Ռազմիկ Դավոյան. Տեսիլքներ

Ռազմիկ Դավոյան. Տեսիլքներ

Արորով ինձ հողից հանեցին,
Ինձ հողում ինչո՞վ են թաղելու…
Հոգնել է իմ կյանքի նժույգ-ձին՝
Չի՛ թռչում, չի՛ գնում, չի՛ թռչում՝
Հողմերից երազներ քամելու:

Չի՛ տեսնում ոչ ոքի, ոչ մի բան
Եվ, ափսո՜ս, ոչ մեկին չի կանչում.-
Կյանքը լուռ մեռնում է հավիտյան,
Եվ նրա շիրիմին ոսկեցոլ,
Ոսկեցոլ տեսիլքն է կանաչում:

Ես վայրի աստղերով զարդարված՝
Ճչում եմ խոսքերով խաթարված,
Որ կյանքը կորչում է անհետ,
Տեսիլքներն ապրում են հավետ,
Տեսիլքներն ապրում են վտարված:

Տեսիլքներ ծաղկում են ամենուր
Ձեռքերում մի անհայտ տրտմության,-
Եվ քիչ-քիչ մեռնում է կյանքն, ավա՛ղ,
Մաս առ մաս տրվում է հողմերին,
Տեսիլքներն ապրում են հավիտյան:

Ապրում են սերունդներ աշխարհում,
Գալիս են, գնում են ու չկան,
Եվ մեկի համար, որ չգիտենք,
Տեսիլք ու ցնորք են հավիտյան:

Մենք մեկի համար, որ չգիտենք,
Տեսիլք ու ցնորք ենք անմեկին,
Գալիս ենք, անցնում ենք ու չկանք,
Ձուլվում ենք հողին ու երկնքին:

Երկինքը տեսիլք է մի անծիր,
Եվ հողը տեսիլք է կորստի,
Աստղերը երգում են անձանձիր,
Որ մեկն իր կարոտը չըսըտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում