Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում

Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և Տավուշի մարզային հեռուստաընկերության ( Տավուշ-TV) գլխավոր պրոդյուսեր Նիկոլայ Գրիգորյանը 2020 թվականի հունիսի 1-ին ստորագրեցին համագործակցության Հուշագիր։ Ազգային կինոկենտրոնից հայտնում են, որ համագործակցության նպատակն է հայկական կինոն հասանելի դարձնել երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում՝ ապահովելով մարզերում մշակութային արտադրանքի (ֆիլմերի) հասանելիությունն ու մատչելությունը, հաղոդակից դարձնելով մարզերի բնակչությանը ժամանակակից կինոպրոցեսներին։

Տավուշի մարզը Հայաստանի հեռավոր սահմանապահ բնակավայրերից է և տեղի սահմանամերձ գյուղերում հայկական ժամանակակից ֆիլմերի ու մեր կինոժառանգության նմուշների շարունակական ցուցադրումները չափազանց կարևոր են։

Հուշագրի վավերացման օրը՝ հունիսի 1-ը, պատահական չէր ընտրվել․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնը պատրաստել էր մանկական ֆիլմերի և մուլտերի զանազան փաթեթներ, որոնք էլ ցուցադրության համար՝ նույն օրը, փոխանցվեցին Տավուշ-TV-ին։

Հուշագրի համաձայն, Հայաստանի ազգային կինոկենտրոնն այսուհետ ցուցադրության նպատակով, պարբերաբար Տավուշ TV-ին կտրամադրի ֆիլմերի փաթեթներ (գեղարվեստական, վավերագրական, անիմացիոն, գիտահանրամատչելի, մանկական և այլն)՝ իրենց օրինակներով։

Հաջորդիվ, Հայաստանի ազգային կինոկենտրոնը նախատեսում է կազմակերպել բացօթյա ցուցադրություններ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում, երբ կնահանջի համաճարակը, և հնարավոր կդառնան ազատ շփումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում