Վանաձորի թատրոնի ետնաբակում սկսվել են բացօթյա բեմի նախապատրաստման աշխատանքները

Վանաձորի թատրոնի ետնաբակում սկսվել են բացօթյա բեմի նախապատրաստման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի ետնաբակում օրերս մեկնարկել են բացօթյա բեմի նախապատրաստման աշխատանքները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանն ասաց՝ հրաշալի է, որ թատրոնն ունի գեղեցիկ ետնաբակ և բացօթյա ներկայացումներ բեմադրելու եզակի հնարավորություն:

«Նախ և առաջ այստեղ 20-30 թատերասերի դատին ենք հանձնելու ռեժիսոր Արամ Մխիթարյանի բեմադրությամբ մանկական ներկայացումներ: Հետագայում հնարավոր է դեկորները փոխել և երեկոյան ներկայացումներ խաղալ մեծահասակների համար: Ավաղ, հստակ չենք կարող ասել, թե երբ են լինելու ներկայացումները, քանի որ դա կախված է երկրում տիրող իրավիճակից»,-տեղեկացրեց Փելեշյանը:

Նա հիշեցրեց, որ շուտով Ստեփան Զորյանի տուն-թանգարանի այգում խաղալու են Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացումը:

Մեզ հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանն ասել էր, որ այնտեղ կարող է միայն 30-40 հոգի ներկա լինել, բայց կարևորը միայն հանդիսատեսի քանակը չէ, այլև այն, որ թատրոնը շարունակի ստեղծագործական կենսագրությունը:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում