Ինչու՞ է սերը համարվում առաքինությունների աղբյուր

Ինչու՞ է սերը համարվում առաքինությունների աղբյուր

Պողոս առաքյալն ասում է, որ անգամ հզոր հավատքն առանց սիրո ոչինչ է (Ա Կորնթ. 13.1-3): Նրա ուսուցումով հավատի, հույսի և սիրո համեմատության մեջ սրանցից մեծագույնը սերն է: Սերը բոլոր առաքինություններից համարվում է մեծագույնը, բայց այն նաև կարելի է համարել առաքինությունների աղբյուր, որովհետև առաքինությունները գործվում են սիրով: Հին Կտակարանի բազում պատվիրանները Նոր Կտակարանում Քրիստոս ամփոփեց ընդամենը մեկ պատվիրանի մեջ` սիրեցեք միմյանց: Մերձավորների հանդեպ սիրուն Քրիստոս ավելացրեց նաև թշնամիների հանդեպ սերը, որպեսզի մարդու սիրո ամբողջական արտահայտումը կատարյալ լինի: «Սերն է օրենքի լրումը»,- ասում է առաքյալը (Հռ. 13.10): Այսինքն` սիրո դրսևորումով արդեն իսկ կատարվում են բոլոր պատվիրանները, աստվածադիր օրենքները:

Սերն ավելի մեծ է հավատից ու հույսից, որովհետև սրանք վերանալու են, իսկ սերը մնալու է: «Բայց արդ, մնում են հավատ, հույս, սեր. սրանք` երեքը. և սրանցից մեծագույնը սերն է» (Ա Կորնթ. 13.13): Հավիտենության մեջ հավատքն իր տեղը զիջելու է տեսությանը, իսկ հույսը` տիրապետությանը, քանզի ինչին որ հավատում ենք, արդեն տեսնելու ենք, իսկ ակնհայտ իրողությունը հավատի կարիք չի զգում: Ինչի հանդեպ որ հույս ենք տածում, այն ստանալու ենք, իսկ հույսը դադարում է հուսացվածի տիրապետությամբ: Միայն սերն է, որ մնալու է, և սիրով է, որ շարունակելու ենք միանալ Աստծուն, Ում մասին Սուրբ Գիրքն ասում է. «Աստված սեր է» (Ա Հովհ. 4.8, 16):

Ադամ քահանա Մակարյան «Ոչ միայն հացիվ»

Սուրբ Էջմիածին 2016թ.

Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում