Աշոտ Գաբրիելյան. Բանաստեղծություններ

Աշոտ Գաբրիելյան. Բանաստեղծություններ

***

Ամեն օր իմ կողոսկրից
Նույն աղջիկն է պոկվում,
Որպեսզի չզգա
Իմ դավաճանության սարսուռը…

***

Ես հավաքում եմ երջանկությանս բեկորները,
Ինչպես քնից արթնացածն է
Հավաքում երազի փշրանքները…
Սպիտակ թղթի վրա էլ պահը չի դադարում,
Երբ երջանկությունդ նետում ես նրա անբիծ մարմնին…
Կաղ օրերը
Կապկում են անցնելիք ճանապարհը
Եվ չեն հասնում…
Ծառը հավաքում է իր արմատները,
Եվ գագաթի տերևները սրսփում են
Քամուն տեսնելու վախից…
Վախը թղթե արցունքներ է՝
Երազից արթնացածի ճիչով…
Ներբաններդ են միայն,
Որոնք ստվեր չունեն,
Եվ նրանց հաշմությունը
Ոչինչ չի չափակշռում…

***

Երբ քունս տանի,
Կշարունակես իմ կիսատ մտքերն ու երազները՝
Չթողնես սահմանին մնան,
Թե չէ նորից տխուր կարթնանամ
Ու ողջ օրը աչքերիդ չեմ նայի…
Եթե քնով ընկնեմ,
Ինձ ավելի հեռու տար,
Եվ եթե հեռվից չվերադառնամ,
Աչքերս չփակես,
Որովհետև նրանք դեռ երկար երազելու են
Քո հավետ կիսատ արցունքները…

***

Շուտով Աստծուն կտեղավորեն համակարգչի մեջ,
Իսկ պապս ծաղիկ-խոտ է հնձում՝
Նայելով գառան աչքերին,
Որտեղ Աստծու աչքերն է որոնում…
Ես քո կլոր բիբերի մեջ մոլորակն եմ պտտում
Եվ հույսի հանգրվան փնտրում
Պապուս մատաղացու աչքերում…
Ես գնում եմ որդիներիս հետքերով,
Որպեսզի նրանք չվերադառնան իմ չանցած ճանապարհով…
Ես հավասարապես գիտեմ
Բոլոր լեզուները,
Որոնք հնչյուններ չունեն
Եվ ապրել եմ բոլոր ժամանակները,
Որոնք ինձ չեն պատկանում։
Ես քո նշաձև աչքերի միջից
Իմ արցունքներն եմ քամում
Քեզ չխոստացած մատաղի համար…
Քո անցած ճանապարհը
Անհնար է գտնել
Համակարգչի արցունքոտ աչքերում…

***

Փորձիր հասկանալ քո էությունը…
Անբացատրելին հետո հիշեցնում է
Ճակատագրի անխուսափելիության մասին,
Բանականությունը հաճախ է զիջում իր դարպասները,
Ուղեղի աչքերը միշտ էլ
Բաց են խավարի մեջ…
Ես հիշում եմ անհիշելի դիպվածներ,
Որոնք պատահել են վաղ անցյալում, նույնիսկ՝ մ.թ.ա.,
Սրախողխող իմ մահն եմ հիշում
Սպարտակի ապստամբների մեջ,
Իմ հաղթանակն եմ տոնում Տիգրան Մեծի բանակում
Եվ վազում եմ Քրիստոսի ետևից՝ լեռան քարոզը լսելու…
Իսկ այսօր խելքս ծերությունից թռցրել եմ
Եվ ոչինչ իմի բերել չեմ կարող,
Բացի ցաքուցրված իմ ճակատագրից,
Որից սատանան անգամ գլուխ չի հանում…
Մի փորձիր երբեք քո էությունը…

***

Պատմաբանները չեն հասկանում,
որ հավերժությունն են փնտրում՝
այն պահպանելով փոքրիկ նշխարների մեջ…
Մենք մեր փոքրիկ կենսագրության մեջ
աշխարհներ ենք հավերժացնում՝
անտեսելով պատմության լռությունը…

***
Կամաց տրորիր ինձանից փախչող
Քո ներկայության անրջանքը սուրբ…
Քեզ չե՞ս ճանաչում.
ճանապարհներիդ խաչմերուկներում
Դու խաչել ես ինձ,
Որ քո քայլերի արձագանքները աշխարհին պատմեմ
Ու մխիթարեմ
Աշխարհը քեզնով
Ու ներհուն կյանքս բարձրացնեմ խաչին՝
Մեղքերդ անբիծ սրբագործելով…

***

Ծխախոտն անջրպետում է մատներս.
Ձեռքերս, որ քեզ են սովոր,
Քնքշանք են հյուծում…
Ոտքերս զրկում են իրար.
Գիրկս, որ ապաստան չդարձավ,
Հույզեր է խոշտանգում…
Եվ օրս, որ օր չէ բնավ,
Կարոտս, որ կարոտ չէ արդեն,
Ու խաչս, որ առանց ինձ խաչվեց,
Աղոթք է միայն…

***

Կյանքը երկար է.
Մի ներկայացում՝ բազում ու ծամծմվող արարներով,
Վարագույրը պատանք է, որ միայն հուղարկավորները կտեսնեն…
Այս ձգվող թատրոնի ծափերը վայելում եմ
Իմ ներսում միայն,
Որովհետև ավարտն իմը չէ…
Կամուրջներ անդնդահառ,
Թողեք ձեր վրայով անցնեմ՝
Գնում եմ ինքնասպան լինելու…
Թունալի սրվակներ,
Մեռոնով լցվեք՝
Գալիս եմ վերջանալու…

***

Պատմությունը երկար է,եթե չի գրվում,
Եվ լռության մեջ պատսպարվելով՝
Վախն անբառ աղոթք է մոգոնում
Չարտաբերվելու ու տիրելու համար…
Երկիրը անջուր տափաստանի նման
ճաք է տալիս,
Ուրիշն է աղոթքի հավակնող խոսքեր մրմնջում…
Ինձ խոսել,
Առավել ևս՝ աղոթքին հասնել չթողեցին.
Ինձ խանգարեցին լռել…
Հիմա վերադառնում եմ,
Որպեսզի ծնվեմ իմ լռությամբ,
Բայց ճանապարհիս միայն
Իմ պատմության կցկտուր ակնթարթներն են,
Որոնք գրվել են արդեն
Հիշողությամբ…

***

Օրվա հիշողությունից ջնջվում եմ
Եվ ետ եմ դառնում
Նրա փակ-երազող աչքերի առջևով անցնելու
Ու իմ մասին չհիշեցնելու համար…
Հիմա օրն եմ կորցնում աչքերիս մեջ,
Որոնք փակում եմ
Օրվա հիշողության ոչինչը վայելելու համար…

***

Ես հավատում եմ քո գալուստին,
Վերադարձիդ, սակայն, չեմ հավատում,
Հիմար կրկնությամբ թևաթափ է հոգիս,
Նոր սիրո ծարավն եմ հիմա վայելում…
Ես հավատում եմ միակ գալուստիդ,
Վերադարձիդ, սակայն, չեմ հավատում…

Աղբյուր՝ Գրական կամուրջ

Հետևեք մեզ նաև Telegram-ում