Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը

Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը

«Մի՛ սպանիր» պատվիրանը պահանջում է պաշտպանել մերձավորի կյանքը և նրա ապրելու իրավունքը, քանի որ Աստված է կյանք պարգևում և Աստված էլ կարող է այն վերցնել: Կյանքից զրկելն ամենասարսափելի հանցագործություններից է. եթե գողացվածը հնարավոր է վերադարձնել և ներում խնդրել, մարմնական վնասվածք ստացածը կարող է բուժվել, սակայն կյանքն այլևս հնարավոր չէ վերադարձնել, միայն զղջումով և ապաշխարությամբ է հնարավոր այս մեղքից ազատվել: Շատ մարդկանց մոտ այն թյուր համոզումն է, որ եթե տասը պատվիրաններից որոշ պատվիրաններ չեն պահել, օրինակ՝ Աստծո անունը երբեմն ի չարն են գործածել, ծնողներին չեն պատվել, Տերունի օրը սուրբ չեն պահել, բայց «մի՛ սպանիր»-ը (Ելք 20:13) երբեք չեն խախտել: Սովորաբար այս պատվիրանը մարդիկ թերի են ըմբռնում, որովհետև սպանություն ասելով հասկանում են միայն ֆիզիկական սպանությունը, սակայն գոյություն ունի վեցերորդ պատվիրանի անուղղակի խախտում: Շատերը մտածում են, որ եթե որևէ մեկին սրով, դանակով, բռունցքով չեն սպանել, մարդասպան չեն համարվում: Այնինչ մարդուն կարելի է նաև խոսքով էլ սպանել. սուր հեգնանքը, ծաղրը, չարանենգ արտահայտությունները երկսայրի սրից պակաս չեն կտրում: Արդարացի է նկատում Հակոբոս առաքյալը. «Նույնպես և լեզուն. թեև մի փոքր անդամ է, բայց մեծամեծ բաներով է պարծենում: Գիտեք, որ փոքր մի կայծ կարող է հրդեհել հսկա մի անտառ: Լեզուն էլ կրակ է, անիրավության մի աշխարհ: Թեև մարմնի պարզ մեկ անդամն է, բայց ապականում է ամբողջ մարդուն և գեհենի կրակով բորբոքված՝ կրակո՛վ է վառում մեր ամբողջ կյանքը» (Հակոբ. 3:5-6):

Մարմնական սպանությունից բացի ոչ պակաս սարսափելի է հոգևոր սպանությունը, երբ ինչ-որ մեկը գայթակղեցնում է կամ դրդում՝ մեղք գործելու՝ կործանման տանելով դիմացինի հոգին: Փրկիչն ասել է. «Եվ ով որ իմ անունով մի այդպիսի մանուկ ընդունի, ի՛նձ ընդունած կլինի: Ով որ ինձ հավատացող այս փոքրիկներից մեկին գայթակղեցնի, լավ կլիներ, որ գայթակղեցնողի վզից մի մեծ երկանաքար կախվեր և նետվեր ծովի խորքը՝ ընկղմելու համար: Վա՜յ աշխարհին, քանի որ գայթակղություններն անպակաս են այնտեղ: Գայթակղություններ անպայման պիտի պատահեն, բայց վա՜յ այն մարդուն, որի ձեռքով ուրիշները գայթակղության մեջ կընկնեն» (Մատթ. 18:5-7): Հոգևոր սպանության արդյունքում կորչում են սերը, ուրախությունը, երջանկությունը, խաղաղությունը, հույսը և մնում է միայն զայրույթ, հուսահատություն, նախանձ և վիշտ:

Մարդասպանություն է համարվում, երբ դիմացինին դիտմամբ ծանր աշխատանքի են ենթարկում, երբ զլանում են հիվանդին կերակուր տալ, անուշադիր են նրա նկատմամբ, երբ ընկերոջը վատ բան են սովորեցնում, լինի դա շռայլություն, արբեցություն, թե՝ թղթախաղ, երբ մարդիկ իրենց վատ սովորությունների, մեղքերի պատճառով կրճատում են իրենց կյանքը և վնասում իրենց առողջությունը: Վեցերորդ պատվիրանի խախտում է նաև, երբ նպաստում են սպանության իրականացմանը: Օրինակ՝ ամուսինը կնոջը չի համոզում հրաժարվել աբորտից կամ էլ ինքն է դրդում մանկասպանության: Ո՛չ հայրը և ո՛չ էլ մայրը իրավունք չունեն երեխային կյանքից զրկել, քանի որ ծնողները կյանք չեն տալիս, այլ Աստված՝ ծնողների միջոցով: Եվ քանի որ ծնողները կյանք չեն տալիս, ապա իրավունք չունեն այն վերցնելու: Մերձավորի դեմ ցանկացած գործողություն կամ գործ, որը հանգեցնում է նրա մահվանն անմիջապես կամ աստիճանաբար, հավասարազոր է սպանության: Երանելի Օգոստինոսն ասում է. «Մի՛ կարծիր, թե դու մարդասպան չես, եթե մերձավորիդ դրդում ես մեղանչելու, ապականում ես նրա հոգին և առևանգում նրանից այն, ինչ պատկանում է հավերժությանը»:

Եթե կամենում ենք զգուշանալ մարդասպանությունից, ապա պիտի զգուշանանք այն մտքերից, որոնցից ծագում է սպանությունը, օրինակ՝ բարկությունից, ատելությունից, նախանձից, ագահությունից, չարախնդությունից, վրեժխնդրությունից և այլն: Քրիստոս ասում է. «Լսել եք, թե ինչ է ասվել անցյալում. «Մի՛ սպանիր, որովհետև ով սպանում է, պիտի դատապարտվի»: Իսկ ես ձեզ ասում եմ, ով որ առանց պատճառի բարկանա իր եղբոր վրա, պիտի հանձնվի դատարանի: Ով որ իր եղբորը հիմար կոչի, ատյան պիտի բերվի, և ով որ իր եղբորն անմիտ կոչի, պիտի դատապարտվի դժոխքի կրակին: Եթե զոհասեղանի վրա քո ընծան Աստծուն մատուցելու ժամանակ հիշես, թե եղբայրդ վշտացել է քեզնից, քո ընծան զոհասեղանի առա՛ջ թող, գնա նախ հաշտվի՛ր եղբորդ հետ և ապա ե՛կ, քո ընծան մատուցի՛ր Աստծուն» (Մատթ. 5:21-24): Ուրեմն զգուշանանք բարկությունից, որովհետև «Իմացե՛ք, որ մեր բարկանալով չենք կարող Աստծո արդար ծրագիրն իրականացնել» (Հակոբ. 1:20): Բարկությունը գազանի է նմանվում. հենց նա շղթան կտրեց, հետևանքն էլ վնասակար պիտի լինի, այդ պատճառով Աստծո խոսքն ասում է. «Նույնիսկ երբ բարկանաք, չլինի թե մեղանչեք, և բարկացած չմնաք մինչև երեկո» (Եփես. 4:26): Երկարատև բարկությունն իսկույն ատելության է փոխարկվում, իսկ ով ատում է իր եղբորը՝ մարդասպան է, և գիտեք, որ ամեն մարդասպան հավիտենական կյանք չունի իր մեջ (Ա Հովհ. 3:15): Պետք է զգուշանալ նախանձից, քանի որ այն ատելության ամենօրյա կերակուր է: Անհրաժեշտ է զգուշանալ վրեժխնդրությունից, չմտածենք այդ մասին, ինչպես Սուրբ Գիրքն է հորդորում. «Սիրելինե՛ր, վրեժ լուծելու մասին երբեք մի՛ մտածեք, այլ թողե՛ք, որ Աստծո բարկությունը կատարի այն» (Հռոմ. 12:19): Առհասարակ, դառն արմատներից քաղցր պտուղներ չենք կարող ակնկալել, քանի որ դրանք խեղդում են մեր մեջ բոլոր բարի ձգտումները: Այդպիսի արմատներն անհրաժեշտ է անմիջապես կտրել ու դեն նետել, այլապես ինչքան երկար թաքցնենք, այնքան դժվար կլինի դրանց արմատախիլ անելը:

Այս պատվիրանը խախտում է նվաճողական նպատակով պատերազմող երկիրը, իսկ պաշտպանվող երկրի համար պատերազմի դաշտում սպանելը չի դիտվում որպես մարդասպանություն:

«Մի՛ սպանիր» պատվիրանը խախտում են նրանք, ովքեր խլում են իրենց իսկ կյանքը: Ոչ ոք իրավունք չունի ձեռք բարձրացնել իր կյանքի դեմ: Ինքնասպանությունն ապստամբություն է Աստծո դեմ, Ով մեզ է տվել կյանքի թանկագին պարգևը: Մեր կյանքն Աստծո ձեռքում է և իրավունք չունենք այն դադարեցնելու, երբ ցանկանանք: Ինքնասպանություն գործելիս մարդը մահանում է հուսահատությամբ: Նա այլևս չի կարող ապաշխարել այս մեղքից, քանի որ գերեզմանում ապաշխարություն չկա: Մարդն իր սեփական կամքով իրեն դատապարտում է հավիտենական տառապանքի: Սա նման է նրան, երբ մարդու մատը մի փոքր վնասվի, իսկ նա բուժելու փոխարեն կտրի ամբողջ մատը, մի՞թե դրանից հետո ցավը կդադարի, իհարկե՝ ոչ: Այդպես է և ինքնասպանությունը: Հոգու ուժեղ ցավից կամ մարմնի հիվանդությունից մարդն իրեն զրկում է կյանքից, բայց նա ոչնչացնում է միայն իր մարմնական կյանքը: Հոգին չի կարող ոչնչացվել, հոգին անմահ է: Հետևաբար, մարդու հին ցավը մնում է և ինքնասպանությամբ ցավը դեռ ավելանում է: Խնդիրը ոչ միայն չի լուծվում, այլև ավելանում է հազարավոր անգամներ և ընդմիշտ:

Քրիստոս բոլորիս գեղեցիկ օրինակ ցույց տվեց: Ի հակադրություն չարի և վրեժխնդրության՝ Տերը սովորեցրեց Իր հետևորդներին սիրել բոլոր մարդկանց, այդ թվում նաև թշնամիներին. «Իսկ ես ձեզ ասում եմ. -Սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթեցե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ» (Մատթ. 5:44): Նա հարթեց Իր ճանապարհը և մեզ պատվիրեց հետևելու Իր շավիղին: Նա առաջնորդում է մեզ դեպի մի վսեմ ու երջանիկ կյանք: Քրիստոս Իր սիրո զորությամբ հաղթեց չարին, սիրո այդ զորությամբ Իր կյանքը զոհեց, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենանք: Ում մեջ Քրիստոսի այդ սերը կա, այդպիսին համբերատար է, քաղցրաբարո, չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-6): Ում մեջ Քրիստոսի այդ սերը կա, այդպիսին ոչ ոքի մարմնին վնաս չի հասցնի, մարդասպանության, եղբայրասպանության մտքերը կանհետանան նրա միջից, խաթարված խաղաղությունը կվերականգնվի, վեճերը, բարկությունը կհանդարտվեն:

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում