Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ

Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ

Ձայն I
Իմ կարոտը մթի մեջ լույսի պատկերը տեսնելն է
Ու անտես եթերը շոյելը…
Իմ կարոտը ճերմակ ամպերի հետ ճախրելն է
Ու ամպերին ընկերակցելը…
Իմ կարոտը երազի երամին ուղեկցել է
Ու կապույտի անհունին ձուլվելը
Իմ կարոտը երկինքը ծաղկեցնել է
Ու սիրտս առանց քեզ ապրեցնելը

Ձայն II
Իմ կարոտը երկնավես սարերի աղոթքն է
Ու սառցալեռների հալոցքը
իմ կարոտը հոգուս ճախրանքն է,
Ու մտքիս ծփանքը
Իմ կարոտը ծովի խորքերին աչքերիս ծարավն է,
Խոսքիդ ջրվեժի բուռն վարարը
Լռության ճիչն ու քայլքիս թռիչքն է,
Ծովերի հառաչն ու իմ խա՜չն է իմ կարոտը…

Ձայն III
Իմ կարոտը հորդում Է ջրվեժներից
Ու խառնվում կրքի տարերքին,
Իմ կարոտը բխում Է ակունքներից
Ու զուլալվում վճիտ աղբյուրներում…

Իմ կարոտը հույզերիս շիկնանքն է,
Որ բոսորվում է մայրամուտի երեսին,
Իմ կարոտը քնքշանքիս ծփանքն է,
Որ գալարվում է բիլ ալիքներին…

Ձայն IV
Իմ կարոտը սոսափում է արձակ դաշտերում,
Ալիքների մեջ է շառաչում,
Շաչում, զարկվում է քարերին
Ու ճայերի թևին ճիչ դառնում…

Իմ կարոտը դողդոջ է ծովի երեսին
Բեկբեկվող հույսի ալիքով,
Բողբոջ է մատղաշ ծառերի,
Որոնք կարոտից շուտով կծաղկեն…

Իմ կարոտը հա՜շտ ճախրանքն է երամի,
Որ թևում է հոգուս կանչով,
Խոր հայացքն է հեռուների,
Որ չունի՜ տեղ հանգրվանող…

Ձայն V
Սրտիս դողն է, հուշիս հովն է,
խոսքիդ ծովն է իմ կարոտը,
Հույզերիս խռովքը, սլացքիս ցնորքը,
ծաղկունքի տրոփն է իմ կարոտը,
Լռության երգն է, փնտրումիս հետքն է,
սպասումիս հևքն է իմ կարոտը,
Ծաղկունքի հանդերձը, օվկիանի անվերջը,
անեղծ ապրումս է իմ կարոտը,
Անձրևի տարփանքն է, ալիքի ծփանքն է,
հեռվիդ թովչա՜նքն է իմ կարոտը…

Ձայն VI
Իմ կարոտից շառագունել է
մայրամուտը՝ ծովի երեսիս
Ու իր ցոլանքն է շոյում
շքեղ ալիքների այտերին…
Սակայն ինչո՞ւ շիկնեցի,
Երբ նայեցի մայրամուտին…

Ձայն VII
Իմ կարոտի շնչից ծովն է ալիքվում,
Սով երկինքն է շնչում բույրը կարոտի,
Իմ կարոտի շնչից երկի՜նքն է բացվում,
Նոր ծփանքներ ծնում ծովը կարոտի…

Ձայն VIII
Իմ կարոտի հևքից երկինքն է ծաղկում,
Բալենին է հագնում ճերմակ հանդերձներ…
Իմ կարոտի կանչից ծովերն են բացվում,
Ծնում կարոտի շքեղ ալիքներ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում