Վահագն Մարգարյանի անվան մշակույթի տունը կվերանորոգվի

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երջանկահիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի անունը կրող մշակութային օջախը, որը գտնվում է Ապագա համայնքում, կվերանորոգվի և նոր շունչ կստանա:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Արմավիրի մարզպետարանից, մշակույթի տան վերանորոգումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 14 մլն 169.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 4 մլն 959.28 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 45%` 6 մլն 376.22 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը` 20%` շուրջ 2 մլն 834 հազ. դրամ:

1973 թվականին կառուցված մշակույթի տունը գործել է մինչև 90-ական թվականները` համայնքում ակտիվ պահելով մշակութային կյանքը: 90-ականներից հետո շենքի տանիքը, հատակն ու գույքն ամբողջությամբ վնասվել են: Իսկ արդեն 2009-19 թվականներին համայնքային բյուջեի միջոցներով մշակույթի տունը մասնակի վերանորոգվել է` ապահովագրելով հետագա քայքայումից:

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել բարենպաստ շենքային պայմաններ արտադպրոցական խմբակների, գրադարանի լիարժեք գործունեության և համայնքում մշակութային կյանքի վերակտիվացման համար: «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ էլ հաշվետու տարում կվերականգնվի և կամրակայվի Ապագայի մշակույթի տան նախասրահում գտնվող ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի` 1974 թվականին հեղինակած «Սասունցիներ» որմնանկարը (18 x 3.70 մ), որն ունի հանրապետական նշանակության նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 5 հիմնական աշխատատեղ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում