Ութերորդ պատվիրան. մի՛ գողացիր

Ութերորդ պատվիրան. մի՛ գողացիր

Այս պատվիրանով (Ելք 20:15) Տերն արգելում է յուրացնել ուրիշի արդար սեփականությունը համարվող նյութական ու բարոյական բարիքները: Մարդը կարող է սեփականություն ձեռք բերել զանազան՝ արդար և անարդար եղանակներով: Վերջինի մասին է ութերորդ պատվիրանը, որն արգելում է ամեն տեսակի անօրինությամբ ձեռք բերված ունեցվածքը:

Գողը հակառակ է Աստծուն և թշնամի՝ մարդկանց: Աստծուն հակառակ է, որովհետև Տեր Աստված ասաց Ադամին. «Քո երեսի քրտինքով ուտես հացդ» (Ծնն.3:19): Հետևաբար, ուրիշի քրտինքի ու աշխատանքի արդյունքը գողացողը հակառակ ու անհնազանդ է Աստծու հրամանին: Դավիթ մարգարեն ասում է. «Դու քո ձեռքի վաստակը պիտի ուտես. երանի՜ քեզ, դա լավ պիտի լինի քեզ համար» (Սաղմ. 127:2): Իսկ գողը բոլոր մարդկանց թշնամին է այն պատճառով, որ եթե կարողանար, բոլորից կգողանար, չի գողանում, որովհետև չի կարողանում:

Գող է նա, ով փորձում է ապօրինաբար, ուժով կամ խարդախությամբ տիրանալ ուրիշի ունեցվածքին, ձեռք գցել կամ յուրացնել այն, ինչն իրեն չի պատկանում՝ լինի նյութական կամ աննյութական հարստություն և ունեցվածք: Գողության տեսակները զանազան են՝ կողոպուտ, սրբապղծություն (յուրացնել սուրբ իրերը կամ անփութորեն վերաբերվել), կաշառակերություն, անգործություն (երբ ստանում են աշխատավարձ, բայց չեն կատարում իրենց պարտականությունները), վաշխառություն և ամեն ինչի յուրացումը ստի միջոցով: Գողություն է համարվում, երբ մարդը խուսափում է վճարել պարտքը, թաքցնում է գտնվածը, վաճառքի մեջ թերակշռում է, պահում է աշխատավորի աշխատավարձը և այլն: Գող է նա, ով երկրի ավանդն ու հարստությունն է թալանում: Գող է այն զավակը, որ ծնողների սեփականությունը ծածուկ՝ առանց նրանց գիտության, վերցնում է և վաճառում: Այս ախտը տարածված է թե՛ հարուստ, թե՛ աղքատ ընտանիքներում:

Գուցե շատերի համար մի բուռ ցորենը կամ մի քանի պտուղ գողանալը գողություն չէ, բայց բոլորին հայտնի է հետևյալ ասացվածքը. «Ձու գողացողը ձի էլ կգողանա»: Ինչը որ մարդկանց աչքին փոքր է թվում, Աստծու աչքին փոքր չէ: Սովորական իրողություն է, երբ մարդը սկսում է փոքրից և մեծով վերջացնում: Չմոռանանք ավետարանական այն խոսքը, որ ասում է. «Ով հավատարիմ է փոքր ծառայության մեջ, մեծի մեջ էլ հավատարիմ է, իսկ ով փոքր ծառայության մեջ անհավատարիմ է, մեծի մեջ էլ է անհավատարիմ» (Ղուկ. 16:10):

Գողացված հարստությունը օրհնություն չի բերում, այլ ընդհակառակը՝ դժբախտություն և անեծք. «Գանձերը չեն օգնի անօրեններին, մինչդեռ արդարությունը փրկում է մահից» (Առակ. 10:2): Ավելի լավ է պատվավոր ձևով քիչ աշխատել, քան թե՝ անպատիվ կերպով շատ: Ուղիղ, արդար ճանապարհով ձեռք բերած մի քանի դրամի մեջ ավելի օրհնություն կա, քան գողացած հազարավոր դրամների մեջ: Տիրոջ ընտրյալ արքա Դավիթն արդար քրտինքով աշխատողի օրհնության մասին գրում է. «Մանուկ էի ես և ծերացա, բայց արդարին արհամարհված չտեսա կամ նրա զավակին՝ հաց մուրալիս» (Սաղմ. 36:25):

Գողության գլխավոր պատճառներից մեկն ագահությունն է, որից ծնվում են ամեն տեսակի մեղքեր ու չարիքներ: Հովհաննեսի ավետարանում կարդում ենք, որ Հուդան «գող էր. իր մոտ էր գտնվում գանձանակը, և ինչ որ դրվում էր այնտեղ, օգտվում էր դրանից» (Հովհ. 12:6): Արծաթասիրությունը Հուդային մղեց դավաճանության: Պողոս առաքյալն էլ է հաստատում սա. «Բոլոր չարիքների արմատը դրամասիրությունն է» (Ա Տիմոթ. 6:10): Ուստի, գողությունից հեռու մնալու համար, անհրաժեշտ է զգուշանալ ագահությունից, նաև՝ անգործությունից, շռայլությունից, անառակ կյանք վարելուց, նախանձից և այլ մոլություններից:

«Մենք մեզ հետ ոչ մի բան չբերեցինք աշխարհ և ոչ մի բան չպիտի կարողանանք տանել մեզ հետ: Եթե ուտելիք և հագնելիք ունենք, բավարարվենք դրանցով: Իսկ նրանք, որ հարստանալ են ուզում, ընկնում են փորձության և թակարդի մեջ: Լցվում են շատ անմիտ ու վնասակար ցանկություններով, որոնք մարդկանց գլորում են մահվան և կորստի անդունդը» (Ա Տիմոթ. 6:7-9):

«Մի՛ գողացիր» պատվիրանով Աստված ոչ միայն արգելում է կողոպտել մերձավորի ունեցվածքը, այլ, ընդհակառակը՝ պատվիրում է մեր ունեցածից բաժին հանել ուրիշին. «Ով գողությամբ էր ապրում, այլևս թող չգողանա, այլ վարժվի արդար վաստակով ոչ միայն հացը շահելու, այլև բարիք գործելու՝ օգնելով նրանց, որոնք կարիքի մեջ են» (Եփես. 4:28): Հետևաբար քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին (Գաղ. 6:10):

Կազմեց Գայանե Սուգիկյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում