Սեյրան Մալխասյան. Ունայնություն

Սեյրան Մալխասյան. Ունայնություն

Ամպեր ենք դարձել մենք ամպրոպածին
Ու թափառում ենք ողջ աշխարհով մեկ,
Մեր գեներում կա անհայտ մի բացիլ,
Որ միշտ մեր նավը թողնում է անղեկ:

Անվերջ դեգերման ճամփան բռնելով`
Մի օր չենք նստում կլոր սեղանի.
Անառակի դեմ դառնում ենք ներող,
Չգիտենք ո՞րն է մեր սպեղանին:

Մենք հազար տեսակ գեհենով անցանք,
Բազում թշնամու առճակատեցինք,
Սակայն դեռ չունենք Ընդհանուր բաղձանք,
Ապրել Միատեղ ու Բարեկեցիկ:

Մեր տառապանքը փորձ չունի, եթե
Օտարն է անդուլ մեզ դասեր տալիս,
Փորձությունները մնում են անհետք,
Երբ հինը չանցած` մի նորն է գալիս:

Մեր հանճարներին ոտքի տակ տալով`
Ուրիշի աղբն ենք բեմ հանում անվերջ,
Այլլոց բարքերը հար գովերգելով
Եվ թույն թափելով մեր աղբյուրի մեջ:

Ո՞րն է մեր ուղին և ու՞ր ենք գնում,
Երկրի տերերը նույնիսկ չգիտեն,
Ամենքս արքա մեր հավաբնում.
Առանձին ուժեղ և թույլ համատեղ:

Ի վիճակի չենք ընտրել լավերին,
Կանաչ է գորշի ճամփան ամեն տեղ.
Հեշտությամբ կուլ ենք գնում դավերին`
Պատրաստ մեր վաղը մեր ձեռքով խեղդել:

Է՜հ, ի՞նչ եմ ասում, գիտե՛նք բոլորս
Ու բազմափորձ ենք նման հարցերում,
Պտտվող քար ենք եղել մինչ օրս
Ստահակների ջրաղացներում:

Սովորեցնում են աջից ու ձախից,
Անվերջ “իմաստուն” խորհուրդներ տալիս,
Ու դրանով իսկ գալիս մեր հախից`
Հաճախ ժպտալով, երբ ազգն է լալիս…

Սակայն, երբ թերթենք գրերը մեր հին ,
Լսենք խորհուրդը հին պատգամների,
Ելք գտնենք գուցե ելնել գեհենից`
Պահելով մեր մեջ մեր լավն ու բարին:

Ինչու՞ դանակը հասնի ոսկորին,
Որ վերջին խելքին զոռ տանք նոր միայն,
Աստված մի կյանք է տվել բոլորիս,
Ձեռք-ձեռքի տալով` չենք մնա ունայն:

16.12.2003

Հետևեք մեզ նաև Telegram-ում