Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում

Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում

Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը կերպավորվել է տարբեր ժողովածուներում, Հայսմավուրքներում, Աղոթագրքերում և այլ գրքերում: Սրբի «Մատյան Ողբերգություն»-ը բազմիցս արտագրվել և ընդօրինակվել է՝ պատկերազարդվելով սրբի դիմանկարով:

Կիլիկիայում XII դարում պատկերազարդվում էին ոչ միայն Ավետարանները, այլև այլ տիպի մատյաններ, որոնցից իր շքեղ ձևավորմամբ և պատկերազարդմամբ աչքի է ընկնում Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»-ը, որի գրիչն է Գրիգոր Մլիճեցին, ստացողը՝ Ներսես Լամբրոնացին (Մատենադարան, ձեռագիր № 1568, 1173թ.): Վերջինս, լինելով խստակրոն և բուռն խառնվածքի տեր, իր իդեալն էր համարում Սուրբ Գրիգոր Նարեկացուն, որի մատյանը ընդօրինակել է տվել Մլիճի վանքում անձնական ընթերցման համար և իր իսկ ձեռքով ավելացրել է Նարեկացու վարքը: Ձեռագիրը տեղավորվում է ձեռքի ափի մեջ (15,5 χ 11,7 սմ): Մատյանի գրչությունը միջին մեսրոպյան երկաթագիր է: Այն բացվում է խորանաձև էջերով: Մագաղաթյա այս մատյանում մեծ նրբությամբ ու ճաշակով են կատարված խորանազարդերը, անվանաթերթ կիսախորաններն ու գլխազարդերը։ Հարդարանքի կարևոր մաս են կազմում կիլիկյան ճոխ, խոհրդանշական լուսանցազարդերը: Ձեռագիրն ունի ոսկետառ առաջին տողեր յուրաքանչյուր «Բանից» (գլխից) հետո, որը սկսվում է կիսախորանով՝ n-աձև, ուղղանկյունաձև, լցված արմավիկների տերևաականթային ընձյուղավոր ոլորազարդերով, խճանկար՝ թռչնաձև սկզբնատառով, էջի աջ կողմի լուսանցքում տեքստի ստորին մասից մինչև գլխազարդի կատարը բարձրացող լուսանցազարդով: Ուշագրավ են գլխատառերը, որոնք խաչքարերի զարդաքանդակային մոտիվներ են։ Գլխազարդերը կամ կիսախորանները խիստ երկրաչափական չեն, մեղմացվում, կենդանացվում են անկյուններից դուրս եկող բուսազարդերով, միմյանց ձայնող տատրակներով կամ միմյանց հետ պարանոցներով փարված բադերով: Ձեռագիրն առանձնապես արժեքավոր է Սուրբ Գրիգոր Նարեկացու դիմանկարների շարքով, որոնք ավետարանիչների դիմանկարների նման տեղադրված են գլուխների անվանաթերթերի կողքին, մեկ բացվածքի վրա: Նկարիչը չորս պատկերներով ցանկացել է ստեղծել Նարեկացու մի քանի բնորոշ կողմերը՝ փիլիսոփա, հսկող (աղոթող), ճգնավոր՝ միաժամանակ դրանց մեջ ընդգծելով նրա բանաստեղծական կերպարը։ Դիմանկարները պատկերված են ոսկե ֆոնին և դրանցից երեքն ունեն հետևյալ մակագրությունները՝ «Գրիգոր Փիլիսոփայ», «Գրիգոր Հսկող», «Գրիգոր Ճգնավոր»: Չորրորդ դիմանկարի մակագրությունը չի ընթերցվում. այն պատկերում է Գրիգորին՝ ծնրադիր Հիսուսի առջև՝ Մատյանը Նրան մեկնելիս: Այս պատկերները ավելի հնաոճ են, քան կիսախորանները:

«Գրիգոր փիլիսոփա»-ն ներկայացված է «գրող ավետարանչի» դիմանկարի հորինվածքով՝ գահավորակին նստած, գիրքը գրելիս, գրակալի առջև: Հանդերձանքը դասական է՝ պարեգոտ և փիլոն: Կատարված է տաք հակադիր գույներով՝ մուգ և բաց:

«Գրիգոր հսկող» մանրանկարը ներկայացնում է Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ Քրիստոսի առջև աղոթողի դիրքով կանգնած, հայացքը և ձեռքերը դեպի Նա պարզած՝ ստանալով Քրիստոսի օրհնությունը: Նարեկացին պատկերված է նախորդ պատկերի ճիշտ նույն զգեստով և նույն գույներով, երկուսում էլ փիլոնի եզրերն ամրացված են ճարմանդով:

«Գրիգոր ճգնավոր» մանրանկարում ստեղծված է սրբի պատկերագրությամբ խստաշունչ կերպար. Սուրբ Գրիգոր Նարեկացին կամարի ներքո է, ճակատային դիրքով, աջով՝ խաչը, ձախով՝ գիրքը բռնած: Ընդգծված են դեմքի կնճիռները, երկատված մորուսն ու բեղերը: Հանդերձանքը բարձրաստիճան հոգևորականի զգեստն է՝ շապիկ, փորուրար և շուրջառ:

«Նարեկը» ցույց է տալիս, որ Կիլիկիայում գիրքը հաճախ ծառայում էր անձնական օգտագործման համար: Գրչության հղկվածություն, գրերի հիմնական և երկրորդական մասնիկների անկաշկանդ անցումներ, լուսանցազարդերի, սկզբնատառի և տեքստի սերտ կապ, մեծ և մանր գրերի ճարտար զուգակցում, ոսկու նրբաճաշակ գործածություն. Կիլիկիայում գիրքը ձևավորում է իբրև բարձր մշակույթ, ինչպես ավելի վաղ Կ. Պոլսի բյուզանդական և ավելի ուշ՝ պարսկական գրքարվեստի դպրոցներում:

Վասպուրականի մանրանկարչության դպրոցի նշանավոր ներկայացուցիչ, մանրանկարիչ Ծերուն Ծաղկողի ձեռագրերից մի քանիսում կարելի է հանդիպել նրա ինքնադիմանկարներին, պատվիրատուների դիմանկարներին։ Հատուկ նշանակություն են ստանում Ծերունի կերտած Սուրբ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկարները։ Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում 1391թ. նկարչի կողմից ընդօրինակված «Մատյան ողբերգության» սկզբում պատկերված Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը (ՄՄ 1874): Դիմանկարն ունի նոր պատկերագրություն և հորինվածք: Ձևավոր կամարի ներքո Սուրբ Գրիգոր Նարեկացին ամբողջ հասակով կանգնած է վարդապետական հագուստով և իր հանճարեղ ստեղծագործությունը հանձնում է առջևում ծնկի եկած ձեռագրի պատվիրատուին՝ Սիմեոն ստացողին: Հորինվածքի մաս են կազմում հիշատակարան մակագրությունները, որոնք պատմողական բնույթ են հաղորդում նկարին: Նարեկացու գլխավերևում գրված է. «Սուրբ Գրիգոր Նարեկացին է»: Ստացողի գլխավերևում գրված է. «Սիմէոնն է ստացող սբ. գրոցս»: Եվս մեկ գրություն ձգվում է պատկերների միջև. «Ընկալ ի ձեռաց սրբոյն Գրիգորի և եղիցի հոգոյդ քում ի փրկութիւն»: Նկարչի հիշատակագրությունը գրված է անմիջապես դիմանկարի շրջանակի տակ. «Ով մանկունք սբ. եկեղեցւոյ որք հանդիպեք սմա կարդալով կամ տեսանելով յիշեցէք յերկնագնաց յաղագս ձեր զտառապեալ մեղաւք հոգիս զԾերուն ծաղկողս…»:

Երկու կերպարանքներն էլ գրեթե միանման են պատկերված, երկուսն էլ վանականի զգեստով են: Նարեկացին՝ գիրքը ձեռքին, վեղարով, պարեգոտով, փորուրարով և փիլոնով, Սիմեոնը՝ նույն հանդերձով, առանց փորուրարի: Պահպանված է Սուրբ Գրիգոր Նարեկացու մորուսի երկճյուղ ուրվագիծը, որը բնորոշ էր Հիսուսի պատկերագրությանը: Միաժամանակ բացակայում է Սուրբ Գրիգոր Նարեկացու լուսապսակը:

Մանրանկարի հմայքը Ծերուն ծաղկողի գեղարվեստական լեզվի մեջ է: Մանրանկարիչը կերպարներին օժտել է իր ոճին բնորոշ կենսախինդ բնույթով, կենդանի հայացքներով, որոնք ստեղծված են բիբերի՝ դեպի աչքերի անկյունները թեքվածությամբ, ազատ շարժուձևով: Մի քանի պայծառ լոկալ գույների համադրությունը, սահուն ընդհանրացված ուրվագծերը չներկված մագաղաթի խորքի վրա նույնպես նպաստում են նկարի կենսախինդ տպավորությանը: Այս ոճը, որ մոտ է ժողովրդական արվեստին, պատմողականությունն ու պարզ պատկերագրությունը դիմանկարին հաղորդում են ավելի կենցաղային բնույթ:

Նույն պատկերագրությամբ և ոճով է կատարված Սուրբ Գրիգոր Նարեկացու դիմանկարը մանրանկարիչ Ծերունի կողմից Յովհաննէս կրոնավորի համար գրված և ծաղկած մեկ այլ ձեռագրում (ՄՄ ձեռ. 4938, Մատյան ողբերգության, 1390 թ., Ոստան քաղաք): Սուրբ Գրիգոր Նարեկացին այստեղ պատկերված է միայնակ, երկու ձեռքերը մի կողմ պարզած, կանաչ փիլոնով կարմիր պարեգոտի վրայից և դեղին փորուրարով, կամարի ներքո: Վնասված է մանրանկարի վերնամասը:

XVII-XVIII դդ. գեղանկարչական գործերի մեծ մասը նվիրված է «Տիրամայրը մանկան հետ» թեմային: Որպես ընդունված կարգ՝ մոր և մանկան մոտ լինում են Պետրոս և Պողոս առաքյալները, Սուրբ Ստեփանոսը, Հովհաննես Մկրտիչը, հաճախ նաև Ս. Գրիգոր Լուսավորիչը, նույնիսկ Ս. Գրիգոր Նարեկացին:

Միջնադարյան Ղրիմում՝ Կաֆայում (Թեոդոսիա), պահպանվել է հայկական մի ձեռագիր (1401թ., Մատ. № 3863, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»), որ ընդօրինակել է մանրանկարիչ Նատերի որդի Ստեփանոս քահանան, պատկերազարդել՝ Հովհաննեսը: Չնայած մանրանկարի վատ պահպանվածությանը՝ պատկերագրությունը ընթեռնելի է: Սուրբ Գրիգորը աղերսող ձեռքերը պարզել է դեպի Հիսուսը, որի աջը խաչակնքման դիրքում է, այսինքն՝ օրհնում է Գրիգորին, ձախով բռնել է Ս. Գիրքը: Փաստորեն այստեղ կրկնված է ՄՄ 1568 «Նարեկի» «Գրիգոր հսկողի» պատկերագրությունը՝ հորինվածքային և կերպարային որոշ փոփոխություններով: Խորհրդանշական է, որ գրեթե հավասար դիրքով պատկերված կերպարները ներկայացված են արմավազարդ ոսկյա խորքին և աստղազարդ կապույտ երկինք-հիմքին, այսինքն՝ ոչ երկրի վրա՝ դրախտում, երկնքում: Նրանց ձեռքերը գրեթե հպված են իրար: Դեմքերը ներծծված են ոգեղենությամբ: Նրանք մոդելավորված են գունաստվերներով, սպիտականերկի և ձիթապտղի կանաչ տոներով, որոնք կերպարներին հաղորդում են բյուզանդական սրբապատկերներին հատուկ խորհրդավորություն ու խորություն: Կերպարանքները ծավալային են, ազատ երեք քառորդ դիրքերով, մոդելավորված սահուն գծերով, խոշոր գունաբծերով և ոսկյա ասիստներով: Գունապնակը կազմված է կապույտի, կարմիրի, կանաչի, շագանակագույնի ընտիր համադրությունից, որը, ոսկու հետ միանալով, ստեղծում է մի հնչեղ ակորդ: Ըստ արվեստաբան Է. Կորխմազյանի՝ այդ ժամանակ Կաֆան ջենովացիների ձեռքում էր: Ուստի լույս ու ստվերի և ծավալի զգացողությամբ նկարված պերսոնաժների դեմքին նա տեսնում է ապրումների վառ արտահայտություն, որը համարում է իտալական նախավերածննդի ազդեցության արդյունք: Բայց պալեոլոգյան ազդեցությունն այդ ձեռագրի մանրանկարներում ևս զգալի է:

Մատենադարանի թիվ 1568 ձեռագրում ձևավորվում է նաև Գրիգոր Նարեկացու դեմքի և արտաքինի նկարագիրը: «Կոմնենյան» տիպի դեմքը օժտված է վառ անհատական բնութագրով՝ իր ազգային գծերով. մեծ, սև, խորունկ աչքեր կամարաձև հոնքերի տակ, երկար արծվաքիթ, փոքր բերան բեղերով և դեմքը շրջապատող կարճ մորուս: Այս անհատական դիմանկարը խիստ տարբերվում է միջնադարում ընդունված, այդ թվում սրբերի ընդհանրական պատկերներից և վկայում է Կիլիկիայում գեղանկարչական դիմանկարի գոյության մասին:

Բարձր Հայք նահանգի Ավագ վանքում 1336 թվականին գրվել և պատկերազարդվել է «Մատյան ողբերգության» ձեռագիրը (Մ. 2088), որն ունի Սուրբ Գրիգոր Նարեկացու դիմանկարը: Հեղինակի անունը չի պահպանվել, հայտնի է միայն գրչի անունը՝ Ստեփաննոս Տյուրիկեցի, որը կարող էր լինել նաև մանրանկարիչը: Պատկերը խիստ տարբերվում է կիլիկյան «Նարեկից»: Այն զուսպ է, համեստ, առանց ոսկու (լուսապսակը պարզ դեղին գույնով է ծածկված) և գեղանկարչության բազմաշերտության, ինչը կարելի է որակել ավելի շուտ որպես գունավորած գրաֆիկա, քան գեղանկարչություն: Մի քանի պարզ լոկալ գույներով և հստակ գծանկարով վերստեղծված է բարձրաստիճան հայ վանականի կերպարը՝ վեղարով, շուրջառով, փորուրարով և շապիկով՝ նեյտրալ կանաչ խորքին: Ձեռքին գավազան է, ձախով գիրքն է պահել, որի վրա Սուրբ Գրիգոր Նարեկացու տեքստն է «Մատյանից»: Պատկերը մակագրված է: Վերնամասում խորքն ունի սրբերի պատկերագրությանը բնորոշ կամար՝ ձևավոր խորան, որն այնքան նուրբ գծով է նկարված, որ գրեթե չի երևում: Նուրբ, մաքուր, անընդհատ գծով պատկերված է և դեմքը՝ մեծ աչքերով, մորուսով ու բեղերով, որն անձնավորված չէ և բնորոշ է սրբերի միջնադարյան պատկերներին: Կերպարանքը բարեկազմ է, ձգված համաչափություններով, ինչը պատկերին հաղորդում է ազնվություն: Այն կարելի է որակել որպես տիպիկ միջնադարյան ընդհանրացված դիմանկար:

1431 թվականի «Մատյան ողբերգության» (ՄՄ 1569) Գրիգոր Նարեկացու պատկերը (Անկեղակոյտ (Սյունիք), գրիչ՝ Մաթեոս) պարզունակ է, հարթային, պայմանական, իր գծային սխեմատիկ բնույթով ավելի նման է մանկական նկարի: Հորինվածքով և պատկերագրությամբ յուրովի վերարտադրում է ՄՄ 1568 կիլիկյան «Նարեկի» ծնրադիր Սուրբ Գրիգոր Նարեկացու դիմանկարը: Կապույտ խորքին, երկնակամարի սեգմենտի առկայությամբ, զբաղեցնելով մանրանկարի մեծ մասը, ներկայացված է Քրիստոսը՝ կարմիր թիկնոցով պարեգոտի վրայից, օրհնող աջով, գիրքը ձախ ձեռքում: Ծնրադիր Սուրբ Գրիգոր Նարեկացին՝ չափազանց փոքր չափերի, նրա ոտքերի տակ է, մեզ համար ձախ անկյունում, վանականի սև խույրով և փիլոնով: Նա գրեթե շրջանակից դուրս է պատկերված՝ ասես չհամարձակվելով կիսել Հիսուսի հետ նույն տարածությունը: Շրջանակին և նրանից դուրս որոշ կերպարների պատկերումը ի հայտ է գալիս Կիլիկիայում 13-րդ դարում, այն հայտնի է եղել նաև Արևմուտքում և Բյուզանդիայում, և ահա 15-րդ դարում հայտնվում է նաև այս ձեռագրում: Դեմքերն ընդհանրացված են, մեծ աչքերով, Սուրբ Գրիգոր Նարեկացին կիսադեմով է: Գույները վառ են, սակավ և հակադիր՝ կարմիր, կապույտ, սպիտակ: Անշուշտ, պատկերն ունի գավառական բնույթ և ստեղծվել է մշակութային կենտրոններից հեռու վանքերից մեկում: Այդուհանդերձ, մանրանկարիչը ծանոթ է եղել Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերման ավանդույթին:

ՄՄ 5650 ժողովածուն՝ ստեղծված 15-րդ դարում (ստեղծման վայրը հայտնի չէ), ունի Սուրբ Գրիգոր Նարեկացու երկու դիմանկար: Մատյանը բացվում է ընծայական մի պատկերով, որը Սուրբ Գրիգոր Նարեկացուն ներկայացնում է նորովի, որպես պոետի՝ Տիրամոր առջև, ծնրադիր, գիրքը նվիրաբերելիս: Մանրանկարի պատկերագրությունը գալիս է միջնադարյան և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում տարածված «դոնատորական դիմանկարներից»: Այդ պատկերներում կայսրերը և կայսրուհիները, իշխանները պատկերվում էին իրենց աստվածահաճո գործունեության պտուղը՝ օրինակ տաճարի մոդելը, Քրիստոսին կամ Տիրամորը նվիրաբերելիս, կամ էլ պատվիրատուն իր պատվիրված գիրքը Քրիստոսին կամ Տիրամորը նվիրելիս: Այդ դիմանկարն այստեղ վերաիմաստավորված է և պատկերում է ոչ թե պատվիրատուին Քրիստոսի կամ Տիրամոր առջև, այլ Սուրբ Գրիգոր Նարեկացուն Աստվածածնին իր «Մատյանը» ընծայելիս:

Ինչպես ՄՄ 1569 ձեռագրում Քրիստոսի պատկերը, այնպես էլ այստեղ Տիրամայրը Մանկան հետ զբաղեցնում է մանրանկարի մեծ մասը, իսկ Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը՝ ծնրադիր, գիրքը դեպի Մարիամն ուղղած ձեռքերում բռնած, անկյունում է (մեզ համար ձախ), վերստին փոքր չափերի և սեփական շրջանակ-տաճարիկի մեջ: Այսպիսով, այստեղ էլ է շեշտված պոետի՝ երկրավորի նվաստ լինելու գաղափարը: Տաճարիկը, որի մեջ է ամփոփված Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարանքը, ստեղծել է շրջանակված փոքր մանրանկար մեծ մանրանկարի մեջ: Այդ հնարքով բանաստեղծի կերպարը որոշ չափով ստացել է ինքնուրույն բնույթ, կոնկրետացվել է նրա գոյության վայրը, այն է՝ տաճարը: Շեշտվել է երկու կերպարների ներկայության հարթության տարբերությունը. Երկինքը՝ Տիրամոր համար, տաճարը՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու:

Մանրանկարն ունի գեղեցիկ դեկորատիվ սիմվոլիկ լուծում, որը հաստատում է վերը նշված տարբերությունը: Պատկերները ուրվագծված են ոսկեներկով: Աստվածածինը վարդագույն ծածկոցով է՝ մաֆորիոնով, որը ծածկում է նրա գլուխն ու մարմինը կապույտ պարեգոտի վրայից: Մանուկ Հիսուսը մերկ է, օրհնող աջով, գալարակը՝ ձախ ձեռքում: Խորքը կապույտ է և ոսկյա բուսազարդ նախշերով՝ Տիրամոր պատկերի հատվածում, խորհրդանշելով երկնայինն ու աստվածայինը: Տաճարիկի ներսում խորքը կանաչ է՝ բուսազարդերով, իսկ կանաչը երկրայինի խորհուրդն է, նաև դրախտի այգու խորհուրդը: Սուրբ Գրիգոր Նարեկացին ոսկեթել շուրջառով է և ոսկյա լուսապսակով:

Տվյալ մանրանկարում կերպարների կատարումը թողնում է երկակի տպավորություն: Մի կողմից տեսանելի է, որ հեղինակը փորձել է կերպարներին մոդելավորել բնական ձևերին մոտ, դեմքերը պատկերել գեղեցիկ, Սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ որոշ չափով անհատականացված: Դիմագծերը հստակ ուրվագծված են, շեշտված են սև մեծ աչքերը՝ թեքված բիբերով, Սուրբ Գրիգոր Նարեկացու բեղն ու մորուսը: Մյուս կողմից աչք են զարնում Մանկան անհամաչափ մոդելավորված ուսերը և Տիրամոր՝ չարդարացված մեծ ձեռքերը, հատկապես աջը, որով (կանոնին ոչ լրիվ համաձայն դիրքով) ցույց է տալիս Մանկանը: Աջ ձեռքի տվյալ դիրքով Մանկան հետ Աստվածածնի պատկերը ձեռք է բերում Օդիգիտրիա պատկերագրական տիպը: Հնարավոր է, որ ձեռքերի անհամաչափ մեծ պատկերումը բացատրվում է տվյալ պատկերագրական տարբերակի համար ձեռքերի կարևորությամբ:

ՄՄ 5650 ժողովածուն 1760 թվականին Լիմում ստանում է արծաթյա ոսկեջուր նոր կրկնակազմ, որի ստորին փեղկին դրվագվում և փորագրվում է վերը նկարագրված Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերը Տիրամոր առջև՝ իր գիրքը նվիրաբերելիս: Սակայն այստեղ ոճականորեն այն մեկնաբանված է ավելի իրապաշտական ձևերով, բարոկոյին բնորոշ բուսական ոլորազարդերով: Կերպարանքների մոդելավորումը ավելի պլաստիկ է, ծավալային: Զուգահեռ սահուն գծերը և՛ մոդելավորում են, և՛ ստեղծում դեկորատիվ ու երաժշտական ռիթմ: Փոփոխություններ են կատարված և պատկերագրության մեջ: Տիրամայրը ներկայացված է թագը գլխին՝ որպես Երկնային թագուհի: Աստվածածնի աջ ձեռքը այլևս ուղղված չէ Մանկանը. այն նրբորեն գրկում է Նրան: Փոփոխված է և Սուրբ Գրիգոր Նարեկացու պատկերագրական տարբերակը: Նա կանգնած է, այլ ոչ՝ ծնրադիր:

Գրաֆիկական ձևավորում ունի 1617 թ. Սուրբ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» (Իլով (Լվով), գրիչ՝ Սրապիոն, ՄՄ 3051) ձեռագիրը բացող դիմանկարը, որը ճշտությամբ կրկնում է Կաֆայում ստեղծած 1401 թվականի մատյանի (ՄՄ 3863) Գրիգոր Նարեկացու պատկերը Քրիստոսի առջև: Սակայն այս պատկերը զուրկ է այն բարդ ու բազմաշերտ խորհրդաբանությունից, որով օժտված էր Կաֆայի մատյանի դիմապատկերը:

Ուշագրավ է այս շրջանի պատկերներից 1627 թ. Ժողովածուի՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու փոքր դիմանկարը (Վարագ, գրիչ՝ Սահակ աբեղա, ՄՄ ձեռ. 5324), որը, տեքստի հետ համադրված, սյունակի վերնամասը զբաղեցնող մանրանկար է: Մանրանկարը ներկայացնում է Սուրբ Գրիգորին՝ անհատականացված դիմագծերով, ոսկյա լուսապսակով, վեղարով, փիլոնով, խաչազարդ փորուրարով և պարեգոտով՝ կապույտ խորքին ու կանաչ հիմքին: Աջը օրհնող դիրքով է, ձախ ձեռքով պահում է ոսկյա գիրքը: Սա և՛ վանականի, և՛ սրբի պատկերագրությունն է: Ոճը գծային է, լոկալ սառը տոներով, հարթային, ճիշտ համաչափություններով:

ՄՄ 5852 Գրիգոր Նարեկացու 1662 թ. «Մատյան ողբերգության» (Դաշտ գյուղ (Մոկաց երկիր) ձեռագրի գրիչ և ծաղկող Թումա քահանան իր կողմից նկարված Գրիգոր Նարեկացու պատկերում հետևում է Ծերունի 1391 թվականի պատկերագրական և ոճական տարբերակին (ՄՄ ձեռ. 1874): Ձևավոր «սելջուկյան շղթա» կոչվող զարդանախշ կամարի ներքո Գրիգոր Նարեկացին պատկերված է որպես վանական իր առջև ծնրադիր մանրանկարչի հետ: Գեղանկարը պարզ է, կատարված է մոդելավորող գծով և մի քանի պայծառ լոկալ գույներով՝ նույնպես գծային դրված:

Հայ վանականի առօրյա հագուստով՝ սև վեղարով և սև սքեմով, իր խցում գիրք կարդալիս է պատկերված Սուրբ Գրիգոր Նարեկացին 1672 թ. (Վան, գրիչ՝ Մարտիրոս լուսարար, ՄՄ 5655) «Մատյան ողբերգության» դիմանկարում: Պատկերի մեջ զգացվում է իրապաշտական նկարչության ազդեցությունը:

ՄՄ ձեռ. 5087 1694 թ. Ժողովածուի (Կտուց անապատ, գրիչ՝ Հայրապետ կրոնավոր Մահմուտանցի) պատկերը հետևում է նախորդ ժամանակաշրջանի այն դիմանկարներին, որոնք ներկայացնում են Սուրբ Գրիգորին՝ Տիրամոր առջև գիրքը ընծայելիս:

1751թ. Էջմիածնում պատկերազարդված ձեռագրում (ՄՄ 776), փորձ է արվել նորովի ներկայացնել Նարեկացուն: Մանրանկարը կատարված է հաստոցային նկարի օրինաչափություններով, ունի հեռանկար, մի քանի պլաններ, միջավայր, պատմողականություն: Հետին պլանում Վարագավանքն է՝ երկնքից ճառագայթների ներքո առկայծող Վարագա Խաչով: Կենտրոնում գետն է՝ նավակով և կամրջով, իսկ առաջին պլանում՝ անկյունում, իր «Մատյանը» գրող վանական Նարեկացին:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում