մահկանացուն՝ անմահություն, ապա անկասկած կվայելենք անճառ բարիքները: Դրա համար էլ ասում է. որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք: Այսինքն՝ այժմ, ասում է, չեք տեսնում այն փառքի և Քրիստոսի թագավորության օրինակը, որ աչքը չի տեսել, բայց հավատում եք, որ արդարև կա և որ խոստացել է, չի ստում, քանի որ Աստված է, և որ կանչվածներին հրավիրում է, չի զլանում, քանզի առատ է և արդարադատ:

Եվ ուրախ եք, ասում է, անպատմելի ու փառավոր խնդությամբ: Ոչ միայն հավատում եք, ասում է, այլև ուրախ եք, որովհետև անճառելի է խնդությունը, անճառելի է նաև փառքը, անթառամ է պսակը, անմեկնելի է հանգիստը, անքակտելի է թագավորությունը, անպատմելի է գեղեցիկ պարը և հրեշտակների հետ բնակվելը: Թերևս Պողոսը, երբ տեսավ այն բարիքները, չկարողացավ մեկնաբանել, ուստի անճառելի ասաց, լեզվի և աչքի համար չտեսնված, չլսված ականջների համար և անիմանալի սրտի համար և խոսքերով այսպես է բնութագրում. «Ինչ որ աչքը չտեսավ, և ականջը չլսեց, և մարդու սիրտը չընկավ, Աստված այն պատրաստեց իր սիրելիների համար» (Ա Կորնթ. 2:9): Տեսնո՞ւմ ես Աստծու անճառ պարգևների օրինակը, թե ինչպիսի զորություն ունեն, ուստի և միայն հավատալով՝ ամեն ներհակ խռովություններ վերանում են և մեր մեջ են մտնում անճառելի խնդություններ և ամեն տեսակի հոգևոր բարիքներ: Արդ, եթե չտեսածներն, այլ միայն հավատքով իմացածներն այսքան և այսպիսի ուրախություն են առաջացնում մեր մեջ, ապա, երբ գործով ընդունենք բարին և վայելենք այն, ինչպիսի՞ անճառ ուրախություններ կծնվեն մեր մեջ և անցավ կյանք ու հավիտենական հանգիստ:

Ձեռք բերելով, ասում է, ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Նորից միտքը կենտրոնացնում է հետևյալի վրա. այս կյանքով նկարագրում է փրկությունը, գալիքը և ազատությունը հայրենատուր ունայն ընթացքից, որով ընկել էինք մեղքերի կորստյան խորխորատը, որի միջից աղբյուրանալով՝ բխում էին չարիքները: Իսկ Միածնի գալստյամբ և մեր հավատքով առ նա, իրագործվեց մեր հոգու փրկությունը՝ լվացվելով մեղքերի տիղմից ավազանի ջրով և Հոգով, և հատկապես անբիծ և անարատ Գառան՝ Աստծու Որդու արյամբ, և նրանով այստեղ ճաշակեցինք մեր գալիք փրկության երախշիքը: Որտեղ ոչ մեղք կա և ոչ էլ արտասուք, ոչ երեսի քրտինքով հաց ուտել և ոչ էլ տրտմությամբ երեխա ծնել, այլ կատարյալ խնդություն է, ուրախություն և անճառ բարիքներ, անտրտում կյանք և հավիտենական հանգիստ: Ուստի և, ըստ մարգարեության, այնտեղից Աստված բոլորի աչքերից հանել է ամեն արտասուք, ամեն ասելով նկատի ունի բոլոր տեսակի արցունքները:

Արդ, այս ամենը նկատի ունենալով՝ գրեց. ձեռք բերելով ձեր հավատի պսակումը՝ հոգիների փրկությունը: Քանի որ այստեղ խոսքը լսելով միայն հավատացիք և իրերի հանգամանքը քննության և ուսումնասիրության չենթարկեցիք, հետևաբար, ձեր աներկբա հավատի պսակմամբ այնտեղ ստանալու եք ձեր հոգիների փրկությունը: Եվ երբ խոսեց պարգևների պատճառից և լսողներին հավաստիացրեց վարձքի հատուցման մասին, որ անճառ խնդություն է և հոգու փրկություն, ապա նաև ցանկանում է սա էլ ասել, թե ձեր փրկության սկիզբը նոր չդրվեց՝ ինչպես փոքր և անխորհուրդ մի բան, այլ հնուց ի վեր մարգարեները կարապետում էին և ավետիս տալիս դրա մասին, թե Աստված պատրաստվում է մարդ դառնալ մարդկության փրկության համար և նրանց մեղքերն իր մարմնով դատապարտել և ազատել նրանց դժնդակ գոռոզից և ապականության ծառայությունից: Եվ որպեսզի սրանով նրանց մտքում առավել հաստատի շնորհի մեծությունը, շարունակում է՝ ասելով.

10. Վասն որոյ փրկութեան խնդրեցին և քննեցին մարգարէքն:

Այդ փրկության համար է, որ փնտրտուքներ կատարեցին և քննեցին մարգարեները:

Ամեն ոք, ով գիտե իմաստությամբ նայել մարգարեների խոսքերին և տեղեկանալով՝ մտքով քննել, կգտնի խոսքի ճշմարտությունը: Եվ չի երկմտի, թե նրանք որքան ջանք գործադրեցին՝ քննելու և փնտրելու համար Քրիստոսի տնօրինությունը, և այնուհետև ուսումնասիրելու հեթանոսների փրկությունը, կռապաշտության վերացումը և դրանց մոլորության հերքումը, բռնավորի կապանքները, մահվան լուծարումը և մարդկանց հավիտենական կենդանությունը:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում