Միայնակ Ծառը

Միայնակ Ծառը

Նա իր ցեղի ասպատակված
հիշողության նման մերկ
եւ իր ամուր տերեւներից
թանձր ստվեր կաթելով,
նա մեն-մենակ թանձրացել է
ժայռի վրա տոթ ու լերկ.
նա՝ միայնակ ծառն աշխարհի
մենակությունն ատելով:

Օ՜, այն դաժան, տառապագին
կյանքը, որ դու ես տանում,
հալածական ու վիրավոր
արմատներով ու սրտով,
ի՞նչ հրաշքով ես դու արդյոք
քարի ընդերքը քամում,
ի՞նչ ոգի է ապրում քո մեջ
անմահության կարոտով:

Մի ողջ անտառ հառաչելով
եւ կոծելով ողբագին,
անդարձորեն հեռացել է
այս կողմերից, էլ չկա,
եւ գիտեմ, որ այդ կորստյան
անհուն սարսափը կրկին
պիտի ճչա քո աչքերում
անհագորեն ու ագահ:

Նա իր ցեղի ասպատակված
հիշողության նման մերկ,
իր պղնձե տերեւներից
թանձր ստվեր կաթելով,
նա մեն-մենակ թանձրացել է
ժայռի վրա տոթ ու լերկ,
նա՝ միայնակ ծառն աշխարհի
մենակությունն ատելով:

Երբ արեգակն առավոտյան
բարձրանում է հորիզոն
եւ ձգվում է երկինքն ի վեր՝
իր շողերից կառչելով,
երբ անտառը նրա շողի
տաքուկ շրշյունն է լսում
եւ սվսվում հազարաձայն՝
հառաչելով, թանչելով,

Չի հասկանում այդ ծառերի
եւ ոչ մեկը հիրավի,
թե արեգակն ամբողջովին,
երկինքն ու՞մ է պատկանում,
ու՞մն են արդյոք գիժ հողմերը
հյուսիսի եւ հարավի,
ու՞մն է սերը, ու՞մն է ցավը,
ու՞մն է սարսափը անհուն:

Բայց միայնակ, ժայռի վրա,
հպարտորեն ու վսեմ,
արեգակին դու ընդունում
եւ ճանապարհ ես դնում,
չես հանդուրժում, որ թփերը
քո հառաչանքը լսեն,
եւ կարոտի մորմոքներդ
քարերի տակ են քնում:

Երկինքն ամբողջ իր կապույտով
միայն քո մեջ է լցվում,
դու՝ հզորդ, քեզ ես ձգում
հիացումը ամենքի,
կյանքը միայն քեզնից ծնվում
եւ քո մեջ է ներծծվում,
դու խելահեղ, ամենաձույլ
մարմնավորումը կյանքի:

Քեզ հետ ապրել եւ հավատալ
կյանքի ուժին ու ոգուն,
չտրտնջալ ոչ ցավերի՜ց,
ոչ տանջանքի՜ց, ոչնչի՜ց,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները
փափկամեղկ ու մորմոքուն,
լինել քեզ հետ, քո թռչունը,
պղնձանալ քո շնչից:

Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում