Արմենուհի Սիսյան

Արմենուհի Սիսյան

***
Ու կթվա, թե ծառը փայտ է մի,
ու իր համար աճում է միայն:
Ասում եմ ես ձեզ.
ինչպե՞ս կարող է ծաղկել
ինչ-որ բան
առանց զգացմունքի,
դե փորձե՛ք հապա…

***
Երկուսս էլ ծխում ենք.
քեզնից ծուխ է
արձակվում ծխախոտի,
ինձնից՝բանաստեղծություն.
երկուսն էլ գնում են երկինք,
երկուսից էլ մենք ենք
սպառվում…

***
Քնած էի ձմռան գրկում,
արևը համբուրեց ապակին
ու սահեց սրտիս մեջ…
– Մենք փոխում ենք
մեր ձմեռային զարկերը,-
սիրտս էր:
Անցում գարնանային
ժամանակի…

***
Արցունքներից, տառապանքից,
համբույրներից ու ջերմից
շաղախված կորիզ,
իսկ ու՞ր է միրգը.
միրգը ե՛ս եմ,
որ կերել եք վաղուց:
Ինչ լա՜վ է՝ կորիզը
կուլ չեն տալիս՝
հատի՜կ է, սե՛րմ է,
այնտեղ է հիմքը ամենի
ու չեն ուտում նրան…
փրկվեցի՜…

Բանաստեղծություն

Այն, ինչ տանում է
դեպի մոռացում,
այն, ինչ փրկում է մոռացումից՝
բանաստեղծություն:
Այն, ինչ ծնվել է կորցրածից
և այն, ինչ կորցնում է
եղածի մեջ:
Այն, ինչ խոսք է հետմահու
և այն, ինչ ապրեցնում է նորից…

***
Չարածներիս համար
ինչ մեղավո՜ր եմ,
Աստվա՛ծ, ների՜ր,
թեև արածներիս համար էլ
պակաս մի մեղավորը չեմ.
օրեր տուր ինձ, որ բուրեմ
ու սիրով մերժեմ մեղքերը իմ,
վերջում մահով կվճարեմ…

***
Գիշերն արթնացա.
հեռավոր թակոցի
ձայն էր լսվում.
այդ երկրային
հրեշտակներն էին
թակում դռները երկնքի:
Ավաղ: Չկա վերադարձ:
Փակ են դռները:
Էլ չքնեցի:

***
Ու նորից անցնում եմ իմ
աշնան այգով,
ոտքերս սիրում են խառնել
մտքերս ցրիվ,
որ լցված են ճանապարհիս
տերևների տեսքով,
իսկ ես ճանաչում եմ նրանց
մեկիկ-մեկիկ՝
կանաչ, կարմիր ու ոսկեգույն.
բոլորն են դառնալու ոսկի,
որ ջերմացնեն սիրտը
մայր հողի՝
մտքերս երփնագույն…

***
Այն վարդը, որ մենակ է,
ինչ քնքուշ է ժպտում
արևին, երկնքին, ինձ,
բուրում է մենակ,
օրորվում է մենակ
ու գիտի, որ մենակ է
երկնքի, արևի ու իմ առջև,
ինչ գեղեցիկ մենակ է վարդը…
հիմա ինչ անեմ.
մոտենամ նրան,
գնամ նաև
երկնքի, արևի փոխարեն…

***
Պտտվում աղմուկի
շրջապտույտում՝
կորչում եմ հորձանքի մեջ
ու փնտրում լռության հատիկը,
որ կառչեմ նրանից
ու փրկվեմ բառով…
Լռության ծնունդն են
մաքուր բառերը…

***
Երբ րոպեները մոլորվում են
երկար ժամերի մեջ,
կյանք է ծնվում,
ու ամեն րոպեն
մի մոլորված կյանք է…
Երբ կյանքը հասունանում է
ժամերի, ամիսների,
տարիների մեջ,
տրոհվում է մահի
ու ամեն րոպեն աշխարհում
մի ծնված մահ է,
որ երբեք չի մոլորվում…

* * *
Խոնարհվեցի`
մի կում խմեցի ջրից,
հետո նայեցի վեր`
ներառելու մի կում երկինք`
լրացնելու պակասը ծարավիս.
ա՜յ քեզ խորհուրդ,
երջանկությու՜ն.
այս ինչքան պահեր ունեմ
շնորհված երկնքից…

***
Ինձ ծածկող վերմակիս
ծաղիկները
նոր տաքուկ ասացին ինձ,
որ գարուն կա աշխարհում,
որ սիրտս իզուր է
ծուլանում բաբախել,
որ չմոռանամ`
յուրաքանչյուր օր
նոր կյանք է
ու ծաղկի բույրը
զվարթացնում է շունչը,
իսկ զվարթանքի առիթ
հարկ է շատ ունենալ,
մինչև մի օր իրենք`
շռայլ ու կենդանի,
նորից կծածկեն մարմինս`
առանց վերմակի…

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում