Սեյրան Մալխասյան. Եթե

Սեյրան Մալխասյան. Եթե

Եթե անեծք է դառնալու մի օր
Քեզ աշխարհ բերած երկիրն Ավետյաց,
Մարդը տանիք է փնտրելու մի նոր,
Որ փութով լքի հողն իր ամլացած,
Երբ հազար տարում շինածը մեկեն,
Մի ակնթարթում պիտի խարխլվի,
Ու ծնվեն միայն ճորտեր ու բեկեր,
Ու ճորտից նույնիսկ չոր հացը խլվի,
Եթե քաղցած է մեկը իմ մեղքով,
Երբ ես ճաքում եմ պարարտությունից,
Եվ ողջ երկիրը պատված է վերքով
Ու հալումաշ է լինում իմ թույնից…
Անիծի՛ր, Տեր իմ, Քո ստեղծածին…

Եթե մարմինը դառնալու է սին,
Անապատի պես` չոր ու անապակ,
Ու լոկ մտածի սնվելու մասին,
Ինչպես կարասը խոր ու անհատակ,
Եվ եթե սիրտը պիտի բաբախի
Միայն մարմինը սնելու համար,
Ու ստնտուն է դառնալու վախի,
Մի ողջ ժողովուրդ անտուն ու անվար…

Եթե ինձ պիտի հայհոյեն անվերջ
Ու արժանանամ արգահատանքի,
Եվ հոգի ու սիրտ չտեսնեն իմ մեջ,
Այլ լոկ մոլուցքը փողի ու փառքի…
Եթե իմ մեղքով բյուրավոր մարդիկ
Պիտի հայհոյեն իրենց հայրենին,
Ու հայ լինելը դառնա նախատինք,
Եվ կանայք պահեն ամուլ այրերին…

Անիծի՛ր, Տեր իմ քո՛ ստեղծածին…
Քո՛ ստեղծածին…

10.01.2001

Հետևեք մեզ նաև Telegram-ում