Ո՞րն է իմ հաղթանակը

Ո՞րն է իմ հաղթանակը

Երբ վեճի մեջ ենք մտնում որևէ մեկի հետ, փորձում ենք նրան ապացուցել մեր ուժը, մեր առավելությունը և հաղթել վեճերում։ Հենց այդ հիմքի վրա էլ ստեղծված են զանազան մրցույթները, որտեղ մեկը մյուսի հանդեպ առավելություն է փորձում հատստաել, վիճարկել մյուսի ուժը, կարողությունները։

Մենք կարծում ենք, որ հաղթանակը մեզ տրվելու է մյուսի հանդեպ առավելությունից միայն, որ տվյալ մրցույթում հաղթելով մի քանիսին, հաղթում ենք ողջ աշխարհին։ Արդյո՞ք այդպես է։ Արդյո՞ք ուժը, որ ծառայում է միայն մյուսներին ցուցադրելու համար, հաղթանակի միակ գրավականն է համարվում։

Լսել ենք, որ իրականում մեր «պայքարը» պետք է լինի միայն ինքներս մեզ հետ և եթե համեմատվում ենք, պետք է համեմատվել միայն մեզ հետ՝ անցյալում։ Ոչ բոլորն են կարողանում պահպանել այս ամենը, քանի որ փորձում են ոչ միայն հաղթել, այլ նաև ստանալ դրա համար մրցանակներ, պատիվ և համբավ։

Մեզ, սակայն, Քրիստոս ցույց է տալիս իր օրինակը։ Ինքը՝ Քրիստոս, եկել էր աշխարհ վստահաբար իմանալով, որ հաղթելու է, սակայն նրա ուժն ու զորությունը երբեք չծառայեցին ընդդեմ մեկի։ Նրա հաղթանակը ամենախաղաղն էր երբևէ հաստատված հաղթանակներից, քանի որ առանց զորքի և զենքի էր։ Նրա նպատակը ոչ թե համբավն ու փառքն էր, ոչ թե աշխարհի տիրակալ դառնալը, այլ մարդկանց սրտերին տիրելը և այնտեղ ապրելը։ Քրիստոս հասավ դրան՝ երբեք իրեն առավել չդասելով մյուսներից, թեև ուներ բոլոր հիմքերն այդպիսին լինելու։ Նա տիրեց մարդկանց սրտերին՝ վճարելով դրա գինը՝ իր կյանքը, որ ամենից թանկն է յուրաքանչյուրիս համար։

Ուստի հաղթանակների մասին խորհելիս իմանանք, որ մեծ է տարբերությունը մեր՝ Քրիստոսով բերված և աշխարհի հիվանդ բարքերով հաստատված հաղթանակների միջև։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում