Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի լիազորությունները դադարեցվում են

Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրենի լիազորությունները դադարեցվում են

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Հունիսի 16-ից դադարեցվում է Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանի լիազորությունները։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել նա։

«Վաղվանից դադարեցվում է ՀԱՊ տնօրենի պաշտոնում իմ լիազորությունները: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, աշխատակիցներին այս հինգ տարիների համագործակցության և ստացված աշխատանքի համար: Մեկ անգամ չէ, որ ասել եմ. «Արվեստի լավագույն գործերը պետք է հանգրվանեն Ազգային Պատկերասրահում»: Պահպանելով բոլոր արժեքները՝ այն ինչ ՀԱՊ-ի հավաքածուում է, դա թանգարանի անքակտելի մասն է:
Շարունակեք աշխատել, ստեղծագործել, ունեցեք բարձր առաջընթաց: Երկրի մայր թանգարանն ավելի քան լուրջ կառույց է, մշակութային հաստատություն: Այս տարիներին քիչ չեն եղել ձեռքբերումները՝ կարևորագույն ցուցահանդեսներ արտերկրում՝ հնարավորություն ունենալով ցուցադրել սեփական արվեստն ու մշակույթը, ներսում կազմակերպված բազմաթիվ ցուցահանդեսներ, գիտաժողովներ և կարևոր դասախոսություններ: Հիմնովին վերանորոգված սրահներ, ֆոնդապահոցներ և այլն: Աշխատակիցներիս հետ միասին պատիվ եմ ունեցել Պատկերասրահում կազմակերպել մեծանուն ծովանկարչի 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Այս շարքը կարելի է թվարկել….
Կրկին անգամ շնորհակալ եմ բոլոր այն անհատներին, պետական և ոչ պետական կառույցներին, իմ կոլեգաներին՝ համատեղ աշխատանքի, իրականացրած նախագծերի համար»,- գրել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու Արման Ծատուրյանը։

Ա.Ծատուրյանը հաղթել էր Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի թափուր պաշտոնի համար 2015 թ. հայտարարված մրցույթում։
Ազգային պատկերասրահի մամլո խոսնակ Անուշ Նիկողոսյանից Panorama.am-ը տեղեկացավ, որ Ա. Ծատուրյանն այդ պաշտոնում նշանակվել էր 5 տարի ժամկետով, այժմ լրացել է պաշտոնավարման հինգ տարին և պայմանագիրը չի երկարաձգվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում