Բաբելոն

Բաբելոն

Երկու գետերի համբույրը ձգվել է մի ամբողջ դար: Քաղաքը հավերժական ականատես է: Փորձառու նավաստիները գիտեն` Բաբելոնը հյուրընկալ չէ: Նրանք բազմիցս պտտվել են պարիսպների շուրջը` ջրի թաքուն ճողփյունով, ասես աղմուկի դեպքում անտաշ քարի կտորը պետք է բացեր երախը և կուլ տար նավաստուն: Բարձրաբերձ դարպասների առյուծաձև թակիչի ձայնը անպատասխան է մնում: Հյուրընկալողը չի ներկայացել քաղաք-պետությանը: Ես հեռուներից եմ եկել և լողացել եմ արյան գետի միջով: Իմ հագուստները թաց են արցունքներով. մարդիկ տարածեցին մահվան լուրը, իմ վախճանից առաջ: Ջրհեղեղից փրկված սերնդի միակ մունետիկն եմ, պարտված երիտասարդության դյուրաբորբոք նշխարը` երբեմն-երբեմն կայծկլտում եմ հնամենի թախիծով: Իմ հայրը տապանի նավապետ էր: Նա վայրկենական խոժոռում էր հայացքը, երբ մոտենում էի ղեկին՝ ընթացքի ուղղությունը փոխելու կրկնվող ցանկությամբ: Հայրս ինձ չի սովորեցրել ղեկավարել տապանը, որովհետև ղեկը ժառանգում են հորից որդի: Սարին բախվելուց հետո նա արձակեց ինձ անվերադարձ: Այս ամենին նախորդել էր մի կարևոր իրադարձություն. իմ սիրելի թռչունը` Նաիրին, ( այդպես էի ես նրան անվանում) հորս բերեց ծառի ճյուղ և հայտնեց մոտալուտ ցամաք հասնելու լուրը: Ես անցնում էի կենդանիների հարկաբաժիններով, ցույց տալիս փրկության ապավենը: Գրկում էի պանդայի ձագուկին, հանդարտեցնում խրտնած զեբրի ոգևորությունը:
Բաբելո՛ն, բացիր դարպասներն իմ առջև և ընդունի՛ր օտարականին: Քաղաքը անհողդողդ է: Նա փոքրիկ ետնամուտք է նախատեսել արքայի կանանոցի համար. նրանք մանրիկ քայլերով հետևում են առաջնորդին և երկրպագում նրան հավատացյալ նախիրի պես: Այս ճանապարհով անցնողները հողի մեջ գուցե ոսկու կտորներ գտնեն, որ ընկել է կանանց հագուստից, սակայն ոսկի փնտրողները տաճար չեն մտնում, դատարանում վկայություն տալու իրավունք չունեն, պատերազմ չեն գնում: Նրանք չեն հաղթում և չեն պարտվում: Քաղաքը հեգնում է ինձ, դարպասի փոխարեն առաջարկում է պատերի արանքում առաջացած ճեղք` գաղտնի ներս սողոսկելու համար:
Փակ դարպասների առջև մինչ արևամուտ կանգնած կինը պահանջեց մարգարեի գլուխը: Բացի՛ր դարպասներն իմ առջև, որտեղով մարտակառքով անցել է հրամանատարը: Ինչպես մի ժամանակ հանձնվել է թշնամի զորավարին: Ամեն շաբաթ օր հյուրընկալում է աշխարհը տեսած վաճառականներին: Լեփ-լեցուն շուկաներում վաճառվում է բրինձ, ստրուկ և ալմաստ: Բաբելոնը ծեր հսկայի նման ճռռոցով բացում է դարպասները, քմծիծաղ տալիս նորահայտ նվաճողին: Առաջին իսկ քայլերից քաղաքը ցույց է տալիս ժանիքները: Ոչինչ չի փոխել բաբելոնյան հյուրընկալության կարգը: Քաղաքը սպանել է թույլերին, գահընկեց է արել արքաների փառասիրությունը և տապալել թևավոր ձի սանձող հերոսներին: Բաբելոնը ղեկավարում են իմաստուն բռնակալները: Իշխանությունը ժառանգություն է թողնում անմահության գաղափարը: Ժամանակի քմահաճությամբ արքաները փոխարինում են մեկը մյուսին, իսկ մարդիկ ամեն օր փոխում են հովանավորող աստծուն: Բաբելոնում օրը պայքար է`մայրուղիում գեղեցիկի մասին ճամարտակելով մրցակցում են փիլիսոփան և մարմնավաճառը: Երեկոն` խրախճանք է, եթե քաղաքացին կուտակել է մանրադրամներ` ասմունքով, ձեռնածությամբ կամ գողությամբ: Բաբելոնում աստվածները հաղթանակի պարգևատրման և մահվան արցունքների համար են, կյանքը քաղաքում կանոնակարգվում է Համուրապիի օրենքներով: Բարձր սյան 7-րդ հորիզոնականում գրված է` Համեստ մի՛ լինիր, եղի՛ր կամեցող, եթե կարող ես: Քաղաքի բնակիչները սալիկների վրա փորագրում են օրենքները` տանը պահելու համար, որ հարկ եղած դեպքում պաշտպանեն իրենց իրավունքները: Ավելի հաճախ գործը դատարան չի հասնում, տաքարյուն բաբելոնցին դիմում է զենքի և սրախողխող անում թշնամուն:
Օրվա տարբեր ժամերին քաղաքը կերպարանափոխվում է արագորեն: Մուրացիկները վերածվում են դրամաշորթների, երեխաները ոսկրե խաղալիքները թողած առնետ են որսում հաճույքի համար, օրվա երկրորդ կեսին հանցագործը հասնում է կառափնարան, իսկ երեխաներին տանը սպասում են բարկացած ծնողները: Լինում են ժամեր` մարդիկ քարանում են և դառնում արձան: Երեխայի արցունքը կանգ է առնում այտոսկրին: Ամենաշոգ օրերին քաղաքացիների մի մասը շրջում է գլխանոցով, մյուսները` գրեթե կիսամերկ, թեև երկու հավատալիքների բնիկները բարևում են միմյանց միևնույն փոսիկավոր ժպիտով: Արդարության մասին պատկերացումները ծայրահեղ տարբեր են, սակայն նրանք համակարծիք են մի կետում` այնպես ինչպես պատահի: Մարդասպանը մնում է անպատիժ, ցմահ է դատապարտվում երթևեկության կանոններ խախտողը: Պատահականությունները հազվադեպ են, բայց լինում են դեպքեր ստրուկը դառնում է հրամանատար, իսկ գեներալը բակում դոմինո է խաղում բաբելոնյան երկարակյաց ծերունիների հետ:
Ճարտարապետական փոշին մառախուղի նման ծածկում է քաղաքը, երբ այլևս անտանելի է դառնում օդը, կարկուտը ցրող մեքենաներով սկսվում է ռմբակոծությունը և ամեն անգամ վրիպում են փոշու ամպեր գնդակոծելով: Բաբելոնյան աշտարակաշինությունը նոր աշխատատեղեր էր բացել քաղաքացիների համար: Կառուցման աշխատանքներին մասնակցում էին թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ, լսվում էին վիրավորների հառաչանքը, փլուզումներից խեղվում էր ոտքը կամ ձեռքը:
Շտապօգնության սայլը մոտենում էր վիրավորներին և տեղափոխում բժշկի քարանձավ-կացարանը: Ճարտարապետը անհանգիստ շոյում էր մորուքը. աշտարակը կառուցվում էր շատ դանդաղ և մեծ զոհերի գնով: Ինձ ցույց տվեցին այցելուների համար նախատեսված նախագծի ավարտուն տեսքը: Աշտարակաշինության լուրը հասել էր ամենահեռավոր երկրներ և արքունական շատ ճարտարապետներ, կռահելով բաբելոնցի վարպետի մոտալուտ փառքը, պատրաստակամ էին աշակերտության անցնել նրա մոտ: Լուրը հասել էր մինչև երկինք, սակայն աստված չէր կայացրել իր որոշումը:
Ես ճարտարապետին հարցրի աշտարակի կառուցման նպատակը: Նա մատնացույց արեց նախագիծը և ասաց` հասնել աստծուն: Մահը օդում չղջիկի պես բացեց թևերը` պատրաստ հարձակվելու շինարարներից ցանկացածի վրա, սակայն պատեհ հրաման դեռևս չկար: Երկնքի կապույտում մահը թռիչքով գծագրեց աշտարակ և անդունդ, փոխանցեց աստծո քրքիջը: Ճարտարապետը չի վախենում Աստծո դատավճռից, աշտարակաշինությունը կյանքի գործ է: Մեր զրույցը մնաց կիսատ, կրկին փլվածքներից մարդկային զոհեր էին լինում: Փրկարարների ջոկատը շտապեց շինարարական հարթակ:
Ընդամենը մի քանի օր եմ հանգրվանել Բաբելոնում, սակայն թվում է`հնուց ի վեր ճանաչել եմ քաղաքը: Ամեն օր երեկոյան նույն ժամին Եփրատի վրա իջնում է շարժական կամուրջը և սկսվում է գիշերային զբոսանքը: Մարդկանց անմիաբան հայացքները փնտրում են օրվա գեղեցկուհուն և դյուցազնին: Լաստանավերը լռությամբ ընկրկում են ափ, նրանց ժամանակը ավարտվել է: Կամրջի վրա ոտաբոբոիկ ճեմում են երկար զգեստներով, փայլփլուն ուլունքներով զարդարված կանայք: Գալիս են մինչև գոտկատեղը մերկ, նետաձիգ տղամարդիկ, դարբիններ, պալատական բանսարկուներ, երիտասարդ իշխաններ: Կամրջին մոտենում է երկու տասնամյակ ամրոցում փակված գեղեցկուհին: Նրա շուրջը չարախնդում են մազերի մեջ սրվակով թույն պահող սպասուհիները: Թագավորի որդին, կերպարանափոխված աղքատիկ հագուստով, փնտրում է ճակատագրական կնոջը, բայց հանդիպում է լրտեսի: Վերջում միանում է ծեր կախարդը, վայելելու հմայքի ավարտուն նշույլները. Նա ժառանգորդ է փնտրում` նախքան կքարացնի գետը: Նրանք քայլում են: Գալիս են բաբելոնցիները: Համատարած անցուդարձի մեջ մեկն ասում է`Շշշշշշ: Լռում են: Առասպելական թագուհու անվան առաջին տառն է:
Ես զբոսնում էի ամֆիթատրոնի նման կառուցված կախովի պարտեզների հարկերով, երբ հսկիչը նկատեց ինձ ու կանչեց` Արևաշող վարսերով կին, որ ականջի ետևում կրում ես շուշանածաղիկ, մի՞թե դու բաբելոնցի ես: Բաբելոնցի կանանց հագուստն ի զորու չէ սքողել մարմնի փարթամության գեղգեղանքը: Նրանց հայացքում հրաբուխն ամեն օր նոր ժայթքում է ունենում, թեև ժպտում են Նանաթի լուսնային կերպով: Բաբելոնցի կանայք իրենց մերկությունը նվիրաբերում են Բել աստծո տաճարին և արևածագին լողանում Եփրատի ջրերում:
Ծիածանը զարդարեց երկինքը, հսկիչի մանկահասակ աղջիկը փայտյա տնակից վազեց դուրս, որ անցնի ծիածանի տակով և տղա ղառնա: Պարտեզների երկրորդ հարկի ետնամուտքը փակ էր: Շրջվեցի` փնտրելու հսկիչին: Նա մենամարտի էր դուրս եկել գեղատեսիլ ծաղկի դեմ: Հսկիչը բռնած ծաղկի կոկորդից` ամբողջ ուժով սեղմում էր, համբերությունը կորցրած կտրուկ թափահարում էր աջ ու ձախ: Ծաղիկն իր երկար ելուստներով մոլախոտի նման փաթաթվում էր հսկիչին` կոտրելով նրա ուժը: Վերջին հարվածը հսկիչինն էր: Նրա բռունցքի ուժից ծաղիկը ցնցվեց, բացեց երախը, և կուլ գնացած թութակը դուրս պրծավ: Մահն աչքերում մի քանի անկանոն պտույտ տվեց և կրկին նստեց հսկիչի աջ ուսին` կտուցով հարդարելով գունազարդ փետուրները: Հսկիչը քաղցած ծաղկին կերակրեց սատկած վագրի մսի կտորներով և բարձրացավ պարտեզի հաջորդ հարկը` ստուգելու թռչունների որպիսությունը:
Ես ուղղվեցի իջևանատուն` քանի դեռ մութը չէր սքողել գրպանահատների ու ավազակների ներկայությունը: «Վերին Բաբելոն» հյուրատանն իրենց ժամանցն են անցկացնում քաղաքի ամենահմայիչ կանայք: Արմունկով հենված թավշյա բարձերին` նրանք նարգիլե են ծխում: Բերանից արձակած ծուխն օղակ-օղակ նսեմացնում է կիսանդրի կանգնեցրած զորավարների փառքը: Բաբելոնցինե՛ր, ես խմում եմ ձեր կենացը: Հարատևության և հավերժության կենացը:
Մեծ դղդրդյուն բարձրացավ, ասես երկրաշարժ էր քաղաքում: Բոլորը դուրս վազեցին, սարսափահար անծանոթ բացականչություններ էին լսվում: Աստված քանդել էր Բաբելոնի աշտարակը, նզովել մարդկանց և տվել տարբեր լեզուներ: Սկսվեց համատարած խառնաշփոթ. միայն ամենաքաջերն էին փորձում փրկել մեռնող շինարարներին և բանվորներին: Միևնույն քաղաքի բնակիչները չէին հասկանում միմյանց, որովհետև Բաբելոն` նշանակում է խառնակություն: Բոլոր խառնիճաղանջ բարբառներից ինձ է պատկանում Աստծո հետ երկխոսելու լեզուն: Լեզուն հրամաններ է արձակում, գծագրում է նոր աշխարհագրություններ, գյուտարարին դատապարտում է մահվան, հանկարծակի կապ է ընկնում սարսափից: Ես լռում եմ, կյանքը ներողամիտ է շատախոսների նկատմամբ: Արժե՞ արդյոք լինել դեսպան, հաշտության պատրվակով բողոքի նոտա հղել մարդու կործանման դեմ: Բարկության պահին բառը աղոթք է և հարձակում: Ավերել ամբարտավան ծրագիրը, սակայն աստված կարող էր խնայել մարդուն:
Ժեստերով դիմում եմ մատուցողուհուն` ավելացնելու նռան գինու բաժակը և մոտեցնում եմ շուրթերիս: Ես չեմ ուզում հեռանալ, ինձ բաբելոնյան կյանքը դուր է գալիս, թեև ինձ այստեղ ոչ ոք չի հասկանում:

2015թ.

Լիլիթ Կարապետյան

Աղբյուր՝ Gretert.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում