Արամ Աբրահամյանի նոր գիրքը՝ «Հանճարը՝ առասպելից դուրս. ազատ գրառումներ Մոցարտի մասին»

Արամ Աբրահամյանի նոր գիրքը՝ «Հանճարը՝ առասպելից դուրս. ազատ գրառումներ Մոցարտի մասին»

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am։ Լույս է տեսել Արամ Աբրահամյանի «Հանճարը՝ առասպելից դուրս. ազատ գրառումներ Մոցարտի մասին» գիրքը, որտեղ երաժշտագետն անդրադառնում է 18-րդ դարի ավստրիացի հանճարեղ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի կյանքին եւ ստեղծագործությանը: Գիրքը նախատեսված է ընթերցող լայն շրջանակների համար:

Հեղինակն այն նվիրել է երաժշտության պատմության իր դասախոսներ Մարգարիտ Հարությունյանի եւ Աննա Բարսամյանի հիշատակին:

Գրքի նախաբանում Արամ Աբրահամյանը նշում է, թե որոնք են եղել գիրքը գրելու պատճառները: Դրանցից մեկն այն է, որ նա մեծ ցանկություն ունի, որ Մոցարտի երաժշտությանն ավելի մեծ թվով հայրենակիցներ հաղորդակից լինեն. «Ես, իհարկե, պատրանքներ չունեմ, որ այս գիրքը կարդալու են միլիոնավոր մարդիկ, բայց այստեղ կարեւորը, ինչպես ասում են, մուլտիպլիկացիոն էֆեկտն է»:

Գրքի նախաբանում հեղինակը փաստել է, որ ցավոք, Հայաստանում, ինչպես եւ ողջ աշխարհում, մարդիկ ապրում են հիմնականում կենցաղային հոգսերով, ինչպես նաեւ այն օրակարգերով, որոնք թելադրվում են սոցիալական ցանցերով եւ ընդհանրապես համացանցով: «Հայաստանում եւ զարգացման մեր աստիճանն ունեցող այլ երկրներում այդ օրակարգերն, այսպես թե այնպես, կապված են քաղաքականության հետ, որովհետեւ մարդիկ հավատում են, որ քաղաքական եւ պետական ինստիտուտների վերափոխմամբ փոխվելու է նաեւ իրենց կյանքը: Այս պայմաններում կարեւոր է ցույց տալ, որ բացի առօրյա խոսակցություններից եւ հաճախ անիմաստ կրքերից, կա նաեւ այլ աշխարհ՝ մնայուն, ներդաշնակ, իմաստավորված եւ կասեի անգամ՝ հատուկ ձեւով կոդավորված: Դասական երաժշտությունը, որ ձգտում է ձեւի կատարելության, այդ աշխարհի հիմնասյուներից մեկն է»,-գրել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր, արվեստագիտության թեկնածու Արամ Աբրահամյանը:

2018-ին էլ լույս էր տեսել Արամ Աբրահամյանի հեղինակած մեկ այլ՝ «Գերմանական կվինտետ. ազատ գրառումներ Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների մասին» գիրքը: Այստեղ էլ հեղինակն անդրադարձել էր 19-րդ դարի գերմանական մշակույթը ներկայացնող 5 մեծանուն կոմպոզիտորների` Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Բրամսի եւ Բրուքների կյանքին ու ստեղծագործությանը: «Գերմանական կվինտետը» նա նվիրել էր դիրիժոր Դավիթ Խանջյանի հիշատակին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում