USD
EUR
RUB

Ա Պետրոս 1.11

 

11. Որք վասն որոյ ի ձեզ լինելոց էին շնորհքն՝ մարգարէանային, ասէ. Քննէին յորում և յորպիսի ժամանակի գուշակէր ի նոսա Հոգին Քրիստոսի:

Որոնք մարգարեանում էին այն շնորհի մասին, որ վիճակված էր ձեզ: Քննում էին, թե որ և ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին:

Թեև ասում է, թե առակներով էին մարգարեների խոսքերը և օրինակով էին խոսում, այլև մարգարեանում էին այն շնորհների մասին, որ ձեր մեջ լինելու էին Քրիստոսի միջոցով: Քանզի, որքան էլ ի դեմս ժողովրդի պատգամներ էին խոսում նրանց Բաբելոնում գերության մեջ գտնվելու մասին և Բաբելոնից ազատության, սակայն այդ ամենն այլ բան էր նշանակում, ինչպես որ Պողոսն է ասում. «Եվ այս բոլորն իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց որպես խրատ գրվեց մեզ համար» (Ա Կորնթ. 10:11)` խորհրդանշելով մեր գերությունը բռնավորի կողմից՝ մեղքի չար խառնակությամբ, և նորից՝ մեր ազատությունը հաստատվեց ոչ թե Զորաբաբելի միջոցով, այլ՝ Քրիստոսի, և ոչ էլ մեր երկրավոր քաղաքի և տաճարի շինությունը, կրոնի ու հայրենիքի վերստին նորոգումը նրանց նման եղավ, այլ պետք է հասկանալ, որ մեր գավառն ու քաղաքը ողջերի երկիրն է, որի վրա մահ զորություն չունի, և ազատների քաղաքը վերին Երուսաղեմն է, որը ոչ թե զինվորների ոտքի կոխան է դառնում, այլ փառավորվում է հրեշտակների միջոցով: Իսկ կրոնի նորոգումը Նոր կտակարանն է, որ տվեց մեզ Հիսուսը, ոչ ըստ Հին կտակարանի, որով ուխտ կնքեց նրանց հայրերի հետ, երբ ձեռնամուխ եղավ նրանց հանելու Եգիպտոսից, այլ նոր ուխտ և նոր կրոն տվեց մեզ, երբ եկավ ազատելու մեզ սխալական մարմնից և կենդանացնելու մեղքերի տիղմից: Մարգարեներն այսպիսի շնորհների տվչություն էին փնտրում և քննում:

Ինչպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին: Այս ասելով ցույց է տալիս, որ մարգարեները մասնակի և ժամանակավոր էին համարում Հոգու շնորհները և ոչ թե կատարյալ: Քանի որ, ինչպես Հովհաննեսն է ասում. «Հոգին դեռևս չկար, որովհետև Հիսուս դեռ փառավորված չէր» (Հովհ. 7:39), հետևաբար, երբ փչում էր նրանց վրա, ապա սկսում էին պատգամներ խոսել ու մարգարեանալ, իսկ երբ լքում էր նրանց՝ այդպիսի ճշմարտությամբ չէին խոսում: Նույնը չէր առաքյալների պարագայում, քանզի սրանց մեջ ասում է էությամբ և աստվածությամբ բնակվեց՝ ըստ Տիրոջ նոր խոստման, թե՝ «Ձեզ մոտ պիտի բնակվի և ձեր մեջ պիտի լինի» (Հովհ. 14:17) հավիտյան, այսինքն՝ ոչ թե ժամանակավոր, այլ՝ հավիտենական՝ նրանց մեջ մնալով և նրանցում հանդես գալով: Այս ամենից բացի, կարծում եմ, մեզ այլ բան է ուզում մատուցել. ինչպիսի ժամանակի ասելով նկատի ունի նախքան Քրիստոսի գալուստը, քանզի տրտմալի գիշեր էր և հոգու խիստ խավար ու աղջամուղջ՝ զանազան մեղքերի, կռամոլության և դիվապաշտության պատճառով և բոլոր մարդիկ գիշերային պատերազմով տատանվում էին և չէին կարողանում որոշել, թե որն է թշնամին և որը՝ բարեկամը, քանզի դեռևս չէր ծագել արդարության Արեգակը և վեմն էլ սուրբ լեռան վրա չէր ցոլացել՝ կործանելու սնոտի պատկերները և վանելու խավարային մեղքերը: Հետևաբար, ասում է. այդպիսի ժամանակի մասին էր ծանուցում իրենց մեջ եղող Քրիստոսի Հոգին:

Քրիստոսի Հոգին ասելով նկատի ունի այն, ինչ Պողոսն ասաց. «Քրիստոսի մտածում» (Ա Կորնթ. 2:16), և նորից՝ «Եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում» (Հռոմ. 8:9): Այսպես ասելով խոստովանում և ցույց է տալիս միակամությունը, նույն էությունը, բնությունն ու աստվածությունը, քանզի Քրիստոսի Հոգին ասելով չի ասում Քրիստոսից ինչպես պատճառից, որովհետև պատճառը միայն Հայրն է ինչպես Որդու, այդպես էլ Հոգու, մեկին՝ ծծնդյամբ, մյուսին՝ բխմամբ, ըստ Տիրոջ անսուտ ձայնի, որ ասում է. «Ճշմարտության Հոգին, որ ելնում է Հորից» (Հովհ. 15:26), իսկ իր՝ Հոգու հետ համակամությունը և հավասարությունը հայտնապես խոստովանում է, երբեմն իր իշխանությունն առաջ դնելով և ասելով. «Ինչ որ առնում է ինձանից, կհայտնի ձեզ» (Հովհ. 16:14), և նորից՝ «Եթե ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մոտ չի գա, իսկ եթե գնամ, նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհ. 16:7): Ապա, որպեսզի սրանից ոչ ոք չենթադրի, թե Հոգին Որդուց ցածր է, նրա իշխանությունն ակնհայտորեն ցույց է տալիս՝ ասելով. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, որ այժմ չեք կարող տանել: Երբ որ գա նա՝ ճշմարտության Հոգին, ձեզ ամեն ինչ կուսուցանի և ձեզ կհիշեցնի այն ամենը, ինչ ես ասացի ձեզ» (Հովհ. 16:12-13, 14:26) և նորից՝ «Եվ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի հարցում» (Հովհ. 16:8): Արդ, այս օրինակով Քրիստոսի Հոգին ասել և խոստովանել հարմար է և տեղին, իսկ այլ կերպ՝ ոչ: Սակայն Հոգու վրա սա չի անդրադառնում, ինչպես որ Որդի Հոգուն ասելը կամ Հոգի՝ Որդուն և սա կամ իրերի կարգի պատճառով, որ մեզ համար անիմանալի է և անճառելի, կամ Հոգին Որդու հանդեպ այլ կարգավիճակ ունենալու պատճառով, ինչպես որ աստվածընկալներին էր ծանոթ և ովքեր իրենց մտքերում Քրիստոսին ունեին, որով էլ այսպես են խոստովանում և սրանցից առավել, սակայն լռությամբ անճառելի և անքննելի են ցույց տալիս:

Որ նախ զչարչարանացն Քրիստոսի վկայէր և յետ այնորիկ՝ զփառացն:

Որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին:

Մարգարեների մասին ասաց, թե Աստծու Հոգով խոսեցին պատգամները, ոչ թե ըստ իրենց ցանկության, այլ Հոգու միջոցով կանխագուշակելով և որ նրանք վկայություն գրեցին Քրիստոսի մարդանալու և նրա անպարտ չարչարանքների մասին, Հոգին էր, որ թելադրում էր նրանց շրթունքներով: Քանզի ինչպես Պողոսն էր Քրիստոսով խոսում, նույնպես նաև նրանք՝ Հոգով: Դավիթն իսկապես խոստովանում է սա՝ ասելով. «Լեզուս նման է արագ գրող դպրի գրչի, որով իմ գործերը պատմում եմ թագավորին» (Սղմ. 44:2): Իսկ Հոգուն վերագրելով չարչարանքների վկայությունը՝ կատարելապես մեծացնում է դրանց նշանակությունը և չարչարանքները պատկառելի ու պաշտելի ցույց տալիս, բայց ոչ թե միայն չարչարանքների մասին է վկայում, այլ մանրամասն չարչարանքների օրինակն է բերում. գանահարությունը, բռնելը, կապելը, ատյան տանելը, թքելը, ապտակը, գավազանը, փշե պսակը, թագավորական ծիրանին, լեղի տալը, քացախ խմեցնելը, ձեռքերն ու ոտքերը խաչելը, գեղարդով կողի խոցումը, զգեստները բաժանելը, խաչափայտի վրայից խոսելը և այդ ահավոր օրը կատարված հրաշագործությունները, կերպարանափոխությունը, և նմանատիպ այլ բաներ: Եթե մեկը ստուգապես մտաբերի մարգարեների խոսքերը, կգտնի սրանք, ինչպես նաև բազմաթիվ ու զանազան այլ վկայություններ:

Ապա ճշմարիտ է ասում. որ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին: Հետևաբար Որդու չարչարանքը Հոգու կամքով էր, և եթե Հոգու կամքով էր, ապա նաև՝ Հոր: Ուստի և Հոր կամքով և Հոգու հաճությամբ մարմին առավ, որով և չարչարվեց, և քանի որ իրենն էր մարմինը, իրենն էր նաև չարչարանքը: Եվ Հոգին վկայում էր, որովհետև աստվածությանն էր չարչարանքը, ոչ թե ըստ բնության կրելով, այլ համարելով՝ հաստատելու համար, որ ոչ թե լոկ մարդը չարչարվեց և խաչվեց մարդկության համար, և ոչ էլ միայն աստվածությունը, այլ Աստված վերցնելով՝ կրեց չարչարանքները և անչարչարելի մնաց, քանզի Աստծով է մեր փրկությունը, այլ ոչ թե լոկ մարդուն հուսալով: Եվ այս էր վկայում Հոգին՝ մարդկանց վրա ծանրացնելով Որդու գործը և ցույց տալով, թե ինչպես փրկվեցին: Այդ պատճառով էլ նախ վկայում էր Քրիստոսի չարչարանքների մասին և դրանից հետո՝ նրա փառքի մասին: Այսինքն՝ գերեզմանից փառավոր հարությունը և աստվածանման համբարձումը, Հոր աջ կողմում նստելը և հաջորդ՝ ահավոր գալուստը՝ դատելու համար, այս ամենը փառքի ցուցիչներ են և մարդկանց համար արժանահավատ, որ եթե չարչարվեց անարգորեն աստվածային բնությունից դուրս, ապա փառավորվեց հարությամբ՝ ըստ աստվածային բնության: Այս ասելով մեզ խրատում է հետևել Հիսուսին. նախ հանձն առնել չարչարանքներ և ճգնությամբ զանազան առաքինություններ, սպանել մարմնի երկրավոր անդամներն ու ոչնչացնել ախտերի բազմությունը և ապա հույս ունենալ փառավոր հարության, երկինք մտնելու և Քրիստոսի աջ կողմում դասվելու:

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս Netflix-ը «Խոստումը» ֆիլմը ցուցադրելու հեղինակային իրավունք է ստացել Ընտանիք Համո Սահյան. Հորովել Եղիա Տեմիրճիպաշյան. Անգեղն երգ Պառավքարից մինչև Մուրղուզ․․․ Տավուշյան լեգենդներն ու զրույցները Օգոստոսի 1-ից Մոսկվայում վերաբացվում են կինոթատրոնները «Երեք մանկունքը բաբելոնյան հնոցում» սյուժեի պատկերագրական համակարգը «Այդ չափորոշիչները չեն արտացոլում ՀՀ քաղաքացու և հայ մարդու դաստիարակությունը»․ Աիդա Թոփուզյան Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը նախանձների մասին Խորհր­դա­յին նկա­րա­հա­վա­քի ա­զատ և ան­կախ նա­վար­կու­թ­յու­նը Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին «Այն մեկ ա­մի­սը, որ Պետ­րոս­ը կռ­վեց իմ կող­քին, հա­վա­սար էր տաս­ն­յակ կյան­քե­րի սխ­րան­քի» Արժևորենք կյանքի ամեն վայրկյանը Ս. Էջմիածնի Մատենադարանն առաջարկում է ընթերցել Վահե Երկանյանի «Պայքար հայկական նոր դպրոցի համար Անդրկովկասում «Music 20» միջազգային փառատոնին աշխարհի տարբեր ծայրերից հետևել է մոտ 45 հազար մարդ The Independent-ը դրական է արձագանքել Կոմիտասի «Սուրբ Պատարագի» համերգային ձայնագրությանը Վահագն Մուղնեցյան․ Նախանվագ Եղիշե Չարենց. ...Մայրամուտի այս սուրբ, հրակարմիր միգում Արսեն Գրիգորյանն ու «Հայ երգասաններ» նախագիծը երգ են նվիրել հայոց բանակին Հնդկաստանի դատարանը որոշել է Բաբրի մզկիթի տարածքը վերածել հինդու տաճարի Պահապան հրեշտակը պահպանում է մեզ Ռեմբրանդտի ինքնանկարը Լոնդոնում աճուրդի ընթացքում վաճառվել է ռեկորդային 18,7 միլիոն դոլարով
website by Sargssyan