Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

Սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից

«Այսօր երգէ եկեղեցի որդւովք իւրովք ընդ հրեշտակս յիշատակի Լուսաւորչին. փառք ի բարձունս Ասոտծոյ»:

«Այսօր հրեշտակների հետ երգում է եկեղեցին իր որդիներով՝ ի հիշատակ Լուսավորչի. փա՜ռք Աստծուն բարձունքներում» (Շարական)։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի՛ զավակներ,

Տիրոջ անբավ օրհնությունը շարունակվում է հեղվել մեզ վրա և այսօր կրկին հոգևոր մեծ ուրախության առիթ ունենք, քանի որ դարձյալ տոն է մեր Մայր եկեղեցում՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի ելքը վիրապից: Ցավոք մեծ շուքով և մեր սիրելի Հայրապետին վայել շքեղ տոնախմբությամբ չենք նշում տոնը հայտնի պատճառներով, սակայն հավատում ենք, որ Հայոց հավատի կանթեղն այսօր առավել մեծ զորությամբ է բոցկլտում երկնակամարում՝ իր հայրապետական սերը, մխիթարությունն ու ամոքիչ աղոթքը սփռելով Հայաստան աշխարհի ու համայն հայության վրա:

Քրիստոնյայի ընթացքը վերելք է, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ դեպի Երկնային Սիոն է ընթանում և լի է բազմաթիվ արգելքներով ու դժվարություններով, ինչպես որ ծառի գագաթին աճող ամենաքաղցր պտղին հասնելն ամենադժվարն է և ջանք ու եռանդ է պահանջվում այն ճաշակել կամեցողից: Սակայն այս դժվարին ընթացքը բազմակի քաղցրանում է, երբ տեսնում ես նպատակակետը, որի համար ջանում ես, քանի որ այդ դեպքում ջանքերդ էլ, դժվարությունները հաղթահարելն էլ իմաստավորվում են և զորանում ես մի անբացատրելի ուրախությամբ՝ բոլոր ուժերը լարելու և բաղձալի նպատակին հասնելու համար: Գովելի է, եթե ուժերդ վսեմ ու առաքինի նպատակի համար ես ծախսում, եթե ինքնակամ անցնում ես տառապանքի միջով, որը քեզ մաքրագործում և ավելի բարձր հարգ է շնորհում, սակայն հազարապատիկ առավել ես օրհնվում, երբ նպատակդ Քրիստոս է, երբ ճանապարհիդ թագն ու պսակը աստվածնմանությունն է: Խոսքերիս փաստումն այսօրվա տոնն է, սիրելի՛ հավատացյալներ, որովհետև չէր լինի պատմություն, չէր լինի տոն և ի վերջո՝ չէր լինի հաղթանակ, եթե սուրբ Գրիգոր Լուսավորչի նպատակը, գոյության իմաստը չլիներ Քրիստոս:

Նայե՛ք ձեր շուրջը, նայե՛ք աշխարհին, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, և հոգևոր հայացքով տեսեք այն խոր վիրապները, որ մարդիկ իրենք են իրենց համար փորում, լցնում կարիճ ու իժով և նետվելով դրանց մեջ՝ տառապում են, տառապում ու տառապում: Տառապում են առանց հույսի, տանջվում են անիմաստ տառապանքով, որովհետև պարզվում է, որ աշխարհիկ նպատակները, որոնց համար գլխովին նետվում են վտանգի ու արկածների մեջ, խաբուսիկ են ու անցողիկ, իսկ ցավը մնում է և անհագ որդի պես կրծում ու մաշում սիրտը: «Կյանքիդ կարևորագույն երկու օրերից մեկն այն օրն է, երբ ծնվեցիր, իսկ մյուսը՝ երբ հասկացար, թե ինչու ես ծնվել»,- շատ ճիշտ նկատել է Մարկ Տվենը: Իսկ մարդիկ հաճախ ապրում են կեղծ արժեքների համար, կամ էլ երբեք իմաստ չեն փնտրում իրենց գոյությանը և այդ է պատճառը համատարած հուսահատության ու մաղձի, այդ է ինքնասպանությունների պատճառը, որովհետև մարդը չի տեսնում այն բարձրագույն նպատակակետը հանուն որի արժե պայքարել, առաջ շարժվել ու ապրել:

Մեր սուրբ հայրապետն ուներ այդ նպատակը, և դա այն բարձրագույնն է, որ մարդ արարածը կարող է և պե՛տք է ունենա: Կարդացե՛ք սրբի՝ մահաբեր գուբը նետվելուն նախորդող տասներկու անմարդկային չարչարանքների մասին: Ահ ու դողով ես պատվում և հրաժարվում ես հավատալուց, որ մարդն ունակ է նման չարիք գործելու, և ունակ է դիմանալու դրան: Սակայն պատմիչը փաստում է, որ դիվական մտքի արգասիք չարչարանքներն իրապես եղել են, և Քրիստոսակիր այրը հաղթահարել է դրանք: Իսկ գիտե՞ք, թե ինչու է հաղթահարել և փառապանծ հաղթանակով ավարտել այս մարտը սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Որովհետև նրա կյանքի իմաստը, նրա գերագույն ու բաղձալի նպատակակետը՝ Քրիստոս, անմատչելի բարձունքում անտարբերությամբ ու անհաղորդ նստած մեկը չէ, այլ սիրող Հայր է, որ ամենախնամ Աջը մեկնում է Իր զավակին, նախքան նրա օգնություն հայցելը: Քրիստոս սիրող Հայր է, որ ամեն վայրկյանի ներկա է Իր սիրելիներից յուրաքանչյուրի կողքին, որ լսում ու տեսնում է ամեն ինչ և անհապաղ օգնություն և օրհնություն է բաշխում, միայն թե կամենանք և աղոթալի հայացքներս դեպի Երկինք դարձնենք: «Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատության մեջ լինել: Ամեն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թե՛ կուշտ լինել, թե՛ քաղցած մնալ, թե՛ առատության մեջ լինել, թե՛ զրկանք կրել: Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլ. 4:12, 13):

Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբալույս կերպարը, ցնցող իրադարձություններով ու հրաշքներով լի վարքով, մի անգնահատելի ժառանգություն է համայն քրիստոնյա աշխարհի և մասնավորապես հայ քրիստոնյաների համար, քանի որ ճշմարիտ հավատի, նվիրումի, սիրո ու անձնազոհության մի բազմախորհուրդ պատմություն է, կյանքի ճանապարհ, որին կոչված է յուրաքանչյուր ճշմարիտ քրիստոնյա: Այն ներշնչանքի անսպառ աղբյուր է մեզ համար, պայքարի ու զարմանահրաշ հաղթանակի պատմություն, որ սկսվեց երկրի վրա ու պսակվեց Երկնքում: Վիրապից ելնելու տոնն այն փառահեղ հաղթության պատմությունն է, որ միմիայն ճշմարիտ ու ամենակալ Աստծով է հնարավոր: Այն ևս մահվան նկատմամբ կյանքի հաղթանակի տոն է, հարության տոն է, քանի որ ամենքի համար մեռած էր սուրբ Գրիգորը, և մահվան խորխորատից դուրս գալը հավասարազոր էր հարության: Այն նաև ապաշխարության զորեղ քավիչ ուժի հաղթանակն է, քանի որ մեր սուրբ հայրապետն այդ տասնչորս տարիների փորձության միջոցով ասես մի ողջ ազգի ապաշխարության բեռն իր ուսերին առավ և ապացուցեց, որ արարածի ապաշխարությամբ հաղթվում է չարն ու փառավորվում Արարիչը: Ապացուցեց, որ մահաբեր գուբն անգամ մահավճիռ չէ, եթե քեզ հետ է ամենակարող Աստված:

Անչափ կարևոր է սրա մասին հիշելը, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս: Հատկապես այս օրերին, երբ անձնական փորձություններին գումարվել են նաև համընդհանուր՝ համամարդկային փորձությունները, երբ սթափ միտքը, մաքուր շուրթերն ու բարի վարքը ոսկուց էլ առավել են գնահատվում, կարևոր է հիշել մեր սուրբ հայրապետին ու երբեք ու երբեք չհուսահատվել: Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է վերանայել ունեցած արժեքներն ու վերագնահատել մեր կյանքը: Այսօր, առավել քան երբևէ, հարկ է տեսնել մեր կյանքի, գոյության ու ընթացքի իմաստն ու քաջությամբ առաջ շարժվել: Այսօր, առավել քան երբևէ, մեր սերն ապացուցելու ժամանակն է՝ առ Աստված և առ մերձավոր, քանի որ այս երկուսն անքակտելի են:

Տասնյոթ դար առաջ կուռքի մեհյանի առջև կանգնած սուրբ Գրիգոր Լուսավորիչն ամենևին էլ երկնտրանքի առջև չէր, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ ընտրությունը վաղուց կատարված և անփոփոխելի էր. ապագայի հայոց հայրապետը Կյանքն էր ընտրել, լույսն արդեն իսկ հաղթել էր խավարին նրա հոգում: Եվ ոչ թե ապագայում, այլ հենց այդ վայրկյանին խորտակվեցին Հայոց աշխարհն ապականող մեհյանները, երբ սուրբ Գրիգորն ընտրեց մահը հանուն Քրիստոսի:

Ի՜նչ երանելի ազգ ենք մենք, սիրելինե՛ր, որ հավատի նման առաջնորդ ունենք՝ Աստծուց պարգևված: Ինչպիսի՜ պատիվ ու պատասխանատվություն է իմ և մյուս բոլոր Գրիգորների համար կրել Աստծու սիրելի և ընտրյալ անոթի անունը: Ինչպիսի՜ շնորհ ու մխիթարություն է նման մեծության բարեխոս սուրբ ունենալ Ամենակալի գահի առջև: Հիշո՞ւմ եք Հովհաննես Գառնեցի վարդապետի տեսիլքն Ահեղ դատաստանի մասին, որում սուրբ Գրիգոր Լուսավորչի գալն ուղեկցվում է հրեշտակների օրհներգությամբ, և նրա գահը դրվում անգամ առաքյալների գահից բարձր՝ Աստծու գահին մոտ: Արդ, որպես մեծն Լուսավորչի ժառանգներ ու հետնորդներ՝ արիասիրտ ու միաբան, սուրբ Խաչով ու Ավետարանով, սաղմոսով ու շարականով քայլենք մեր հավատի հոր անցած ճանապարհով՝ փաստելու, որ Քրիստոսի հանդեպ ունեցած նրա բոցավառ սերն ու հավերժ հավատարմությունը հայի արյան, հայի շնչի ու ոգու միջոցով մեզ էլ է փոխանցվել: Թող որ Քրիստոս Արեգակ հավերժ շողա մեր հորիզոնում՝ հիշեցնելով, որ մարմնի չարչարանքը տանելի է, եթե ամենակարող Բժիշկն է աջակիցդ: Թող հիշեցնի, որ հանուն Քրիստոսի զրկանքներն ու զոհողություններն անփուտ պտուղներն են, որ կուտակվում են բարեգութ Այգետիրոջ շտեմարաններում, որպեսզի դուրս բերվեն փառապանծ օրն ու անթառամ պսակներով զարդարեն հավատարիմների ճակատները: Ո՛չ արքայի մոլեգին ցասումը, ո՛չ մահապարտների գուբը, ո՛չ տանջանքներն ու միայնությունը չկարողացան վախեցնել աստվածակիր սրբին ու խլել ապրեցնող հույսն ու հավատը: Եվ Քրիստոսի քաջարի մարտիկն առանց վարանելու վիրապի անդունդն իջավ, որպեսզի ջախջախի վիշապի գլուխն ու մեզ երկինք բարձրացնի, ինչպես որ շարականագիրն է երգում: «Տերն է իմ ապավենը»,- սաղմոսերգում էր սրբի հոգին երկրի խորքից և ի պատասխան լսում Երկնքից. «Մի՛ վախեցիր փոքրիկ հոտ… Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում…» Արդ դուք էլ, սիրելի՛ հավատացյալներ, սրտում ու մտքում մեկընդմիշտ հաստատեք ձեր կյանքի իմաստը, որ Է Քրիստոս, և այնժամ ոչինչ ու ոչ ոք չի կարողանա վախեցնել, ընկճել կամ հուսահատեցնել ձեզ: Ձեր տառապանքը համեմատեք սուրբ Հայրապետի կրած տասներկու սարսռեցնող չարչարանքների ու տասնչորս տարվա զրկանքի հետ և մխիթարություն կգտնեք: Ապրե՛ք Քրիստոսով և կյանք կունենաք: Ապրե՛ք սուրբ Լուսավորչի հավատքով և կտիրապետեք ճշմարտությանը: Աղաչե՛ք սուրբ Հայրապետին, որպեսզի առ Աստված իր մեծ սիրո, հավատի, նվիրումի ու հեզության անմար կանթեղից գեթ մեկ կայծ ուղարկի ձեր հոգիներին և այնժամ կարող եք հուսալ, որ Ահեղ Դատաստանի օրն Արդար Դատավորը՝ տեսնելով Իր սիրելի սրբի հետնորդների հոգիներում Լուսավորչի վառած հավատի կրակը, ողորմություն կշնորհի նրանց ու խաղաղություն կպարգևի իրենց հավատի հոր ոտքերի մոտ. ամեն:

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում