Վարդան Այգեկցու խրատը լեզվանիության և անզգամության մասին

Վարդան Այգեկցու խրատը լեզվանիության և անզգամության մասին

Այսուհետև սանձելով կապե՛ք ձեր բերաննե րը, ի՛մ որդյակներ, որ տղամարդկանց դասից եք, և դո՛ւք, իմ դուստրեր, որ կանանց դասից եք, և ձեր լեզուն, որ ձեր մարմնի մեջ փոքր անդամ է, բայց պատառող է, արյունարբու և ավելի չար գազան, քան առյուծն ու վիշապը:

Այդ պատճառով էլ սուրբ Հակոբոս առաքյալն ասում է. «Ով չի սանձահարում իր լեզուն, զուր է նրա քրիստոնյա լինելը, և անօգուտ ու ընդունայն են նրա բոլոր գործերը» (հմմտ. Հակոբ. Ա 26): Քանզի ասում է. «Լեզուն էլ հուր է, որը զարդարում է անիրավ սատանային» (հմմտ. Հակոբ. Գ 6), և նրանց լեզուն առաջին օձի լեզուն է:

Այդ մասին ասում է և Դավիթը. «Լռեցրո՛ւ լեզուդ չարությունից» (հմմտ. Սաղմ. ԼԳ 14). որովհետև լռությունը մեծ առաքինություն է:

Նաև Սողոմոնն է ասում. «Մահն ու կյանքը լեզվի ձեռքին են» (Առակ. ԺԸ 21), որովհետև ով չար և վատբաներ է խոսում, մեռնում է նրա հոգին, իսկ ով բարի և օգտակար բաներ է խոսում, նրա հոգին կենդանանում է:

Եվ արդարացիորեն է մեծ Պողոսը բամբասողներին ու դատարկախոսներին, բանսարկուներին, խռովարարներին ու շողոքորթներին սպանողների, պոռնիկների և այլ չարագործների հետ միասին զրկում արքայությունից (հմմտ. Ա Կորնթ. Զ 10) և նրանց` անշիջանելի հրին [արժանացողներին], խավարաբնակներ կոչում:

***

Արդ պետք է, որ ինչպես եպիսկոպոսն է իր թեմին լսել տալիս նզովքի խոսքերը, քահանան էլ տարին տասն անգամ դրանք [հայտնի] ժողովրդին, որպեսզի երկյուղածները զարհուրեն, ետ կանգնեն մեղավորներից և մոտենան Քրիստոսին, իսկ անդարձները նզովվեն, որպեսզի այլևս օրհնություն նրանց տուն չմտնի, ո՛չ պսակ, ո՛չ կնունք և ո՛չ էլ նրանց ննջեցյալների համար աղոթք [արվի], և իրենք էլ թող քրիստոնյա չկոչվեն, որովհետև հակառակ կանգնեցին Քրիստոսին և Նրա պատվիրաններին: Մեռնելիս թող չհաղորդվեն և ոչ էլ քահանայով թաղվեն, մատաղ և պատարագ թող չլինի այդպիսիների համար: Աստվա՛ծ թող ողորմի նրանց, որովհետև նրանք իրենց չողորմեցին: Հովիվները և՛ իրենց ոչխարներին են ճանաչում, և՛ օտար, իսկ երեցն իր բանական հոտի ոչխարներին չի ճանաչում, թե ով է Աստծունը և ով` սատանայինը: Թող ընտրեն կատարյալ քրիստոնյաներին: Այս է ընտրության ձևը, որ Աստծո առաջ խոստում են տալիս և այն կատարում. այլևս հայհոյանք չեն տալիս և չեն ապականում օրհնաբանող բերանը, օտար անկողինը չեն պղծում և գողություն չեն անում, որն աններելի անասելի մեղք է, սուտ չեն երդվում, որը հենց Տերն արգելեց, թե` «Այոյից և ոչից ավելին չարից է» (հմմտ. Մատթ. Ե 37), չեն խաբում ո՛չ մեղքերով, ո՛չ վաճառքով և ոչ մի մարդու չար բան չեն կամենում` ո՛չ սրտով և ո՛չ այն կատարելով: Պահքի մեջ բոլոր անդամներով մաքուր են մնում գողացվածից, ձկից, գինուց, ձեթից և ուտիքի կերակուրներից: Չեն հարբում, որով հետև հարբեցողն ու մարդասպանը միապես են տանջվելու: Եվ օրը երեք անգամ աղոթում են, կինն ու իր դուստրերը վաթսուն ծնրադրություն են անում և ասում. «Սուրբ Աստվածն» ու «Հայր մերը», գոհանում Աստծո ողորմությունից` խնդրանքներ և պաղատանքներ մատուցելով, որպեսզի խաղաղությամբ պահպանի իրենց և փրկի բոլոր հոգեկան ու մարմնական փորձություններից: Եվ քահանան նրանց է քահանայություն անում, ովքեր Աստծո փարախում են մնում, Քրիստոսի ճանապարհով [ընթանում] և [պահում] Քրիստոսի հրամանը, թե` «Մի՛ տվեք ձեր սրբությունը շներին և ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցեք, որպեսզի դրանք ոտքի կոխան չանեն» (հմմտ. Մատթ. Է 6) և այլն: Նաև տղամարդն ու իր որդիներն են երեսունվեց ծնրադրություն անում և նույնպես ասում. «Սուրբ Աստվածն» ու «Հայր մերը», օրհնում Աստծուն, փառք տալիս Նրա անվանը, խոստովանում իրենց մեղքերը, խնդրում հանցանքների թողություն և գոհանում Նրանից:

***

«Նզովք»-ը թարգմանվում է բաժանում, և այն մարդը, ով իրեն մեղքերով բաժանում է Աստծուց և այլևս չի զղջում, ըստ Գրքերի բոլոր [խոսքերի]` նզովված է: Բայց տխմարները չեն լսել և չգիտեն, որ Աստված ասաց. «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել իմ և ձեր միջև» (հմմտ. Եսայի ԾԹ): Եվ մարգարեն ասում է. «Անիծյալ են նրանք, ովքեր խոտորվեցին Քո պատվիրաններից» (Սաղմ. ՃԺԸ 21): Մովսեսը, [ինչպես] գրված է «Երկրորդ Օրենքում», ասում է. «Եթե մնաք Աստծո պատվիրանների և օրենքների մեջ, օրհնյալ կլինեք Աստծուց և հրեշտակներից` երկնքում, երկրում և անդաստաններում» (հմմտ. Բ Օրենք ԻԸ 1 ): Եվ դարձյալ ասում է. «Եթե չպահեք Աստծո օրենքն ու պատվիրանները, անիծյալ լինեք ձեր տանը, նրանից դուրս և ճանապարհին, թող անիծյալ լինեն քո հացն ու ջուրը, որ խմում ես, և թափառական լինես ու չկարողանաս կանգուն մնալ» (հմմտ. Բ Օրենք ԻԸ 15): Մովսեսը հրամայեց Տաղավարահաց տոնին հավաքել ամբողջ ժողովրդին և նրանց կարդալ օրհնությունն ու անեծքը. և ամբողջ ժողովուրդն օրհնությունից և անեծքից հետո ասում էր` ամեն:

Ահա սուրբ Գրիգորի և այլ սուրբ հայրապետների հաստատուն հրամանն է սա, որ տաղավար տոներին նզովվեն հերձվածողները, հայհոյողները, խռովարարները, կախարդները և այլ անդարձ մեղավորները, ինչպես նաև նրանք, ովքեր սոդոմացիների և քանանացիների գործակիցն են: Իսկ բարեգործները փոխանական անեծքի և նզովքի` հոգևոր օրհնություն և շնորհներ են ընդունում Աստծուց, որովհետև ողորմած, ամենաբարի և մարդասեր Աստված այս աշխարհը եղականներին (Եղական` ստեղծված, արարված. հատկանիշն է` անեղ (անստեղծ), որ Աստծուն տրվող մակդիրներից է) տվեց, որպեսզի իրենց հեծեծանքների մեջ հայհոյություն ու մեղք չլինի, որպեսզի ատեն ստախոսին ու գողին, չարակամին և ուրիշի անկողինն ապականողին. այդ էլ մեզ որպես օրինակ հերիք չէ: Արդ, ով օրենքով շուտ է սրբվում իր մեղքերից և իր չար սովորություններից, Աստված նրա նախկին [մեղքերին] էլ է թողություն տալիս, իսկ ով անհավատության և անզղջության մեջ ամուր է մնում, նրա ոչ հոգուն է թողություն լի նում, ոչ մարմնին` առողջություն և ոչ էլ ունեցվածքին` ապահովություն: Ահա ես` Վարդան վարդապետս, քրիստոնյաների ծառան` տկար մարմնով, սուրբ Գրիգորի միջնորդությամբ գրեցի Աստծո այն հրամաններն ու պատվիրանները, որոնց մասին Աստված խոսեց Մովսեսի հետ Սինալեռան վրա, և ուղարկում ենք Աստծո բոլոր հավատացյալ ծառաներիդ: Ով հավատա և ընդունի, նրա մեղքերն Աստծուց կներվեն, իսկ ով չհավատա, չթողնի իր չար սովորությունները և չուրանա սատանային, իր մեղքն ինքը գիտի, Աստծո դատաստանն ու սուրբ Գրիգորը. մենք անպարտ ենք նրա արյունից: Մարդասեր Քրիստոսին փա՜ռք հավիտյանս. ամեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում