«Եկեղեցում ճանչում ենք Աստծուն»․ Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

«Եկեղեցում ճանչում ենք Աստծուն»․ Տեր Աշոտ քահանա Սաֆարյան

– Ո՞րն է Եկեղեցու գործառույթը Աստծո ճանաչողության մեջ։

– Եկեղեցին հոգևոր և աստվածային հաստատություն է երկրի վրա, որի գլխավոր առաքելությունը կա և մնում է հավատացյալին նախապատրաստել Երկնային արքայության, Աստծո հետ միության: Եկեղեցին այն վայրն է, որտեղ մենք կարողանում ենք ճանաչել Աստծուն, այն հանդիսանում է Աստծո կամքի թարգմանը հավատացյալի համար: Դարեր շարունակ եկեղեցին անշեղորեն Աստծո խոսքը փոխանցել է հավատացյալին, և Աստվածաշունչն է, որ հադիսանում է Աստծո մասին ամենամեծ հայտնությունը: Որքան հավատացյալը շարժվում է Աստծո խոսքով, այնքան անշեղորեն է քայլում դեպի իր գերագույն նպատակը՝ դեպի Աստծուն միավորվելը:

– Ի՞նչ է պետք հավատացյալին Աստծուն ճանաչելու համար։

– Աստծուն ճանաչելու համար մեզանից պահանջվում է խոնարհություն և մեծ փափագ, որովհետև որքան անբնական կլինի, եթե մարդ իր ծնողին չցանկանա ճանաչել, առավել ևս որքան անբնական պիտի լինի, եթե մարդ չցանկանա ճանաչել Աստծուն: Ինչպես Դավիթ Մարգարեն է նկարագրում. «Ինչպես եղջերուն է ջրի ակունքներին փափագում, այնպես էլ ես եմ քեզ փափագում ո՛վ Աստված»:

– Ի՞նչ պետք է անի Եկեղեցին՝ դարձի բերելու համար իր այն զավակներին, ովքեր ինչ-որ պատճառով շեղվում են ճշմարիտ ճանապարհից:

– Իր մոլորյալ զավակներին ճշմարիտ աստվածպաշտության ճանապարհի բերելու համար՝ Սուրբ Եկեղեցու առաքելությունը ոչ միայն քարոզչություն իրականացնելն է, այլ նաև համապատասխան միջավայր ստեղծելը, որպեսզի դարձ և զղջում ապրողը կարողանա տվյալ միջավայրում վերահաստատվել՝ իր քրիստոնեական կոչման մեջ: Շատ կարևոր է գիտակցել, որ մեր հոգևոր ճիգերն արդյունավորվում են, երբ դրանք գործի են դրվում ճիշտ միջավայրում: Երբ մարդ եկեղեցի է գալիս և աղոթողներ է լսում, իր հավատը դրանից ավելի է զորանում, կամ երբ եկեղեցում Սուրբ Գրքի ընթերցում է լսում, ինքն էլ է փափագում Աստծո խոսքը սերտել: Այս ամենի համար մենք ունենք տիկնանց միություններ, երիտասարդաց միություններ, կիրակնօրյա դպրոցներ, որտեղ տարբեր տարիքի անձինք գտնում են իրենց պես մարդկանց, ովքեր աղոթքով, պահքով, աստվածճանաչողությամբ ձգտում են Աստծո կամքը կատարել և Նրան միավորվել:

– Ի՞նչ է փնտրում հավատացյալը եկեղեցում։

– Հավատացյալը եկեղեցում փնտրում է խաղաղություն։ Ոչ թե այնպիսին, որ աշխարհն է տալիս, այլ հոգևոր խաղաղություն, որ Աստված է տալիս: Գիտեք, փոփոխվող աշխարհում ապրող մարդու կյանքում առաջանում են բազմաթիվ հարցեր, որոնք տագնապների և անորոշության պատճառ են դառնում: Հավատացյալը եկեղեցում փնտրում է Աստծուն, և եթե կարողանում է իր սիրտը բացել Աստծո առաջ, Աստված գալիս և բնակվում է նրա մեջ:

– Ո՞րն է հոգևորականի դերը՝ ամուր եկեղեցի և հավատք կառուցելու հարցում:

– Ամուր եկեղեցի ասելով՝ հասկանում ենք համայնքային եկեղեցի, որտեղ նրա յուրաքանչյուր անդամ ապրում է հոգևոր կյանքով, և յուրաքանչյուրը իրեն պատկերացնում է եկեղեցու շինության մի քար, առանց որի եկեղեցին կթուլանա: Ինչպես շենքի կառուցման ժամանակ է պետք հսկել, որպեսզի այն ուղիղ բարձրանա, այնպես էլ յուրաքանչյուր մարդ իր մեջ ունի հավատ, որը պետք է հսկել՝ հոգևորականի միջոցով, որպեսզի այն աճի, զորանա՝ Աստծո կամքի և խոսքի համաձայն:

Հարցազրույցը վարեց Մարիետտա Խաչատրյանը

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում