Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց…

Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց…

Տերն ինձ տվեց աչքեր և ասաց՝ նայի՛ր,
Ես շատ նայեցի, բայց ոչինչ չտեսա:
Տվեց սիրտ և ասաց՝ եղի՛ր ուշադիր,
Ուշադիր էի, բայց մի օր այն կորցրի, մոռացա:

Տվեց ինձ սեր. ավա՜ղ, ափսոսում եմ այն,
Հեռացավ-կորավ, և ինձ բնավ չի հուզում,
Տվեց մարմին ինձ՝ գլուխս կորցրի սակայն
Եվ տրվեցի մարմնով անծանոթների բազում:

Գիշերվա համար տվեց երազներ անեղծ,
Բայց մղձավանջներով են գիշերներս լի,
Տվեց շուրթեր ինձ, որ շշնջամ անկեղծ՝
Չասացի ոչինչ անհույս խոսքերից բացի:

Տվեց արցունքներ, որ ծիծաղեմ ու լամ,
Բայց չեմ լալիս երբեք, իմ սիրտն է քարից:
Նա տվեց ինձ նաև խի՛ղճ մինչև անգամ,
Բայց չի լսվում նրա ձայնն հոգուս խորքերից:

Կարդալու համար տվեց գրքեր անհատնում,
Ես այրեցի դրանք՝ առանց բացելու,
Տվեց ձեռքեր, որ ես աղոթեմ խորանում,
Բայց դրա՞խտն է, թե՞ դժոխքն ինձ ընդունելու:

Տվեց ինձ հոգի՛ս, որ պահեմ անաղարտ,
Բայց մի օր ես այն ծախեցի դևին:
Իմ կյա՛նքը տվեց ինձ, որ ապրեմ զվարթ,
Բայց կյանքս իմ ձեռքով դարձրի փուչ ու սին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում