USD
EUR
RUB

Հարգանքը

 

«Արդ, յուրաքանչյուրին հատուցեք իրեն հասանելիքը՝ որին պատիվ՝ պատիվը» (Հռոմ. ԺԳ 7)։

«Հարգե՛ք բոլորին» (Ա Պետ․ Բ 17 )։

Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից մեկն է։ Այն զուգընթաց է հնազանդությանը. որտեղ հնազանդությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի հնազանդվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծագույն ներգործություն ունի մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման մեջ։ Այն մարդու բարոյականության և նկարագրի անվնաս պահպանմանը նպաստող ուժն է։ Որևէ ազգի նկարագիրը, գոյությունը, նվիրական ավանդույթները, անգին ժառանգություններն ու խոսուն հիշատակները պահպանվում են միմիայն հարգանքի առաքինության շնորհիվ։

Մարդն, իրեն ազատ զգալուց առավել, ինքն իրեն պիտի վարժեցնի մեծերի, իր գլխավորների նկատմամբ հարգանք դրսևորելուն։ Անհրաժեշտ է իրենից ավելի մեծերի կամքը պատվել իմանալ, նրանց խորհուրդները արժե լսել և հարկ է մեծապես հարգել սեփական ազգի ավանդույթներն ու յուրահատկությունները։ Հին ազգերի իդեալն է եղել հարգելը, պատվելն ու մեծարելը նախնիների կտակած ավանդություններն ու սովորույթները, մինչև իսկ արհեստները և տիրող վարքն ու բարքը։ Հենց այս հարգանքի ազդեցությամբ էր, որ ազգային նկարագիր էր ձևավորվում։

Քանի որ բոլոր մարդիկ զանազան կապերով «զոդված» են մեկմեկու՝ այստեղ՝ հանրային, այնտեղ՝ ծնողական, մի կողմից՝ ամուսնական, մյուս կողմից՝ գործնական, այստեղ՝ պաշտոնական, այնտեղ՝ մտերմական, և վերջապես, քանի որ բոլորի միջև մի կապ կա, այդ կապը մղում է իրար հարգելու։ Սակայն քչերն են ցանկանում խորհել հարգանքի մեծ իմաստի և նշանակության մասին, քչերն են հասկացել ու ըմբռնել դրա իմաստը։ Որքա՜ն հազվագյուտ, բայց և ինչքա՜ն կարևոր է այս առաքինությունը։ Առանց օրենքի, ավանդույթների, մեծերի ու նվիրական ժառանգությունների հանդեպ հարգանք ունենալու՝ հնարավոր չէ, որ մարդն ապահովի այն բարիքների ու օրհնությունների տևականությունը, որոնք իրեն շնորհված են իր նախնիների կողմից։

Որտեղ պակասում է հարգանքը, այնտեղ չի կարող գոյություն ունենալ պատկառանքը, ակնածանքն ու երկյուղը նվիրական ավանդույթների, օրենքների և կարգերի նկատմամբ։ Այնտեղ հետզհետե տիրում է անամոթությունը, անառակությունը, անպարկեշտությունն ու լկտիությունը։ Այնտեղ անզգամությունն ու անօրենությունը ձեռք ձեռքի տված են գործում։ Այնտեղ բարոյականությունն ու հավատը փախչում-հեռանում են, այնտեղ վերանում է Աստծու նկատմամբ վախը, և մարդկանց հանդեպ ունեցած ամոթը դադարում է գոյություն ունենալուց։ Այնտեղ ամեն բան անզգալիորեն քայքայվում է, նվաստանում, գռեհկանում և դիվականանում։

Մարդն, ինչպիսի պայմաններում էլ որ լինի, պիտի ըմբռնի հարգանքի նշանակությունն ու արժեքը։ Եթե ծառա է, պետք է անպայմանորեն հարգի իր տիրոջը, եթե զավակ է, պիտի պատվի իր ծնողներին, եթե ամուսին է, հարկ է, որ հարգի ու պատվի իր լծակցին։ Եթե քաղաքացի է, պետք է պատկառանք ունենա երկրի օրենքների և իշխանությունների նկատմամբ, եթե հավատացյալ է, պիտի հարգի եկեղեցական ու ազգային ավանդությունները, եթե եկեղեցական է, պետք է նվիրապետական աստիճանների պահանջներին համապատասխան՝ խոնարհվի եկեղեցական օրենքների և կարգերի առջև։

1—Եթե ծառա է, պետք է անպայմանորեն հարգի իր տիրոջը․— Ծառան, բնականաբար, իր նվիրական պարտականությունը պետք է համարի իր տիրոջը հարգելը և ոչ թե միայն արտաքին ձևականություններով, այլև այն գիտակցումով, որ իր տիրոջ բարոյական ու ֆիզիկական կյանքը նվիրական է իր համար և, հետևաբար, նրա արժանապատվությունը վիրավորող և կամ նրա անձը վտանգող որևէ պարագայում ծառան իր անձնվիրությամբ պիտի ցույց տա իր խորին հարգանքն ու մեծարանքը։ Նա ինքն իրեն պետք է տան անդամներից մեկը, և ոչ թե՝ օտար համարի։ Անշուշտ, տերերն էլ իրենց ծառաների հետ պիտի վարվեն անկեղծությամբ, սիրով և առանց սպառնալիքների, քանի որ սպառնալիքը շատ անգամ անարդար ու խիստ զգացում է արտահայտում։

Ծառաներն, ինչպես ասացինք, խորին հարգանք պիտի ունենան իրենց տերերի նկատմամբ՝ ո՛չ ակամա, ո՛չ կեղծավորությամբ, ո՛չ ի ցույց մարդկանց, այլ սիրով, հաճությամբ և անձնվիրությամբ։ Պետրոս առաքյալը, մասնավորապես, ասում է, որ ծառաները հարգանք ու հնազանդություն պետք է ունենան ոչ միայն բարի ու հեզ տերերի, այլև նույնիսկ «կամակորների», այն է թե՝ ժանտաբարոների նկատմամբ։

Այսպիսին պիտի լինի ընտրյալ, ընդունելի ու երախտագիտության արժանի ծառան, քանի որ այդպիսին համբերել գիտի հանիրավի կրած վշտերին, չէ՞ որ նույն առաքյալը նաև հավելում է. «Ի՞նչ երախտիք կունենաք, եթե մեղանչելու հետևանքով ծեծվեք ու համբերեք։ Սակայն եթե ձեր պարտականությունը լիովին կատարելով՝ չարչարվեք, նախատվեք ու համբերել իմանաք, ա՛յդ է շնորհ Աստծո մոտ։ Ինքներդ ձեզ արդարությամբ դատող Արարչին հանձնեք միայն և ձեր մտքում ունեցեք Փրկչին, որ չնայած բարիք էր գործում, սակայն չարչարվեց և ձեզ այս գեղեցիկ օրինակը թողեց, որ Իր հետքերով գնաք» (հմմտ. Ա Պետ. Բ 20-21)։

Ինչ գործ էլ որ անեք և հարգանքի ինչպիսի դրսևորում էլ որ ցուցաբերեք, սրտա՛նց արեք, որպես թե ոչ մարդկանց, այլ Աստծո՛ւն եք անում։ Ազնվությունն ու հավատարմությունը, համբերությունն ու համեստությունը «հայրենիք» չեն ճանաչում. բոլոր հետամուտ եղողներն էլ՝ լինի տեր թե ծառա, հարուստ թե աղքատ, կարող են տիրանալ այդ արժեքներին։

2-Եթե որդի է, պետք է պատվի իր ծնողներին․- «Պատվի՛ր քո հորն ու մորը, որ բարին լինի քեզ և երկարակյաց լինես երկրի վրա»։ Յուրաքանչյուր զավակի՝ լինի մանկահասակ թե չափահաս, նվիրական պարտականությունը պիտի լինի հարգանքը ծնողների նկատմամբ։ Զավակը պետք է հարգի ու պատվի ինչպես իր հորը, նմանապես և նույն ոգով նաև իր մորը։ Զավակն իր հոր ու մոր նկատմամբ հարգանք ունենալով՝ մանկությունից ի վեր վարժվում է երկրի օրենքներին և ավանդություններին հարգանքով ու հնազանդությամբ վերաբերվելուն։

Ծնողների նկատմամբ հարգանքն իր հետ բերում է ծնողների օրհնությունն ու գովասանքը։ Ծնողների համար որևէ բան այնքան թանկագին չէ, որքան զավակները։ Զավակի սիրո հետ չի կարելի բաղդատել ո՛չ արծաթը, ո՛չ հարստությունը, ո՛չ կալվածքները, ո՛չ թանկագին քարերը։ Ինչքա՜ն քաղցր է «զավակ» բառը։ Թեև ծնողական սերը բնորոշ է նաև կենդանիներին, որոնք սիրում են իրենց ձագերին, որոնք ունեն ծնողական գութ, խնամք, հոգատարություն և կերակրելու հատուկ նվիրում, բայց և անհուն տարբերություն կա բանական մարդու և անբանական կենդանիների միջև, քանի որ գալիս է մի պահ, երբ կենդանու մեջ ծնողական գութը, ձագերի նկատմամբ խնամքը դադարում է, ծնողական կապը այլևս գոյություն չի ունենում և վերջնականապես ընդհատվում են ծնողների ու ձագի հարաբերությունները։

Մինչդեռ մարդու մեջ ծնողական գութը և սերը միշտ անշեջ ու վառ են մնում մինչև մահվան վայրկյանը, և հետևաբար, տե՛ս, թե որքա՜ն առավել անկեղծ ու սրտագին կլինի ա՛յն օրհնությունը, որը հոր և մոր շուրթերից սփռվում է իրենց զավակների վրա։ Սուրբ Գիրքը հատկապես պատվիրում է ծնողների սիրուն ի պատասխան մեծապես հարգանք ունենալ նրանց հանդեպ ու հնազանդվել նրանց. «Քո ողջ զորությամբ փառավորի՛ր քո հորը և մի՛ մոռացիր քո մոր ցավերը» (Ղևտ․ ԺԹ 3)։

Ծնողներին անպատվող, անարգող և առանց խնամակալության թողնող զավակների համար ամոթ ու նախատինք է սահմանված։ Ամեն զավակ պիտի ջանա ստանալ ծնողների օրհնությունը։ Ի՞նչ է, սակայն, հոր ու մոր օրհնությունը։ Ահա՛ թե ինչ է ասում Սուրբ Գիրքը. «Այն գանձ է, որ ապահովում է զավակի բարգավաճումն ու հաջողությունը։ Այն շնորհների թագ է զավակի գլխին և ոսկյա մանյակ՝ պարանոցին։ Առանց ծնողների օրհնության՝ հայրական ժառանգությունը ցեցերի, ուտիճների կեր է դառնում ու ապականվում է»։ Մինչդեռ օրհնությունը ստեղծում, բեղմնավոր է դարձնում, առատացնում, բարգավաճեցնում, ծաղկեցնում, փառազարդում ու լիացնում է։ Օրհնությունը զորությունների աղբյուրն է և առողջության գրավականը։

Պարկեշտ, երկյուղած ու անձնվեր զավակի համար ասվում է, որ նա «օրհնության զավակ» է։ Զավակը թե՛ իր մանկության, թե՛ իր պատանեկության, թե՛ իր երիտասարդության տարիներին հիշելու է՝ ի՜նչ մեծ հոգածություն են ցուցաբերել իր ծնողները։ Իսկ մոր գուրգուրանքը, հոր խնամքը վայելած զավակը, երբ չի ուզում ու չգիտի հարգել իր ծնողներին, այդ զավակը ամոթի ու նախատինքի զավակն է, քանի որ այդպիսի մեկին նրա մայրն ու հայրը պիտի մերժեն նվիրել իրենց օրհնությունները։ Այդպիսի զավակի ճակատին անջինջ պիտի մնա ամոթի խարանը, ապաշխարությունը օգուտ չպիտի ունենա նրա համար և այդպիսին միշտ՝ իր ողջ կյանքում, սարսափի մեջ պիտի զգա ինքն իրեն։

Թշվառական ու թափառական անիծյալ մեկը պիտի լինի նա, քանի որ չի կարողացել վայելել ծնողների թանկագին օրհնությունը։ Ախր, իմացե՛ք, որ մեծ շնորհ, մեծ զորություն, մեծ գանձ, մեծ օրհնություն և մեծ ու հրաշալի զորություն կա ձայնի ու ձեռքի մեջ ա՛յն հոր ու մոր, որոնք օրհնում են։ Զարգացած զավակները տգետ ծնողներին կարող են պակասություններով ու թերություններով լի համարել, սակայն ամեն պարագայում էլ զավակների իդեալը լինելու է ծնողների օրհնությունն ընդունելը։

3․-Եթե ամուսին է, պետք է հարգի իր լծակցին․- Ինչպիսի՜ չքնաղ ու հրաշալի բույն կարող է լինել ա՛յն ընտանեկան հարկը, որի ներքո այրն ու կինը գիտեն հարգել միմյանց արժանապատվությունը։ Եվ, ընդհակառակը, եթե նրանք մեկմեկու արժանապատվությունը հարգել չգիտեն, առաջանում է պառակտում, թշնամություն, ատելություն, քինախնդրություն, քսություն և ալն։ Հարգանքի շնորհիվ է, որ կինը կարող է երկարել իր ամուսնու կյանքը, մինչդեռ անազնիվ ընթացքով ու անարգանքով վերաբերվող կինը կրճատում է իր ամուսնու կյանքի թելը և բարոյապես սպանում նրան։ Փոխադարձաբար, ամուսնու անկեղծ հարգանքը նույնքան մեծ դեր է ունենում կնոջ վրա և մեղմացնում է նրա ցավերը։

Եթե փոխադարձ հարգանք կա, ուրեմն չկա եսասիրություն ու չկա համառություն։ Որտեղ հարգանք կա, այնտեղ զավակներն էլ, մանկությունից սկսած, սովորում են հարգել իրենց ծնողներին։ Ծնողները զավակների համար օրինակ պիտի հանդիսանան, և երբ մարդ ու կին անարգանքով ու հայհոյանքներով են վերաբերվում մեկմեկու, այդպիսով ամենավատ ազդեցությունն են թողնում իրենց զավակների վրա։ Ուրեմն, որքա՜ն զգույշ պիտի լինեն այրն ու կինն այս հարցում։

4․- Եթե քաղաքացի է, պետք է պատկառանք ունենա երկրի օրենքների և իշխանությունների նկատմամբ․- Որևէ ժողովրդի ներքին կյանքում կարգապահությունը պահպանելու գլխավոր պայմանն է հարգանք ու պատիվ ունենալը երկրի իշխանության սահմանած օրենքների և կարգերի նկատմամբ։ Պետրոս առաքյալը, երբ հարգանքի մասին է խոսում, նաև այս է ասում. «Պատվեցե՛ք թագավորներին»։ Այն ժողովուրդները, որոնք իրենց թագավորին հարգել, այսինքն՝ երկրի օրենքն ու կարգը պահպանող մարդուն մեծարել են իմացել, այդ ժողովուրդները ունեցել են ամենից ավելի տևական գոյությունը։

Եգիպտոսի՝ 16 դար շարունակ գոյություն ունենալու և ամբողջ տիեզերքում իր կարևոր տեղը գրավելու պատճառն այն էր, որ կարողացավ գիտենալ ու ճանաչել հարգանքի անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Իմացավ հարգող լինել իր մեծերին, իր թագավորներին, հնուց եկող իր բարքերն ու ավանդությունները, նախանձախնդիր եղավ իր զորեղությանը, խաղաղությանն ու պատվին։ Բարեկամ եղավ երկյուղածությանը, բարեպաշտությանը, ուսմանն ու գիտությանը, և մինչև իսկ այսօր նրա մեծությունը հիացմունք է շարժում, և դիտողը հմայվում ու հափշտակվում է նրանով՝ հակառակ այն բանին, որ չորս հազար տարի է անցել այս երկրի ծագումից։

Հռոմեական կայսրության՝ պատմության մեջ մեծ տեղ գրավելու և իր ձայնը ողջ աշխարհին լսելի դարձնելու պատճառն այն էր, որ ժողովուրդը կարողացավ իմանալ հարգանքի նշանակությունն ու դերը. հարգեց իր կայսրին, երկրի իշխանությունն ու օրենքները, և թագավորի հրամանն ու ծերակույտի ժողովի որոշումները երկնային պատգամ համարեց իր համար։ Իմացե՛ք, որ Հռոմը ոչ թե Պոմպեոսներով ու Տիտոսներով էր, որ զորացավ, ոչ թե իր աշխարհահռչակ կեսարներով էր, որ մեծացավ, այլ, առավելաբար, իր ժողովրդի՝ մեծերի նկատմամբ ունեցած հարգանքի ուժով ու զորությամբ էր, որ ապրեց։

Չինաստանն, այդ հեթանոս ազգը, որ զբաղեցնում է ողջ տիեզերքի բնակչության զգալի մասը և որ անհատնում է իր բազմազանության մեջ, մինչև այժմ պահում է իր վիթխարի գոյությունը, քանի որ ցայժմ գործնականորեն ու անկեղծորեն ցույց է տալիս իր հարգանքը ոչ միայն ընտանեկան, անհատական, աշխատանքային, պաշտոնական, մտերմական հարաբերություններում, այլև երկրի իշխանության՝ տերության հանդեպ։ Այս հեթանոս ազգը ամենահին ազգերից մեկն է և այսօր, ապառաժուտ լեռան նման բարձրաբերձ, կանգուն է մնում իր հնագույն ու նվիրական օրենքներով, և իր ժողովրդի յուրաքանչյուր ներկայացուցիչ էլ, 14 տարեկանից սկսյալ, գիտի հարգել երկրի նվիրական ու անգին ավանդությունները, բարքերն ու սովորությունները։

5․-Եթե հավատացյալ է, պետք է հարգի եկեղեցական ու ազգային ավանդությունները․- Ինչպես ժողովուրդները, նմանապես և եկեղեցիներն իրենց տևականությունը կարողացել են պահպանել հարգանքի գոյությամբ միայն։ Երբ եկեղեցում պակասում է մեծի հանդեպ հարգանքը և անարգանք է դրսևորվում նվիրապետության հանդեպ, երբ եկեղեցու կարգն ու սարքը «սովորական» երևույթներ են դիտարկվում, և հարգանք ու ակնածանք չի ընծայվում եկեղեցական սրբություններին, այդժամ եկեղեցին ու եկեղեցականությունը գոյություն, տևականություն ունենալ չեն կարող։ Երբ պատարագիչ քահանան դիտարկվում է իբրև դերասան կամ խաղարկու, երբ եպիսկոպոսը նկատվում է իբրև ոսկով հղփացած մեկը, երբ կաթողիկոսը դիտարկվում է իբրև առաքյալների անարժան հաջորդը, այս ամենի հետևանքով, բնականաբար, եկեղեցին Բաբելոնի է վերածվում, մարդկանց բարքերում ավելանում է ապականությունը, և առաքինությունն ու ազնվությունը վերանում, հողին են հավասարվում։

Իմացե՛ք, որ երբ ժողովուրդը թերանում է իր հարգանքի մեջ, անտարբեր է գտնվում իր եկեղեցու և եկեղեցականության նկատմամբ, ապա հետզհետե քահանայական դասերում ևս պիտի պակասեն պարկեշտ, բարեկրոն քահանաները, առաջնորդական աթոռից՝ առաջնորդը, սուրբ Սեղանի առջևից՝ պատարագիչը, դասի միջից՝ երգեցողները։ Եվ երբ աթոռը՝ առանց առաջնորդի, երբ Պատարագի Սեղանն առանց պատարագչի է մնում, երբ քահանան այլևս չի օրհնում, այնժամ որևէ բան չի կարող բարգավաճել ու առատանալ։

Երբ արժանավոր քահանան չի հարգվում իբրև նվիրական, օծյալ մի անձ, այդժամ ամեն բան քայքայվում ու վատթարանում է. եկեղեցում թառած բուեր պիտի տեսնեք մոմերի լույսերի փոխարեն։ Այնտեղ իրենց թևերը տարածած հավալուսներ պիտի տեսնեք խաչերի փոխարեն։ Այնժամ դևեր պիտի տեսնեք՝ բազմած հրաշտակատեսիլ սրբերի պատկերների առջև։ Երգեցողների փոխարեն գայլերի ոռնոց պիտի լսեք միայն։

Մենք դժբախտ ազգ ենք և միայն եկեղեցու գոյության շնորհիվ ենք ցայժմ անկախ ապրել։ Եվ եթե բոլոր փորձությունների միջից կարողացել ենք դուրս գալ ու հասնել այս օրվան, ապա դա նվիրապետության, եկեղեցական նվիրական ավանդությունների, ազգային անգին սովորությունների նկատմամբ մեր նախնիների ունեցած հարգանքի շնորհիվ է։ Հայ եկեղեցին, որ բոլոր ազգերի հիացմունքի առարկան է եղել, հարգանքի ամենամեծ ու ամենասուրբ դպրոցն է և, միանշանակ կարող ենք ասել, որ եկեղեցին իր հոգևորականության մեջ պահպանված ու ժողովրդի կողմից պահանջված կարգապահությանն է երախտապարտ իր գոյությունը։

Եկեղեցուն միայն կրոնական տեսանկյունից մի՛ մոտեցեք, այլև մոտեցեք իբրև ազգային ինքնության և գոյության պահպանման մի վայր։ Եթե նույնիսկ զուրկ եք կրոնական համոզմունքներից, կարող եք այնտեղ մտնել ազգային ըմբռնումով, քանի որ մեր եկեղեցին կրոնական վայր լինելով՝ ազգային մի վայր է։ Այնտեղ ինչին որ դիպչեք, ինչին որ մոտենաք, ինչ որ ուզենաք շոշափել կամ համբուրել, ազգային նշանակություն ու պատմություն ունի իր մեջ։ Որքա՜ն մեծ պարտականություն է ծանրանում ամեն հայի վրա առհասարակ՝ լինի կրոնասեր, անկրոն, հավատացյալ կամ անհավատ, հարգելու ա՛յն ամենը, ինչը պատկանում է եկեղեցուն։

6․- Եթե եկեղեցական է, պետք է նվիրապետական աստիճանների պահանջներին համապատասխան խոնարհվի եկեղեցական օրենքների և կարգերի առաջ․- Ոմանք, դժբախտաբար, Քրիստոսի Ավետարանը, քրիստոնեությունը սխալ ըմբռնած լինելով՝ ծայրահեղ մեկնությունների են ենթարկել Քրիստոսի այս խոսքը՝ «Գիտեք, որ ազգերի իշխանավորները տիրում են ազգերի վրա, և մեծամեծները իշխում են նրանց վրա: Ձեր մեջ ևս չպետք է այդպես լինի, այլ ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մտթ. Ի 25-26), ինչպես նաև Պետրոս առաքյալի այս հանձնարարությունը՝ «Ոչ թե տիրելով նրանց, որ բաժին են ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին» (Ա Պետ. Ե 5), և անպատկառորեն ո՛չ մեծ ճանաչել են ուզում, ո՛չ գլխավոր, ո՛չ առաջնորդ, ո՛չ հրամայող և ո՛չ տիրող՝ մատնացույց անելով այն, որ քրիստոնեությունը համահավասարություն է ենթադրում, որ այնտեղ մեծ ու փոքր չկան, ամենքն էլ հավասար են. դասակարգություն չպիտի լինի, վեր ու վարի խնդիր չպիտի լինի։

Դժբախտաբար, սակայն, այդ սոփեստները Սուրբ Գրքի մի էջն են կարդացել միայն: Նրանք նկատի չեն առնում, որ քրիստոնեության հիմնադիրն Ինքն իսկ, համահավասարության առաջին ջատագովը լինելով, մանկությունից ի վեր իմացավ հնազանդվել ու հարգել իր ծնողներին և Իր աշակերտներից ու նաև Իր հետևորդներից էլ պահանջեց հարգանք ընծայել Իր անձին՝ զգուշացնելով, որ «ովքեր հարգանք չեն ընծայում Որդուն, հարգանք ընծայած չեն լինում Աստծուն [Հորը]» (հմմտ․ Հովհ․ Ե 23)։

Ուրեմն, քրիստոնեական կրոնի հիմնադիրն, ընդունելով, որ Աստծու առաջ ամենքն էլ հավասար ու մի են, սակայն կարգապահության պահպանման համար հարգանք ու հնազանդություն պահանջեց, և առաքյալներն էլ իրենց քարոզության ժամանակ նույնը վարդապետեցին և իրենց նամակներում շեշտեցին հնազանդության ու հարգանքի անհրաժեշտությունը, առանց որի անհնար կլիներ ապահովել որևէ հաստատության տևականությունը։

Հիսուս, երբ ասում է՝ «այլ ձեզնից ով կկամենա մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի», ակնարկում է աշխարհիկ գոռոզությունը, սնափառությունն ու հպարտությունը, հակառակ դեպքում Նա առաքյալներին որևէ իշխանություն չէր տա։ Երբևէ չէր ասի՝ «Ինչ որ կապեք երկրի վրա, կապված պիտի լինի երկնքում, և ինչ որ արձակեք երկրի վրա, թող արձակված լինի երկնքում» (Մտթ. ԺԸ 18)։ Այսինքն, թե՝ «ի նպաստ Իմ վարդապետության ինչ կարգադրություն որ անեք, ընդունելի կլինի Աստծո առաջ»։ Նա չէր ասի նաև՝ «Ով որ ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով որ ձեզ է մերժում, Ինձ է մերժում, և ով որ Ինձ է մերժում, Ինձ ուղարկողին է մերժում» (Ղուկ. Ժ 16)։

Առաքյալներն իրենց հանձնված իշխանությունը լիովին գործադրեցին և պատժի ենթարկեցին նրանց, ովքեր չհնազանդվեցին ու չհարգեցին այդ։ Պողոս առաքյալը նույնիսկ ասում է. «Վրեժխնդիր պիտի լինեմ անհնազանդների հանդեպ» (հմմտ․ Բ Կորնթ. Ժ 6)։ Եվ մի ուրիշ տեղ նորից ասում է. «Առաջ ասել եմ և դարձյալ կանխավ ասում եմ… եթե դարձյալ գամ, չեմ խնայելու ձեզ» (Բ Կորնթ. ԺԳ 2)։

Ապա ուրեմն առաքյալները, Քրիստոսի ծառա ու պաշտոնյա լինելով, իշխում էին իրենցից ստորադաս պաշտոնյաներին ու հավատացյալներին և կարգի էին հրավիրում նրանց, ովքեր արհամարհում էին ու չէին հարգում, ու այդպիսիններին մինչև իսկ պատիժը չէր խնայվում։ Նզովյալներ են բոլոր նրանք, ովքեր չգիտեն, թե ինչ է նշանակում հարգանքը, հնազանդությունն օրենքներին, մեծերին, իշխանություններին, ավանդություններին, սրբություններին։

Բնականաբար, արհամարհողներն ու անպատվողները, եթե զավակ են՝ պիտի զրկվեն օրհնությունից, եթե ծառա են՝ վստահությունից, եթե քաղաքացի են՝ պատվավորությունից, եթե պաշտոնյա՝ պատվից, եթե եկեղեցական՝ շնորհից։ Ուրեմն, համաձայն երկու մեծ առաքյալների պատգամի՝ հարգե՛լ իմանանք մեկս մյուսին։ Երանի՜ թե հարգանքի իմաստի ու նշանակության մասին յուրաքանչյուրս լրջորեն խորհեինք ու իմանայինք, որ ա՛յն է մեր կյանքի բարօրությունն ու օրհնությունը։ Երանի՜ թե ծառաներն՝ իրենց տերերին, ամուսինները՝ մեկմեկու, զավակներն՝ իրենց ծնողներին, քաղաքացիները՝ երկրի օրենքներին, հավատացյալները՝ եկեղեցու ավանդություններին ու սրբություններին, եկեղեցականները՝ նվիրապետությանը հարգանք ընծայել իմանային, քանի որ այդժամ միայն մեզանում ապահոված կլինեինք աստվածային օրհնությունը, բարօրությունն ու երջանկությունը։

Տեր Ղևոնդ վրդ. Դուրյան, «Պարզ քարոզներ», Բ հատոր, Փարիզ, 1924 թ.

Արևելահայերենի վերածեց Գևորգ սրկ. Կարապետյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan