Ինչպե՞ս գտնել Աստծուն

Ինչպե՞ս գտնել Աստծուն

Այս հարցը հետաքրքրում է նրանց, ովքեր կյանքում մեկ անգամ կարծել են, թե կորցրել են Նրան։ Աստծուն գտնելու կամ վերգտնելու ճանապարհը սկսվում է հենց այս հարցից՝ մտքերից դառնալով գործ։ Այո՛, Աստծո մասին մտքեր ունեն բոլորը՝ մինչև անգամ Նրա գոյությունը կասկածի տակ դնողները։ Սակայն աստվածահաճո գործեր կատարում են միայն Տիրոջը հավատացողները և Նրան ապավինողները։

Կյանքում մեզ հետ կատարված դժբախտությունները, մեզ հանդիպած դժվարությունները երբեմն փակում են մեր աչքերը և անհաղորդ դարձնում աստվածային Լույսին։ Այդ պահին թվում է, թե Աստված մոռացել է մեզ՝ թաքնվելով։ Եվ հարցնում ենք՝ որտե՞ղ է Աստված, երբ փնտրում ենք Նրան և կամ ունենք նրա կարիքը։

Կյանքի փորձառությունը, սակայն, մեզ տալիս է պատասխանը։ Անշուշտ, Աստված մեզ հնարավորինս մոտ է կանգնած։ Կարիք չկա ունենալ այն թյուր կարծիքը, թե Աստծուն գտնելու ճանապարհին անպայմանորեն փորձությունների պիտի հանդիպենք, իսկ Աստված պիտի լինի «թաքնված» հնարավոր ամենաբարդ ճանապարհին։ Բնավ այդպես չէ։ Աստված մեզ մոտ է կանգնած մշտապես՝ անկախ երկրային հանգամանքներից։

Իսկ ինչո՞ւ է Աստված հեռանում և թույլ տալիս գտնել իրեն։

Մի պարզ պատճառով՝ Նա ցանկանում է տեսնել քրիստոնյայի ուղղած քայլերը՝ դեպի աստվածայինը։ Հենց այդ քայլերն են հաստատ պահում հավատացյալներիս մեր հավատքի մեջ։ Երբ ցանկանում ենք գտնել Աստծուն, անշուշտ, պիտի ուղղենք մեր քայլերը դեպի Նա՝ մեր Երկնավոր Հայրը։ Սակայն Աստծուն տեսնելու ճանապարհին պիտի նաև իմացած լինենք՝ Աստված երբեք չի թաքնվում, և Նրան գտնելուն ուղղված մեր քայլերը անպայմանորեն պիտի պսակվեն հաջողությամբ։ Եթե անգամ Աստված հեռանում է, թողնում է հետքեր, որպեսզի գտնենք նրան։

Որո՞նք են այդ քայլերը։

Ինքը՝ Աստված, մշտապես գործում է Բարին, քանի որ, ինչպես գիտենք, «Աստված Սեր է»։ Եվ քրիստոնյաներիս համար կարևոր է Նրան մեր կյանքում բացահայտելը՝ կատարած քայլերի միջոցով։ Այդ քայլերը պիտի կրեն աստվածային կնիքն իրենց մեջ՝ ուղղված լինելով միայն բարուն։

Որպես օրինակ՝ ունենք Միածին Որդուն, ով թեև ենթարկվեց բազում փորձությունների, սակայն ապրեց կատարյալ կյանքով՝ գործելով միայն Բարին, չկորցնելով հույսը և հավատալով Հաղթանակին։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում