Սաուդյան Արաբիան մտադիր է հատուկ թանգարան կառուցել դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի համար

Սաուդյան Արաբիան մտադիր է հատուկ թանգարան կառուցել դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավի համար

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Սաուդյան Արաբիան նախատեսում է կառուցել հատուկ թանգարան, որտեղ կցուցադրվի Վերածննդի հայտնի նկարիչ Լեոնարդո Դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» կտավը։ Այս մասին գրում է artguide.com կայքը հղում անելով Wall Street Journal-ին։

«Աշխարհի փրկիչը» կտավը ստեղծվել է մոտ 1500 թվականին։ Գրեթե հինգ դար այն հանրությանը չէր ցուցադրվել և համարվել էր կորած։ Միայն 2011-ին «Աշխարհի փրկիչը» առաջին անգամ ցուցադրվել է Լոնդոնում, իսկ վեց տարի անց Christie’s աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով՝ 450 միլիոն դոլարով և այդ ժամանակվանից համարվում է ամենաթանկ կտավը։ Այնուհետև հայտնի է դարձել, որ կտավը գնել է Սաուդյան արքայազն Մուհամեդ բին Սալմանը։

Նախապես ծրագրված էր նկարը ցուցադրել սաուդյան Էլ-Ուլա շրջանում կառուցվող մեծ մշակութային կենտրոնում։ Չնայած նավթի գների անկմանը, Սաուդյան Արաբիան հայտարարել է մշակույթի և արվեստի ոլորտում միլիարդավոր դոլարների ծրագրի մասին, այդ թվում 12 գեղարվեստական ինստիտուտներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում