«Տժվժիկ»-ի հանրահայտ հեղինակի Գյումրիի տունը պետության պաշտպանությունից դո՞ւրս է

«Տժվժիկ»-ի հանրահայտ հեղինակի Գյումրիի տունը պետության պաշտպանությունից դո՞ւրս է

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային փաստաթղթեր, մասնավորապես՝ Եվրոպական մշակութային կոնվենցիան, Մշակույթի եւ բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին Փարիզի կոնվենցիան, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիան, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության մասին կոնվենցիան- Գրանադա, եւ այլն: Ավելորդ չէ հիշեցնել, որ Հայաստանում մշակութային ժառանգության պահպանության բնագավառում գործում են Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին, ՀՀ պետական սեփականություն համարվող եւ օտարման ոչ ենթակա պատմության եւ մշակույթի հուշարձանների մասին, ՀՀ քաղաքաշինության մասին օրենքները:

Տարիներ շարունակ խոսվում է պատմամշակութային հուշարձանների կադաստրի վարման կարգի ձեւավորման մասին, որով ակնկալվում է հուշարձանների, շենք-շինությունների վերականգնում, պաշտպանություն:

Քաղաքաշինության ծրագրերի մեջ է մտնում բնակավայրերի պատմամշակութային շինությունների պահպանության գոտիների նախագծումն ու պահպանումը:

Բայց արդյո՞ք այդօրինակ պաշտպանությանը միտված քայլեր արվում են: Արդյո՞ք պետությունը, մշակույթի նախարարությունը, տեղական մարմիններն ապահովում են այդ պատմական շենք-շինությունների պաշտպանությունը տարատեսակ միջամտություններից: Արդյո՞ք Սահմանադրությամբ հռչակված` Պատմության եւ մշակույթի հուշարձանները, մշակութային այլ արժեքները գտնվում են պետության հոգածության եւ պաշտպանության ներքո, իրական է:

«Բացահայտենք Գյումրին» նախաձեռնության հիմնադիր Դերենիկ Մալխասյանն անցյալ տարվա մարտին ՖԲ սոցիալական ցանցում հրապարարակել էր լուսանկարներ՝ Գյումրիի Ջիվանի փողոցից:

Պատկերված էր Սարգիս Մուբայաջյանի` Ատրպետի` «Տժվժիկ» հանրահայտ ստեղծագործության հեղինակի տունն ավեր վիճակում: Մեկ տարի է անցել:

Տունը դարձյալ ավեր վիճակում է:

Տունը 1905 թվականի է, երկհարկանի, կառուցված սեւ սրբատաշ տուֆից, շրջանաձեւ պատուհանով, ինչպես Դերենիկի լուսանկարից է երեւում:

Դատելով լուսանկարներից, տան պահպանության համար հարկավոր է պետական հոգածություն, պաշտպանություն: Այն պետք է առանձնացվի, ձեռնարկվեն գործուն քայլեր՝ ապագա տուն-թանգարանը պաշտպանելու, հսկելու համար:

Երբ ասում եմ տուն-թանգարան, պատահական չէ:

Խոսքը մեր մեծերից մեկի մասին է, որի գրական, քաղաքական ժառանգության մասին շատ քչերը գիտեն:

Նրա կյանքի վերջին տարիները կապված են Գյումրիի հետ, նա մահացել է Լենինականում՝ 1937 թվականին։

Նրա արխիվները հուշում են, որ Ատրպետը փաստաբանի ընտանիքի զավակ էր, որոշ ժամանակ ինքն էլ Թավրիզում զբաղվել է առեւտրային փաստաբանությամբ:

«Երախտապահանջ կամ Տժվժիկ»-ի հեղինակը, բացի պատմվածքներից, մի շարք վեպերի`«Ալմաստ», «Խեւ Կարապետ», «Քոռ Եղիկ», «Ջավահիր», հեղինակն է, «Խալիֆաթ», «Իմամաթ» պատմական հետազոտությունների, Վիշապ կոթողների ուսումնասիրությունների, հրապարակախոսությունների հեղինակ:

1914թ. Ալեքսանդրապոլի «Ախուրյան» թերթում տպագրվել է նրա «Անել վիճակ» հրապարակախոսական հոդվածը, ուր մասնավորապես ասված էր. «Պէտք է մեր գիտակից ուժերը մի տարրական գիւղատնտեսական դպրոց հիմնեն անմիջապէս Շիրակի մէջ, որպէսզի այդ սակաւահող աշխատաւորները խելացի օգտաւէտ կերպով շահագործեն իրենց նւազոտ հողաբաժինները, որպէսզի կարողանան բարւոքել իրենց վիճակը։ Դպրոցներից, եկեղեցիներից, թատորններից, լրագրութինից ու գրականութիւնից նախապատւութիւն պիտի տալ ժողովրդի տնտեսական վիճակի բարւոքման, որպէսզի աշխատաւոր դասը ինքը կարողանայ աշխատել ապրել եւ ապրեցնել բոլորին։ Երբ ժողովուրդը բնաջնջւում է հողի սակաւութիւնից, գործի պակասութիւնից, արհեստների նահապետական վիճակից, էլ նրան ի՞նչ է հարկաւոր թատրոնը, գրականութիւնը եւ գեղարւեստը։ Միջոց գտէք, հող եւ գործ տալու, ժողովուրդը կը տայ ձեզ ամեն բան»։

«Անուրանալի է Ատրպետի գրական ժառանգության պատմական կշիռը: Գեղարվեստական իմաստով, սակայն, նրա գործերը այժմ չեն կարող քննության բռնել: Դարավերին դրանք կատարեցին իրենց դերը` ինչպես ընթացիկ գրականության ամեն մի հուշարձան: Րաֆֆու ռոմանտիկ- արկածային վիպագրության ավանդները մեծ չափով նպաստել են գրողի գրական նախասիրությունների ձեւավորմանը: Նա սիրում էր ստեղծել բարդ ու խճճված սյուժեներ, բազմապլանայություն, արկածային անակնկալներ, ձախոս ու սենտիմենտալ բնավորություններ: Լինելով այն կարգի գրողներից, որոնց համար գրական վարպետության հարցերը երկրորդական նշանակություն ունեին, նա մղվում էր իրադարձություններով հարուստ, ազատագրական ու կուսակցական պայքարի դրվագներով ողողված իրականության ինչ-որ ռոմանտիկ նկարապատկերն ստեղծել` ոգեշնչելով ընթերցողներին ըմբոստահույզ մտքերով ու տրամադրություններով»,-ՀԽՍՀ-ում 1964թ. տպագրված «Երկերի» առաջաբանում գրում է Կ. Դանիելյանը:

Ատրպետը եղել է ուսուցիչ, 1893 թվականից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ։ Ձերբակալվել եւ աքսորվել է Ռոստով (1895)։ Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ: «Ալմաստ» (1891) երկհատոր վեպում պատկերել է հայ ազատագրական գաղտնի կազմակերպություններից մեկի՝ Կարինի «Պաշտպան հայրենյաց» միության գործունեությունը, նրա ջախջախումը, ապա՝ բանվորական շարժման առանձին դրվագներ Թիֆլիսում։

«Ապագա» թերթի հիսունյոթ համարներում նա գրել է առաջնորդողներ, ակնարկ, հրապարակախոսական հոդվածներ:

Կային հրապարակումներ, որոնք ժամանակի մամուլը չի տպագրել: «Խեւ Կարապետ» վեպը «Մշակը» չի տպագրում, թեեւ Ատրպետը առաջինը Արծրունուն էր տվել այն: Արծրունին նշմարում էր Ատրպետի «մեղվական» դիրքորոշումը տարբեր դավանանք ունեցող ազգային խմբավորումների նկատմամբ», -գրել էր 1964թ. առաջաբանում Կ.Դանիելյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում