Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց

Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց

– Հա՛յր, փորձությունները միշտ ի օգուտ մարդկանց են լինո՞ւմ:

– Կախված է այն բանից, թե մարդն ինչպես է փորձություններին վերաբերվում: Նրանք, ովքեր բարի տրամադրվածություն չունեն՝ սկսում են հայհոյել Աստծուն փորձությունների ժամանակ: «Ինչո՞ւ դա ինձ հետ պատահեց,- տրտնջում են այդպիսի մարդիկ,- Տե՛ս, ախր ուրիշների մոտ ամեն ինչ այնքա՜ն լավ է: Ի՞նչ Աստված է, որ թույլ է տալիս այս ամենը»: Այդպիսի մարդիկ «մեղա՜ Քեզ Տեր» չեն ասում, բայց տանջվում են: Իսկ բարեպաշտ մարդիկ շնորհակալություն են հայտնում Աստծուն այսպես. «Փա՜ռք Աստծու: Այս փորձությունն ինձ Նրան մոտեցրեց: Աստված դա իմ բարօրության համար թույլ տվեց »: Առաջ այդպիսի մարդիկ կարող էին ընդհանրապես եկեղեցի չգնալ, սակայն փորձություններից հետո նրանք սկսում են գնալ եկեղեցի, խոստովանել իրենց մեղքերն ու Սուրբ Հաղորդություն ստանալ: Դրանից բացի, Աստված հաճախ շատ խստասիրտ մարդկանց այնպիսի բարեպաշտության է հասցնում փորձությունների միջոցով, որ նրանք շրջվում են հարյուր ութսուն աստիճանով և իրենց արարքների համար սարսափելի ցավ են ապրում ու տանջվում են:

– Հա՛յր, երբ մեզ մոտ ամեն բան կարգին է, ապա պետք է «Փա՜ռք Քեզ, Տեր» ասե՞նք:

– Այո՛, եթե ուրախության պահին «Փա՜ռք Քեզ, Տեր» չասենք, ապա ինչպե՞ս կարող ենք վշտի պահին ասել: Ի՞նչ է, դառնության պահին շնորհակալ ես լինում Աստծուց, իսկ խնդության պահին չե՞ս ուզում երախտագիտությունդ հայտնել: Դե իհարկե, եթե մարդն անշնորհակալ է, ապա Աստծո սերն անծանոթ է նրան: Երախտամոռությունը մեծագույն մեղք է: Ինձ համար դա մահացու մեղք է: Ապերախտ մարդը ոչնչով չի բավարարվում, նրան ոչինչ ուրախություն չի պատճառում: Ամեն առիթով տրտնջում է: Ամեն ոք ու ամեն ինչ մեղավոր է նրա առջև: Իմ հայրենիքում, Ֆարասում, որպես քաղցրավենիք շատ էին սիրում խաղողի խյուսը: Եվ ահա, մի անգամ գիշերը մի աղջիկ սկսեց լաց լինել, որովհետև այդ խյուսից էր ուզում: Ի՞նչ անել: Նրա մայրը ստիպված էր հարևանների տուն գնալ ու խնդրել: Մի քիչ ուտելուց հետո, աղջիկը նորից սկսեց լաց լինել, ոտքերով հատակին դոփել ու բղավել. «Մայրի՜կ, թթվասեր էլ եմ ուզում»: «Աղջիկս, ախր այս ուշ ժամին որտեղի՞ց թթվասեր գտնեմ քեզ համար»,- հարցրեց մայրը: Ո՛չ, «թթվասեր եմ ուզում» ու վերջ: Ի՞նչ անել: Խեղճ մայրը հարևանուհու մոտ գնաց ու պարտքով թթվասեր խնդրեց: Թթվասերը փորձելով՝ աղջիկը կրկին լաց եղավ: «Հիմա ինչո՞ւ ես լաց լինում»,- հարցրեց մայրը: «Ուզում եմ, որ դրանք իրար խառնես»: Դե ինչ, վերցնում է մայրը քաղցրահյութն ու թթվասերը և իրար է խառնում: Բայց աղջիկը միևնույն է լաց է լինում. «Մայրի՜կ, չեմ կարող դրանք միասին ուտել: Ուզում եմ առանձնացնես»: Եվ այստեղ մորն այլևս ոչինչ չէր մնում անելու, քան աղջկան մի լավ ապտակելը: Ա՜ռ քեզ թթվասերն ու խախողի խյուսն առաձնացնելը:

Ուզում եմ ասել, որ որոշ մարդիկ իրենց այս աղջկա պես են պահում և այդժամ Աստծո պատիժն է գալիս նրանց վրա: Գոնե մեր երախտամոռությունն ընդունելով՝ պետք է օր ու գիշեր շնորհակալություն հայտնենք Աստծուն այն օրհնությունների համար, որ տալիս է մեզ: Այսպես վարվելով մենք վախկոտ բանսարկուտի ոտքն են կոխ տալիս, ով իր բոլոր դևերին հավաքելով՝ չքանում է սև ծխի պես, որովհետև (ընդունելով մեր ապերախտությունն ու շնորհակալ լինելով Աստծուն Իր օրհնությունների համար) մենք սատանայի ցավոտ տեղին ենք խփում:

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում