Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը

Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը

Քեզ կարոտելը սովորություն էր…
Հետո եկավ գիշերը,
որ ծանրացավ մարմնիս
բոլոր գաղտնարաններում.
գիշերը հազարաձեռք էր:
Քեզ սպասելը սովորություն էր,
քեզ փնտրելն էլ՝
գրքերի գրպաններում,
ոտնաձայների քաղաքում.
իսկ դու անձայն ես մոտենում,
քեզ մեղքի հոտոտելիքով է միայն
զգալ կարելի:
Ժամանակի անիմաստ կորուստ է
քեզ ատամներով, շուրթերով,
բոլոր մարմնամասերով
պահելը.
գնացքները մեկնում են
երկու րոպեն մեկ,
կայարանները լիքն են չսպասողներով,
չլացողներով, չմայրացողներով
ու անթիվ չ-երով,
ու դու էլ ես սովորական,
հեռացողների մեջ:
Քաղաքը, որտեղ դու չկաս,
պիտի այրվի…

Սկղբնաղբյուրը՝ Cultutal.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում