Նելլի Սահակյան. Ակվարիում

Նելլի Սահակյան. Ակվարիում

Անցած գիշեր երազ տեսա
երրորդ օրը
(հայտնվելով ոսկե օրվա մեջ)
սեղանի շուրջ ես իմ նոր
մարմնի մեջ էի
և հեղեղը օրեցօր
և հեղեղը ծանր ինչպես լորձը ժամառժամ
շուրջս օվկիանոսներ ձկների վտառներ
ամաններ փայտե պահարաններ
պատռված օրագրի էջեր
չուգունե ծաղկամաններ
էին լողում

թռչուններ մողեսներ ու օձեր
և ինչպես Նոյը մեծ ջրհեղեղից առաջ շփոթված
աղոթքի փոխարեն թերթում եմ
իմ նոթատետրի գրառումները
դուրս տված բառեր անկշիռ ու շեղ
ու չեմ կառչում պատերից
չեմ կառչում բազկաթոռներից
չեմ կառչում կյանքիս օրացույցից
թաքնվել սեղանի տակ լոգախցիկում չեմ պատրաստվում
քանզի մարմինը որում ապրում եմ վեր է ինձնից
և սենյակը որում բնակվում եմ
դուրս է ինձնից

ես գիտեմ ակվարիումի մեջ շնչել ու չմեռնել
մեղվի պարսի պես պայթել ձեր բերաններում ու փրփուրի պես հոդս ցնդել
աստծով լի ծանր գրպանս քարեր ջրերի վրա քայլել ու սուզվել
ու աչքով անահավատի դավաճանի աչքով ինչպես հուդան նայել քեզ մեծ եղբայր
թե ինչ կրքով ես խցանում պատերը կուպր ու մոմով
լցնում նավի հատակը կաղնուց գերաններ շարում միմյանց վրա
սնունդով ու ծխախոտով գարեջրով լցնում արկղերը
նրանց համար ովքեր շատ երկար խելքները թռցրին կյանքի
իրենց գտած պատկերների և խոսակցությունների
վերջում առկայծումով թղթադրամի պես ցանկության մեջ այրվելու
և արթնության մեջ երազի վերջում
կյանքի ցրիվ եկած բեկորները
հավաքելու համար

ոտքերից քաշող տիղմի ինքնիրեն պատմող ողջ
առեղծվածային կեղծիքի համար

Աղբյուր՝ Gretert.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում