Ավետիք Իսահակյան. Հայրենիքիս

Ավետիք Իսահակյան. Հայրենիքիս

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել խորհում եմ սրտիս մեջ լռին –
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող – եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում