Սաղմոս ՃԼԵ

Սաղմոս ՃԼԵ

Ալելուիա

Կրկնությամբ է ասում, թերևս այստեղ կրկնում է այնպես, ինչպես որ աստիճանների սաղմոսից առաջ դնում էր «ալելուիա» վերնագիրը: Տարբեր խրատներից բոլորի համար օգտակար բան է կազմում, քանի որ ասում է ընդդեմ նրանց, ովքեր արարածներին ինքնագո են համարում և կամ այլոց, և նրանց, ովքեր հայտարարում են, թե Աստծու [կողմից են ստեղծվել] բարին ու չարը: Ուստի ձայնում է բոլոր ազգերին՝ ասելով.

1. Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

2. Խոստովան եղերուք Աստուծոյն աստուծոց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

3. Խոստովան եղերուք Տեառն տերանց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի բարի է նա, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Գոհությո՛ւն մատուցեցեք աստվածների Աստծուն, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Գոհությո՛ւն մատուցեցեք տերերի Տիրոջը, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Դավանե՛ք, ասում է Տիրոջը, քանզի բարի է, բարի է բարեգործների հանդեպ և հավիտյան է նրա ողորմությունը զղջացողների հանդեպ, և ինչպես ողորմությունը, այդպես էլ բարությունը հավիտյան է, ու բարությունն անսահման է, քանզի աստվածապես և տիրապես է կատարում՝ իրենը տալով առանց նախանձի: Ուստի սուտ ասաց օձը, թե նախանձում է Ադամի և Եվայի աստվածանալուն, իսկ աստվածներ է կոչում հրեշտակներին և վեհագույն մարդկանց, ըստ առաքյալի, թե՝ «թեպետ այսպես կոչված աստվածներ կան թե երկնքում և թե երկրի վրա» (Ա Կորնթ. 8:5): Եվ նա ոչ թե անգոյերի Աստվածն ու Տերն է, այլ գոյերի, որ կոչվում են երկնային տերություններ՝ մի դաս, և խոնարհներն իրենցից վեհագույններին աստվածներ են կոչում, որ թարգմանվում է բարերարներ կամ տեսնողներ, որ, ըստ մեծն Դիոնիսիոսի՝ հասկանալով խորհուրդը՝ երախտավոր են լինում ներքևում գտնվողներին: Նույնպես նաև մարդկանց մեջ արդարները, քահանայությամբ և իշխանությամբ ծածկվածներն աստվածներ և տերեր են կոչվում, ըստ այնմ, թե՝ «Քո աստվածներին մի՛ վատաբանիր և քո ժողովրդի առաջնորդին մի՛ հայհոյիր» (Ելք 22:28):

4. Արար զսքանչելիս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Միայն ինքը մեծամեծ հրաշագործություններ արեց, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Ցույց է տալիս միակ Աստծու հատկությունը, որովհետև բոլոր մեծամեծ հրաշագործությունները, ում միջոցով էլ որ եղան, միայն նրա զորությամբ եղան: Եվ այն, թե հրաշագործությունները որտեղի՞ց սկսեցին՝ ասում է.

5. Զերկինս արար իմաստութեամբ իւրով, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Երկինքն ստեղծեց իր իմաստությամբ, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Հայտնի է Որդու և Հոգու միջոցով, ինչպես որ մի այլ տեղ հստակ ասաց. «Տիրոջ ողորմությամբ է լցված երկիրը: Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և իր բերանի շնչով՝ նրա բոլոր զորությունները» (Սղմ. 32:5-6): Նաև իմաստությամբ, քանի որ բանական իմաստուններով լցրեց երկինքը: Նորից՝ երկինքը ստեղծեց իր իմաստությամբ ընդարձակ, քանզի հարմար և պատշաճ ժամանակին այնտեղ է փոխադրելու մարդկային ազգին: Քանզի հավերժ է նրա ողորմությունը, որովհետև ոչ թե իր կարիքների համար է, այլ որպեսզի արարածները վայելեն նրա ողորմությունը:

6. Հաստատեաց զերկիր ի վերայ ջուրց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Երկիրը հաստատեց ջրերի վրա, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Այդքան ծանրությունն այդպիսի տկարության և թուլության վրա, և թեև ասվում է, որ ջրերը հողմերի վրա են, սակայն այլ է երկրի եզերքի տեղը, որտեղ ջրերի վրա հող է, և այլ, որտեղ հողերի մեջ է ջուրը, և երկրի մեջ և երկրի վրա ջրեր են, որպեսզի բոլորին հայտնի դառնա Արարչի ամենահնար զորությունը: Ու նաև բանական երկրի խորհուրդն ունի, որ հաստատվեց ավազանի ջրերի վրա, և որ ցույց է տալիս Տիրոջ ողորմությունը:

7. Արար զլուսաւորս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

8. Արեգակն արար իշխանական տունջեան, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Միայն ինքը ստեղծեց լուսատուները մեծամեծ, քանզի հավերժ է նրա ողորմությունը: Արեգակը կարգեց ցերեկվա տիրակալ, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Ինչպես որ Մովսեսն ասաց. «Աստված ստեղծեց երկու մեծ լուսատուներ» (Ծննդ. 1:16): Ասում են, որ կան աստղեր, որոնք արեգակից էլ մեծ են, բայց քանի որ արեգակը ցերեկվա իշխանն է՝ ծածկում է նրանց իր հզոր լույսով, կամ ասում են, որ շատ հեռու են գտնվում, ուստի և չեն կարողանում իրենց լույսը ներքև արձակել, հետևաբար և չեն կարողանում ցույց տալ իրենց մեծությունը:

9. Զլուսին և զաստեղս իշխանական գիշերոյ, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Լուսինն ու աստղերը՝ գիշերվա տիրակալ, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Եվ քանի որ գիշերվա իշխաններ են, հետևաբար զարդարում են ոչ թե ցերեկը, այլ՝ գիշերը, և սրանց միջոցով է երևում նրա ողորմությունը, և որքան միջոցներ ծառայեցրեց մարդկանց և այլ արարածների կարիքների համար:

10. Եհար զերկիրն եգիպտացւոց անդրանկօք իւրովք հանդերձ, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Քանի որ այս ամենի Արարչից չերկնչեցին:

11. Եւ եհան զԻսրայէլ ի միջոյ նորա, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Իսրայելացիներին հանեց Եգիպտոսից, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Քանի որ իր արդար ատյանի առջև կանչելով նրանց՝ Իսրայելի հանդեպ ողորմության պատճառով եգիպտացիներին կորստյան մատնեց, որովհետև խեղդամահ էին անում Աբրահամի սուրբ սերմը: Ուստի և Աստծու դատաստանը ողորմության կշիռով է, ինչպես որ ասում է. «Կշեռքով պիտի հաստատեմ իմ ողորմությունը» (Ես. 28:17), իսկ իրավունք ասելն այս է, թե՝ նրա աթոռը հաստատուն է:

12. Ի ձեռն բարձր և ի բազուկ հզօր, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Արեց այդ՝ բարձր ձեռքով և իր հզոր բազկով, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Ձեռք ասելով նկատի ունի ներգործությունը, բազուկ՝ զորությունը, քանզի առանց աշխատելու ամեն ինչ կարող է և չի վաստակում:

13. Եհերձ զծովն մեծ, և բաժանեաց յերկուս մասունս, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Սուտ են նրանք, ովքեր ասում են, թե ըստ տասներկուսի բաժանեց [Իսրայելի տասներկու ցեղերի]:

14. Եւ անցոյց զԻսրայէլ ընդ մէջ նորա, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

15. Ընկղմեաց զփարաւոն և զզօրս իւր ի ծով Կարմիր, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Իսրայելացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի հավերժ է նրա ողորմությունը: Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Այստեղ նույնպես կշռվեց Աստծու ողորմությունը, որովհետև չէր մտածել, որ ծովը կբաժանվի և ոչ էլ այն, որ չի կարող փակել Իսրայելի ճանապարհը: Փարավոնին իր զորքով, որովհետև զորքն էլ կամակից էր թագավորին, քանզի ահա նրանք, ովքեր նրանց հետ չգնացին, ողորմությամբ փրկվեցին:

16. Եւ եհան զժողովուրդ իւր յանապատ, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Իր ժողովրդին հանեց դեպի անապատ, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Վեց հարյուր հազարին՝ չհաշված կանանց և անթիվ մանուկներին՝ մինչև քսանմեկ տարեկան և վաթսունից անց ծերունիներին՝ առանց հաշվելու, քառասուն տարի անապատում կերակրել նոր ծնվածների հետ միասին, զգեստներով և կերակուրով սնուցել, գազաններից ու սողուններից [պահել], ինչպես Մովսեսն էր ասում. «Քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարավը տանջում» (Բ Օրին. 8:15), և որ սա միայն Աստծու գործն էր: Քանզի հավերժ է նրա ողորմությունը. որովհետև նրա ողորմությունը նման չէ ժամանակավորների և մահկանացուների [ողորմությանը]:

17. Եհար զազգս մեծամեծս միայն, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

18. Եւ սպան զթագաւոր հզօրս, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Հարվածեց մեծամեծ ազգերի, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Սպանեց հզոր թագավորների, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Հզորների ու բազմությունների զորությունը Տիրոջ զորության առջև փոշու և գոլորշու պես է:

19. ԶՍեհովն թագաւոր ամովրհացւոց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

20. ԶՈվք թագաւոր Բասանու, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Սպանեց ամորհացիների թագավոր Սեհոնին, քանզի հավերժ է նրա ողորմությունը, Բասանի թագավոր Օգին, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Սպանեց նրան, ով ինը կանգուն երկարություն ուներ և հինգ կանգուն լայնություն, որի մեծությանը չափ չկար:

21. Ետ զերկիր նոցա ի ժառանգութիւն, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

22. Ժառանգութիւն Իսրայէլի ծառայի իւրոյ, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց, քանզի հավերժ է նրա ողորմությունը, տվեց որպես ժառանգություն Իսրայելին՝ իր ծառային, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Քանի որ չէին թողնում անցնել իրենց երկրի միջով նույնիսկ ոտքով, և չծառայեցին իրենց Արարչին:

23. Յիշեաց զմեզ Տէր ի խոնարհութիւն մերում, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

24. Եւ փրկեաց զմեզ ի ձեռաց թշնամեաց մերոց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Տերը մեզ հիշեց մեր խոնարհության մեջ, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

[Տերը մեզ հիշեց] ոչ թե մեր առաքինության մեջ, այլ՝ խոնարհության՝ խստագույն ծառայության մեջ կավի և աղյուսի տակ, և Աստված ինքն է ասում. «Լսեցի նրանց աղաղակը… և իջա, որ նրանց փրկեմ» (Ելք 3:8):

25. Ո տայ կերակուր ամենայն կենդանեաց, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Ով կերակրի կարիք ունեցող ստեղծեց, նա էլ ամեն ժամ կերակրում է բոլոր էակներին, ապա զարմանալի չէ, որ Իսրայելին այդքան տարի կերակրեց:

26. Խոստովան եղերուք Աստուծոյ երկնաւորի, զի յաւիտեան է ողորմութիւն նորա:

Գոհությո՛ւն մատուցեցեք երկնավոր Աստծուն, քանզի հավերժ է նրա ողորմությունը:

Հայտնի է, որ նաև երկնավորներին իմանալի կերակուրով հավիտյան նախախնամում է:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

 Աղբյուր՝ Surbzoravor.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում