Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի մասին

Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի մասին

Ըստ Հայ Առաքելական Եկեղեցու ավանդաբանությամբ, սրանք հռոմեացի կույսեր էին, որ ապրում էին Հռոմի Ս. Պողոս կուսանոցում, Գայանե մայրապետի գլխավորությամբ, որոնք փախչելով Դիոկղետիանոս կայսեր հալածանքներից` գալիս են Արևելք, երկրպագում Փրկչի տնօրինական տեղերին և ապա Եդեսիայի վրայով անցնում Հայաստան ու հաստատվում Վաղարշապատ մայրաքաղաքի մոտ` հնձաններում: Տրդատ արքան, հմայված Հռիփսիմե կույսի գեղեցկությամբ, ցանկանում է ամուսնանալ նրա հետ, սակայն մերժվելով` հրամայում է բոլոր կույսերին մահապատժի ենթարկել, որը տեղի է ունենում Վաղարշապատում, 301 թ.` Ս. Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելնելուց մի քանի օր առաջ: Հռիփսիմեն 32 ընկերուհիներով նահատակվում է քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, կույսերի առաջնորդ Գայանեն` երկու ընկերուհիներով` հարավային կողմում, իսկ մեկը, որ հիվանդ էր` հնձանում: Այս պատմությունը մեզ է ավանդում Դ-Ե դարերի պատմիչ Ագաթանգեղոսը:

Լուսավորիչը կարողանում է հավաքել և ամփոփել կույսերի նշխարները և նրանց նահատակության վայրերում կառուցել երեք փայտաշեն վկայարաններ: 615-618 թթ. Կոմիտաս կաթողիկոսը կերտում է Ս. Հռիփսիմե սքանչելի քարաշեն տաճարը, ինչպես նաև կույսերի նահատակության փառաբանության համար գրում «Անձինք նուիրեալք» շարականը:

Եկեղեցական հանդես Քարաշեն տաճար է կառուցվում նաև Ս. Գայանեի նահատակության վայրում 632 թ., Եզր կաթողիկոսի ձեռնարկումով, ինչպես նաև 18-րդ դարում կույսերի բնակության վայրում` հնձանում, Ս. Շողակաթ եկեղեցին, Նահապետ Եդեսացի կաթողիկոսի օրով:

Հայ Եկեղեցին կույսերի հիշատակը տոնում է Ս. Գրիգոր Լուսավորչի` վիրապից ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում