Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին

Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը։ Նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Վ. Պուտինը նշել է նկարչի ստեղծագործությունների պայծառ ու տարբերվող բնույթը, որը նա ստեղծել է տարբեր ժանրերով և տեխնիկայով: Նա հիշեցրել է, որ նկարիչը հասել է միջազգային լայն ճանաչման, և նրա ստեղծագործական նախագծերը միշտ էլ հետաքրքիր են, նշանակալից և պահանջված։

«Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք», – ասվում է Վլադիմիր Պուտինի ուղերձում:

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է 1945 թվականին Թբիլիսիի Սոլոլակի շրջանում։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։ Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Գեորգի Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։
1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»` դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։
Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Ֆրանգուլյանի աշխատանքների թվում են Բուլատ Օկուջավայի, Բորիս Ելցինի, Իոսիֆ Բրոդսկու, Ալեքսանդր Պուշկինի, Դմիտրի Շոստակովիչի , Անատոլի Տարասովի Արամ Խաչատրյանի (Մոսկվա, Բրյուսով անցում, բրոնզ) հուշարձանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում