Երևանում մեկնարկել են սքեյթ­-պարկի կառուցման աշխատանքները․ այն շահագործման կհանձնվի հոկտեմբերին

Երևանում մեկնարկել են սքեյթ­-պարկի կառուցման աշխատանքները․ այն շահագործման կհանձնվի հոկտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի կենտրոն վարչական շրջանում մինչև 2020 թվականի հոկտեմբեր ամիսը շահագործման կհանձնվի Օղակաձև զբոսայգում կառուցվող սքեյթ­-պարկը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Ավետ Պողոսյանը։

«Ուկրաինայի հայ համայնքն առաջարկությամբ դիմել էր Երևանի քաղաքապետին, որպեսզի սոցիալական բաղադրիչով ծրագիր իրականացնի։ Մենք կանգ էինք առել սքեյթ­-պարկի գաղափարի վրա, ինչի մասին փետրվարին համաձայնագիր ստորագրվեց։ Այդ ժամանցի վայրը գտնվելու է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ՝ Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածում»,- նշեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության պատճառով կառուցման աշխատանքները հետաձգվել էին, սակայն այժմ դրանք արդեն մեկնարկել են, և սքեյթ­պարկը հոկտեմբերին կհանձնվի շահագործման։

Պողոսյանը նաև ընդգծեց, որ առաջիկայում կսկսեն Օղակաձև զբոսայգու 6-րդ հատվածի բարեկարգման աշխատանքներ, որը գտնվում էր ամենաանմխիթար վիճակում։

«Արդեն մրցույթ է հայտարարվել, ունենք շահող ընկերություն և համայնքի միջոցներով կբարեկարգվի այգու ողջ 6-րդ հատվածը։ Այստեղ կկառուցվեն ճեմուղիներ, կապահովվի ավելի լավ լուսավորություն, կանցկացվի ոռոգման համակարգ, կամրացվեն և կարդիականացվեն Գետառի բաց հատվածի հենապատերը»,- հայտնեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը և հավելեց, որ բարեկարգման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 140 մլն դրամ։

Երևանի կենտրոնում իրականացվելու է ևս մեկ հետաքրքիր ծրագիր՝ բարեկարգվելու է Սարյանի այգին։

Կենտրոն վարչական շրջանի երեք բակում նախատեսվում է կառուցել նաև խաղադաշտեր, դրանք այս պահին գտնվում են նախագծային փուլում։

«Այս տարի համայնքում փոխելու ենք նաև 65 վերելակ, մոտ 60 շքամուտք վերանորոգվելու է, իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ, կառուցվելու են հենապատեր, բարեկարգվելու են մայթերը և այլն»,- ասաց Ավետ Պողոսյանը։

Լիլիթ Դեմուրյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում