Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ

Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ

Ա՜խ իմ խեղճ մտքեր
ՈՒմ եք հարկավոր,
Որ մնացել եք
Թղթիս էջերին
Գամված ու մոլոր
Անտեր որբուկի
Թաղծոտ աչքերով
Աչքերիս նայող
Դուք իմ ծով մտքեր,
Իմ թափառ մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր.
Անթի՜վ վերքերիդ
Դեղ ու ճար արող,
Մտքիդ խորքերը
Քանդող, պրպրտող
Ձեզ հուսադրող,
ՈՒ թևեր տվող
Թեկուզ գովեստի
Բառեր շշնջող
Նախանձ շուրթերից
Չեղավ բարբառող
Իմ լքված մտքեր,
Հուսախաբ մտքեր
Աշխարհի աչքից
Հեռու՜, հեռավո՜ր
ՈՒ՞մ եք հարկավոր.
Այսպես մե՜ն- մենա՜կ
Այս մեծ աշխարհում
ճամփա եք ընկել
Եվ ու՞ր եք գնում,
Ի՞նչ եք որոնում.
Դռներ եք թակում.
Նեղ, փակ դռներից
Մտնել եք փորձում,
ՈՒ վաղու՜ց գոցված,
Բայց չսպիացած
Վերքեր եք քանդում.
Դուք իմ ապստամբ,
Իմ ըմբոստ մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր
Անվերջ մենավոր
Մտքով զորավոր
Կռիվ եք տալիս
Մարդկանց իսկական
Դեմքը բացելիս,
Չարի, խավարի
Ստի, նենգության
Դավաճանության,
Իսկը’ խարազան
Իմ արդար մտքեր,
Իմ ցասկոտ մտքեր
Ալեկոծ մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր.
Չքվեք իմ կյանքից
Իսպառ, հավիտյան.
Միք դարձեք հաղորդ
Մութ գիշերներիս,
Անքուն աչքերիս,
Հոգնած կոպերիս
Տառապանքներիս
Միք դարձեք հաղորդ
Ընկեր, մեղսակից
Իմ անսանձ մտքեր,
Իմ ճախրող մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր,
Որ ամեն անգամ
Հլու – հնազանդ
Խոնարհ ծառայի
Հավատարմությամբ
Չեք լքում անձիս
ՈՒ ցասումնալից
Պահերիս անգամ,
Երբ դուրս եմ գալիս
Ես իմ հուներից,
Երբ վարարում եմ
Ափե -ափ զարկում
Բեկորները ձեր,
Իմ առագաստն եք
Դառնում իմ մտքեր
Որ ձեր կուսական
Լազուր ջրերում
Նավարկեմ հզոր
Որ երգն իմ հյուսում
Ծաղկանցը իջնող
Ցողերից շաղոտ
Զեփյուռից մեղմիկ
Հողմերից հեծող
Դուք իմ երկնային
Իմ վայրի մտքեր
Վարարած մտքեր
ՈՒ՞մ եք հարկավոր
Դուք, որ չեք ծնկում,
Լռում, մեղանչում
Քծնում, հարմարվում
Ծառս եք լինում
Անսանձ ձիերի
Խրխինջով վայրի
Խարիսխ եք գցում
Արարատն ի վեր’
Նոյան Տապանի
Կայմից բիբլիական,
Կտրում եք անծիր
Տարածությունը
Բոլոր – բոլոր
Ժամանակների
Անցյալն են կապում
Անհայտ գալիքին
ՈՒ բարձրաձայնում.
Իմ վաղագուշակ,
Թևավոր մտքեր
Իմ անսանձ մտքեր
Ինձ եք հարկավոր,
Իմ արդար մտքեր,
Տառապած մտքեր
Շանթ ու որորի
Հրից դուք ծնված,
Նրանց բոցերում
Թրձված, կոփված.
Ինձ եք հարկավոր,
Իմ ցողաթաթախ
Սրսփուն, անեղծ
Իմ վայրի մտքեր,
Զուլալ ու անկեղծ
Ինձ եք հարկավոր
Դուք իմ մերձավոր
Արդար դատավոր
Աշխարհքի աչքից
Հեռու՜ – հեռա՜վոր
Ինձ եք հարկավոր,
Թեև հանգչում եք
Հոգևվարքի մեջ
Թղթիս էջերին
Լքված, խունացած
Դուք իմ երկնային,
Խելագար մտքեր,
Դուք իմ միակ տեր
Ինձ եք հարկավոր
Մտքեր զորավոր.
Առանց ձեզ ո՞ վ եմ.
Անտեր ու որբ եմ,
Ոտքի տակ ընկած
Քարի կտոր եմ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում