Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները

Ամփոփվել են «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնած «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթում առաջին տեղն են զբաղեցրել 11-ամյա Վարդգես Մկրտչյանը և 12-ամյա Արմինե Ավետիսյանը, որոնց ստեղծագործությունները համացանցում հավաքել են հավանումների գրեթե հավասար քանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի արդյունքները հրապարակվել են օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Սիրելի փոքրիկներ, բոլորիդ աշխատանքները մեզ այնքան են հիացրել, որ մենք որոշեցինք փոքր-ինչ փոխել մրցույթի ի սկզբանե հայտարարված կանոնները և ավելացնել ևս 2 մրցանակ՝ 2-րդ և 3-րդ հորիզոնականներում գտնվող աշխատանքների հեղինակների համար։ Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է 11-ամյա Սերժ Իշխանյանը, իսկ
երրորդը՝ 13-ամյա Նարե Իսահակյանը»,-ասվում է թատրոնի տարածած հայտարարությունում:

Թատրոնը սահմանել է հատուկ մրցանակներ իննամյա Խոսրով Գևորգյանի, տասնամյա Վահե Սահակյանի, 12-ամյա Յանա Խաչատրյանի, 13-ամյա Սարգիս Նալբանդյանի և 13-ամյա Մերի Խաչատրյանի համար:

Մրցույթի ամենափոքր մասնակցի՝ չորսամյա Ելենա Եփրեմյանի համար նույնպես մրցանակ է սահմանվել:

«Սիրելի փոքրիկներ, խնամքով պահեք ձեր գեղեցիկ աշխատանքները, քանի որ թատրոնի գործունեությունը վերսկսելուց անմիջապես հետո թատրոնի ճեմասրահում կկազմակերպվի ձեր աշխատանքներով ժամանակավոր ցուցադրություն։ Եվս մեկ անգամ հայտնում ենք մեր խորին շնորհակալությունը բոլոր մեր փոքրիկներին և մաղթում պայծառ, լուսավոր ու անհոգ մանկություն։ Մինչ հանդիպում մեր սիրելի թատրոնում»,-ասվում է հաղորդագրությունում:

Մրցանակակիրները պետք է իրենց հեռախոսահամարները և/կամ էլ. հասցեները ուղարկեն հետևյալ էլ. հասցեով՝ [email protected], որպեսզի թատրոնից կարողանան կապ հաստատել երеխաների հետ մրցանակները հանձնելու համար: Վերջնաժամկետը՝ հունիսի 12-ը ներառյալ:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը նախաձեռնել էր «Թատրոնը երեխաների աչքերով» նկարչական մրցույթը:

Ըստ մրցույթի պայմանների՝ նկարում պետք է պատկերվեր այն ամենը, ինչը կապված է օպերային թատրոնի հետ՝ լինի դա թատրոնի շենքը, բեմը, դահլիճը, արտիստները թե հանդիսատեսը, երգչախումբը, նվագախումբը, դրվագներ օպերային կամ բալետային ներկայացումներից: Գործերը կարող էին նկարված լինել ցանկացած միջոցով՝ մատիտ, գուաշ, ջրաներկ, յուղաներկ և այլն։ Աշխատանքները անհրաժեշտ էր հրապարակել թատրոնի պաշտոնական էջին կից ստեղծված խմբում՝ նշելով անունը, ազգանունը և տարիքը։

Անժելա Համբարձումյան

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում