ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆ – ԷՐԵԲՈՒՆԻ

Խոսք՝ Պարույր Սևակի
Երաժշտություն՝ Էդգար Հովհաննիսյանի

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի,
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք,
Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք։

Երևան դարձած իմ Էրեբունի,
Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի,
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով,
Մեծանաս դարով Երևան:

Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում,
Անկատար տենչեր ունենք դեռ շատ,
Մեր կանչն առանց քեզ՝ իզուր կկորչի,
Առանց քեզ՝ մեր տաք տենչն էլ կսառչի:

Կյանքում ամեն սեր լինում է տարբեր,
Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել,
Տաք է սերը մեր՝շեկ քարերիդ պես,
Հին է սերը մեր՝ ձիգ դարերիդ պես:

ԻՄ ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Այստեղ եմ ծնվել ես, այստեղ մեծացել,
Այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես իմ դեմ դու բացել,
Իմ լավ, հարազատ իմ քաղաք:

Քարդ քարիդ եմ շարել,
Քեզ հետ հասակ եմ առել,
Իմ Երևան, քո ամեն շենքի հետ
Ես իմ կյանքն եմ կապել առհավետ:

Քեզ միշտ սիրրել եմ, իմ վարդագույն ընկեր,
Քեզնով ապրել եմ, քեզ միշտ երգել,
Դու անխավար լույսի տուն, Երևան,
Ամեն հայի հույսի տուն, Երևան:

Սիրում եմ գարունդ փարթամ ու լուսեղ,
Աշունդ` ոսկե մի երազ,
Նորքիդ բարդիները նազուկ ու վսեմ,
Զանգվիդ կոհակները փիրուզ:

ԻՐԻԿՆԱՅԻՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի

Երեկոն է երբ իջնում,
Գրկում մով այգին,
Ջահելներն են միշտ շրջում,
Երգը շուրթերին:

Աստղերից էլ վառ,
Արևից անմար,
Դա մեր սերն է,
Մեր հույզերն են,
Մեր ուղին պայծառ:

Ուռիներն են կապտաշոր,
Երգը լուռ լսում,
Բարդիներն են մեղմօրոր,
Երգի հետ նազում:

Ու թռչում է երգը մեր,
Մտնում բակ ու տուն,
Ծածանում սիրո հույսեր,
Ամեն մի սրտում:

ՀԵՅ ՋԱՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Հովհաննես Ղուկասյանի
Երաժշտություն՝ Արտեմի Այվազյանի

Երևանում տոն է թող բոլորը գան
Օդը հրաշալի է, ջուրն անմահական
Նա մի բուրաստան է վեհ ու ձյունաթափ
Մեր Մասիսների սուրբ վառ հայացքի տակ:

Հե՜յ, ջան, Երևան, մեր մայր օրորան,
Հե՜յ, ջան, հե՜յ, ջան, դու իմ Երևան…
Դու մեր կյանք, մեր բերկրանք, մեր լավ Երևան:

Բոլորիդ կանչում եմ, եկեք Երևան,
Ջուրը անուշիկ է, օդը աննման,
Օտար ափերից դարձիր Հայոց քարավան,
Պանդուխտ եղբայրներ, եկեք Հայաստան:

Չի ապրել կյանքում ով գեթ իմ երազում,
Չի տեսել աստղերն ու մեր ծաղկունքը ծով,
Իսկ մեր աղջիկները սերն է իմ վկա
Ով նրանց տեսնում է էլ հանգիստ չկա:

Նոր կյանքը ծաղկել է գարնան դաշտերում,
Սևանի ջրերը հույսեր են բերում,
Շենքերի թևերը հասան Մասիս սար,
Աղջիկների սերը սարին հավասար:

ԵՐԵՎԱՆԻ ԳԻՇԵՐՆԵՐԸ

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Ալեքսանդր Դոլուխանյանի

Երևանի գիշերները կապուտակ
Սիրո հազար երգ են վառել կրծքիս տակ,
Գարնան նման Երևանը մեր ժպտուն,
Քո սիրո հետ միշտ շողում է իմ սրտում:

Երևանի գիշերները հովասուն
Ձեր պարտեզում պայծառ հեքիաթ են ասում,
Ամեն ծաղկում չքնաղ դեմքն եմ քո տեսնում,
Կրծքիդ հևքն եմ, սրտիդ երգն եմ ես լսում:

Երևանի գիշերները լուսավառ
Ինձ դարձրել են սև աչքերիդ սիրահար,
Երբ կարոտով քեզ գրկում եմ, համբուրում`
Ինձ տենում եմ սև աչքերիդ հայելում:

ԳԱՐՈՒՆ ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Աշոտ Գրաշու
Երաժշտություն՝ Արամ Խաչատրյանի

Գարո՛ւն Երևան, սիրո՛ւն Երևան,
Վարդեր ես ճամփիս փռում, Երևա՛ն,
Ուր էլ գնամ, ուր էլ մնամ
Քեզ եմ հավիտյան սիրում, Երևա՛ն:

Իմ ժողովրդի վառ աչքերի լույսն ես, Երևա՛ն,
Իմ Հայաստանի զարդն ես Երևա՛ն:

Զուգվել, զարդարվել, սիրուն աննման,
Դու նորահարս ես դարձել, Երևա՛ն,
Հայաստանի գարնան գրկում
Ծաղկի՛ր, ծիծաղի՛ր, երգի՛ր Երևա՛ն:

Երգը շրթունքիս կռիվ գնացի,
Քո կյանքի համար անվախ կռվեցի,
Կրակ կռվում, կրակ հեռվում,
Պատկերիդ պայծառ կարոտ մնացի:

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՇՈՒՆ

Խոսք՝ Վլադիմիր Հարությունյանի
Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի

Ոսկեզօծ աշուն իջավ նորից
Աբովյանի մայթերին…
Այսօր մի տարի է,
Այն աշնան օրից,
Երբ գտա քեզ, իմ անգին:

Աստղազարդ գիշեր փռվեց խաղաղ
Եվ գրկեց փողոց ու տուն:
Դու նորից ինձ հետ ես
Քո սիրով լուսե,
Եվ ցերեկ է իմ սրտում:

Տերևները հովի հետ պար բռնած
Ոսկեղեն երգ են հյուսում,
Եվ կարծես պատմում են
Այս մայթին ծնված
Մեր դալար սիրո մասին:

Երևանը նինջ մտավ հոգնած,
Շուրջը լուռ է ու հանգիստ,
Բայց մեք դեռ շրջում ենք
Աստղերով արբած,
Սիրո երգը շուրթերիս

ՔԱՂԱՔԱՄԱՅՐ ԻՄ ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Ռազմիկ Դավոյան
Երաժշտություն՝ Ռոբերտ Ամիրխանյանի

Դու երկար պահել ես սրտիդ մեջ
Փրկության երազ և ջերմ հույսեր.-
Դու պայծառ, մաքուր միշտ կմնաս
Երևան, մեր ոգի և դու մեր սեր:

Հին երգը քո բարի ու նուրբ
Գալիս Մասիս սարից մեր սուրբ,
Երգը քո լուռ իջնում է մեզ
Հարյուր ու հազար տարի:
Ու վիշտն էլ մեր հազարամյա
Հնչում է դեռ քո լույս հոգում,
Երևա՛ն, դու մեր մրմունջ անմահ:

Հինավուրց ու բորբ մեր արևն է
Բողբոջում, քաղաք իմ, քո դեմքին,
Բայց այսօր դու նոր մի փրկությամբ
Ձուլվել ես նոր կյանքին ու նոր երգին:

Կանցնի կրկին միլիոն տարի,
Կրկին կրծքից Մասիս սարի
Երգը քո մեղմ կիջնի բարի,
Կգան նոր սերեր, հույսեր…
Հավատն էլ մեր հազարամյա
Կապրի հավետ քո լույս հոգում,
Երևա՛ն, դու ջահն ես մեր վերջին:

ՈՍՏԱՆ ՀԱՅՐԵՆԻ

Խոսք՝ Սարմեն
Երաժշտություն՝ Վաղարշակ Կոտոյանի

Արևի պես դու անմար ես,
Խնդուն Երևան,
Շողշողուն, պերճ լույսերի մեջ
Խայտուն Երևան,
Վարդագույն ես, մեր հոգում ես,
Մեր տուն Երևան,
Դու գալիքն ես, հրաշալիքն ես
Կերտում, Երևան:

Դարերի մեջ, քարերի մեջ,
Դու ճամփա անցար,
Ապրելով միշտ, այրվելով միշտ
Ելա՛ր, բարձրացա՛ր,
Մասիսի պես, Մասիսի հետ
Եկար, մեզ համար,
Դու մեր հույսն ես, դու մեր լույսն ես՝
Միշտ վառ ու պայծառ:

Դու Ամբերդն ես, Արինբերդն ես,
Մեր Վանն ու Անին,
Ով գա քեզ հյուր, դու առատ տուր
Քո հացն ու գինին,
Կառուցիր միշտ, բարձրացիր միշտ,
Ոստան հայրենի,
Ինչպես երգըդ, քո նոր կյանքըդ
Թող հավերժ լինի:

ԵՐԵՎԱՆՍ

Խոսք և երաժշտություն՝ Թաթա Սիմոնյանի

Թե հուշերից քաղաք հյուսեմ,
Հյուսեմ թելով երազներիս,
Թե օրորվեմ քամիներից`
Վաղուց անցած հին օրերիս:
Թե փողցից փողոց անցնեմ,
Մտնեմ երգով սարքած այգիս
Կամել մեր տուն գնամ ու դուրս նայեմ`
Քեզ կտեսնեմ պատուհանից:

Երևանս, Երևանս,
Անգին քարս, անգին քարե վարդս,
Երևանս, Երևանս, Երևանս…
Ինչքան ասես թափառել եմ
Երկնքիդ տակ, Երևանս:

Եթե կյանքի ճամփաներով
Ես հեռանամ իմ քաղաքից,
Եթե օտար քմին տանի ինձ
Հարազատ իմ ափերից,
Եթե սուզվեմ օտար նավով
Ալիքներում օտար ծովի,
Հետ պիտի գամ թեկուզ անցած դարից
Ես կարոտից իմ քաղաքի:

Երևանս, Երևանս,
Անցած սերս, անցած սիրո երգս,
Երևանս, Երևանս, Երևանս…
Անդարձ կորավ մանկությունս
Քո թաղերում, Երևանս:

Թող քո լույսը որպես փարոս
Լինի կանչող լինի անմար,
Թող որ հերոս զավակներդ
Փարոս դառնան հենց քեզ համար,
Թող ինձ նման սիրահարվեն,
Հավետ մնան խենթ սիրահար,
Պատուհանից նայեն ու քեզ տեսնեն
Եվ աղոթեն բախտիդ համար:

Երևանս, Երևանս,
Դարերի մեջ կորած դարե զարդս,
Երևանս, Երևանս, Երևանս…
Որքան հույսի մոմ եմ վառել
Խաչքարերիդ, Երևանս:

2750 ՏԱՐԵԿԱՆ

Խոսք՝ Գևորգ Էմին
Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Իմ վարդագույն գեղեցկուհի,
Ջահել ես այնքան,
2750 տարեկան:

Ուր էլ գնամ լույսերը քո,
Միշտ ինձ կ՚երևան,
Իմ դարավոր Էրեբունի,
Իմ նոր Երևան:

Ախ կ՚ուզեի ա՜յնքան ապրել,
Իմ քաղաք անգին,
Եվ տեսնել քո 3000
Պանծալի տարին:

Ուր էլ գնամ լույսերը քո,
Միշտ ինձ կ՚երևան,
Իմ դարավոր Էրեբունի,
Իմ նոր Երևան:

ՍԱ ԵՐԵՎԱՆՆ Է

Խոսք և երաժշտություն՝ Ռուբեն Հախվերդյանի

Ի՜նչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհուշելին,
Նա է իմ հույսը, անտարակույսը,
Նա է իմ լույսը մութ գիշերին:

Նա, ով եկել էր, կյանքս բեկել էր,
Բախտս թեքել էր ինքն իր բախտին,
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:

Նե՛րս արի, նե՛րս արի, ի՞նչ ես կանգնել,
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես,
Ուր քեզ սպասում են դեռ կեսգիշերին:
Ուր կամ սիրում են, կամ թունդ հայհոյում են,
Կամ հիշեցնում են անհիշելին:

Նե՛րս արի, նե՛րս արի, ի՞նչ ես կանգնել,
Ի՞նչ ես հիմար ժպիտով քարացել:

Սա քո փողոցն է, կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել:
Սա քո փողոցն է, կյանքիդ դպրոցը,
Ուր քեզ հիշում են, դեռ չեն մոռացել:

Ի՜նչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է,
Նա ինձ հուշել է անհուշելին,
Բայց արդեն ուշ է, հուշը մշուշ է,
Սերը քնքուշ էր կեսգիշերին:

1995թ.

ԵՐԵՎԱՆ

Այս գարնան շնչով, ամենուր հնչող,
Ձոնն ես մեր հոգու ու բաց վաղվա.
Արթնացիր քնից, քո ամեն տնից
Հույս թող ճառագի իմ Երևան:

Ամեն բացվող առավոտ քեզ երգեմ կրկին,
Ամեն իջնող երեկո, նորից նոր վառվեն լույսերը,
Եվ փարվեն քո տառապած ու կարոտ գրկին,
Քեզ նվիրելով ողջ իմ սերը…

Վարդագույն երազ, միշտ ինձ երևաս,
Ուրել որ գնամ մնա ինձ հետ,
Իմ չքնաղ քաղաք, հարազատ, միակ,
Թող կորչեն վշտերը քո անհետ:

ԵՐԵՎԱՆ, ԵՐԵՎԱՆ

Երաժշտություն՝ Արմեն Մանդակունյանի

Լույսերի մեջ շողում ես դու,
Հայոց կապույտ երկնի ներքո,
Եվ ես ունեմ մի մեծ երազ,
Որ մնա ջինջ երկինքը քո:

Երևա՜ն Երևա՜ն ,
Իմ միակ օթևան,
Ես կանցնեմ կգնամ,
Դու ապրիր հավիտյան:

Շատ հույսեր եմ քեզ հետ կապում
Եվ ժպիտով խորհում անվերջ,
Արդյոք ես եմ քո մեջ ապրում,
Թե հենց դու ես ապրում իմ մեջ:

ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂԱՑՆԵՐՈՎ

Խոսք՝ Ժակ Դուվալյանի
Երաժշտություն՝ Ալեքսանդր Աճեմյանի

Անուշ է կիրակին,
Ջան ասա ինչ ենք անում,
Եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով:

Նստել ես տրտմագին
Այ մարդ, ինչ ե՞ս մտածում,
Եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով:

Կհանդիպենք ուրախ, զվարթ ընկերներ,
Ու կատակելով, ծիծաղելով, թև թևի մտած,
Կքայլենք կերգենք ցնծալի կյանքը մեր,
Կհանդիպենք հեզաճկուն աղջիկներ,
Ու կատակելով ծիծաղելով թև թևի մտած
Կքայլենք, կերգենք ցնծալի օրը մեր
Ցնծալի կյանքը մեր:

Անուշ է կիրակին,
Ջան ասա ինչ ենք անում,
Եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով:

Նստել ես տրտմագին
Այ մարդ, ինչե՞ս մտածում,
Եկ ման գանք միասին,
Երևանի փողոցներով:

Կվերհիշենք Հայոց անցյալը շքեղ,
Հենց փողոցների անուններով
Թև թևի մտած կքայլենք, կերգենք ցնծալի փառքը մեր
Կվերհիշենք Երևանյան նոր օրեր,
Ու հիանալով նոր շենքերով,
Թև թևի մտած կքայլենք, կերգենք ցնծալի փառքը մեր,
Երջանիկ օրը մեր:

ԵՐԿԻՆՔԸ ՄՈՎ Է

Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի

Երկինքը մով է կանաչը ծով է իմ վարդ քաղաքի,
Սիրում եմ հովը, անուշ է զովը իմ վառ գարունքի:
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողա ճամփիս պայծառ, իմ Երևան:

Ոսկի է ձեռքդ, ծաղիկ է երգդ, իմ տուն Հայրական,
Արև է նուռդ, գինի է ջուրդ, իմ Հող Հայկական:
Օ, իմ սրտում դու թանկ անուն ես, ոսկե իմ Երևան,
Կարոտ սրտիս երազն ես դու իմ աննման,
Դու իմ երգի մի նոր գարուն ես, աստղե իմ քարավան,
Շողա ճամփիս պայծառ իմ Երևան:

ԻՄ ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Սիլվա Կապուտիկյանի
Երաժշտություն՝ Վաղարշակ Կոտոյանի

Ես քո գրկում՝ կարոտ եմ քեզ, իմ մա՛յր քաղաք,
Ջուրդ խմում՝ ծարավ եմ ես, իմ վա՛ռ կրակ.
Աղբյուրիդ պաղ-պաղ ջրով, արևիդ անմա՛ր հրով,
Ինձ ես կանչում, իմ կյանք, Երևան։

Ես քո մեջ եմ հասակ առել, կյանք եմ հյուսել,
Քո լույսերի տակ եմ ննջել, երազ ու սեր.
Մայրիկիս կարոտ ձեռքով, սիրածիս այրող երգով,
Ինձ ես կանչում, իմ կյանք, Երևան։

Ուր էլ գնամ քեզնով եմ լի, քեզնով եմ տաք,
Քարին բացված քարե՛ ծաղիկ, իմ նո՛ր քաղաք.
Քո անուշ հայոց խոսքով, քո Մասիս սարի տեսքով,
Ինձ ես կանչում, իմ կյանք, Երևան։

ԵՐԵՎԱՆ

Խոսք և երաժշտություն՝ Հասմիկ Մանասերյանի

Թե որ հոգնես ճամփաներից,
Դու Երևան եկ նորից,
Թե կարոտ ունես անսահման,
Դու նորից եկ Երևան։

Երևա՛ն, Երևան, Երևան իմ սիրուն,
Երևա՛ն, քո ճամփեքին թող լինի հավերժ գարուն։

Թե որ ցանկաս, տեսնել հրաշք,
Տեսնել հրաշք մի քաղաք,
Մի վարանիր և անպայման
Դու հպարտ եկ Երևան։

Երևա՛ն, Երևան, Երևան սիրելիս,
Երևա՛ն, ողջ աշխարհքը, քեզ տեսնելու է գալիս։

Թե կամենաս, տեսնել հայի,
Տեսնել հայը երջանիկ,
Դե շտապիր, դու էլ տեսնել
Երջանկության Հայրենիք։

Երևա՛ն, Երևան, Երևան իմ չքնաղ,
Երևա՛ն քո շուրթերին հավերժ խինդ կա ու ծիծաղ:

ԶԲՈՍԱՆՔ ԵՐԵՎԱՆՈՎ

Փողոցի անվերջ աղմուկին
Խառնելով սուլոցս անհոգ
Աննպատակ անշտապ քայլում եմ,
Ես սիրում եմ քաղաքը իմ հին
Ես սիրում եմ քաղաքը իմ շոգ
Երբ աստղերն առաջին փայլում են:
Այգիները հագել են կանաչ
Մոռացվել են հոգոց ու հառաչ
Երեկոն այնքան խաղաղ լուսավոր է,
Հիասքանչ աղջիկներ են անցնում
Նայում եմ նրանց ու մտածում
Որ Երևանն իրոք արտասովոր է:

Փշատի բուրմունքն անուշ
Տարածվել է ծանոթ բակում
Ես մի ամբողջ կյանք այստեղ ապրել եմ,
Արթնացնում է հազար ու մի հուշ
Նստարանը ծառի շվաքում
Ուր սիրել ու անհույս հարբել եմ:
Ընկերներ հեռու մոտիկ
Պարզապես անցնող մարդիկ
Դուք ինձ համար հարազատ ու թանկ եք,
Սայլակում մանկիկ լացող
Զբոսաշրջիկ զարմացող
Ախ ինչպես պատմեմ ձեզ իմ բերկրանքը:

Օրը դառնում է գիշեր
Գունավոր լույսեր վառված
Սրճարանն է կանչում իր գիրկը,
Կնստեմ ու կհիշեմ
Սուրճս կմնա պաղած
Կթերթեմ հիշողության իմ գիրքը:
Մանկության պայծառ օրեր
Ես գիտեմ դուք չեք կորել
Այսօրվա կողքին կա երեկվանը,
Այս քաղաքը տունն է իմ
Որքան էլ նոր այնքան էլ հին
Հուշերի քաղաք է Երևանը:

Թող որ իմ դժվար ճամփին
Պատահեց և դառնություն
Ու մոտիկ մարդիկ չհասկացան ինձ,
Ունեցա և հաղթանակ
Ունեցա և պարտություն
Բայց քաղաքը իմ չմոռացավ ինձ:
Տառապած ու անվեհեր
Իմաստուն ու ալեհեր
Դու ես որ բուժել ես իմ վերքերը,
Հարազատ ու աննման
Հույսի քաղաք Երևան
Քո մասին են իմ բոլոր երգերը:

ԿՅԱՆՔ ԻՄ, ԵՐԵՎԱՆ

Խոսք՝ Հովհաննես Ղուկասյանի
Երաժշտություն՝ Կոնստանտին Օրբելյանի

Վարդի փունջ ես, գարնան շունչ ես մայր ես Երևան,
Ինձ մի վարդ տուր, մի շուշան տուր մայր ես Երևան,
Իմ սեր արի երկինքն էլ լայն անսահման,
Կեսը ինձ տամ, կեսը քեզ տամ կյանք ես Երևան:

Սիրտս գարունն է քո վարդ ես Երևան
Քաղցր է անունը քո սեր իմ Երևան:

Քո արևը քո բարևը ուր է Երևան,
Իմ սիրածը իմ փնտրածը ուր է Երևան,
Առվակ է, նա սոխակ է քո պարտեզում,
Ինձ կանչում է, ինձ տենչում է հույս է Երևան:

Թող զորանամ, թող նորանամ ես էլ Երևան,
Ախ ինչքան էլ ես հեռանամ, ոնց քեզ մոռանամ,
Ինձ հետ են շող աչքերը այս ծովերում,
Հույս հայացքդ, հույս նայվածքդ աստղ է դարերում:

ԻՄ ՍԻՐԵԼԻ ԵՐԵՎԱՆ

Երաժշտություն՝ Առնո Բաբաջանյանի

Դու ունես անցյալ, քաղաք իմ դարավոր անցյալ,
Դու եղար հայոց ամրոց-բերդ, մայր քաղաք դարձար,
Պատմության դաժան հողմի մեջ, շատ ցավեր տեսար,
Բայց շողաց կյանքիդ մի նոր էջ, այս փառքին հասար:

Դու մեզ համար նորաշունչ Անի ու Վան,
Հույս և հավատ հայության
Քո սրբությամբ դու ամեն հայի մեջ կաս,
Մեր սիրելի Երևան:

Դու ունես ներկա քաղաք իմ, լուսավոր ներկա,
Մեր հայոց պայծառ մտքի ծով, և փառքի վկա,
Վեհապանծ ես և գեղեցիկ, հրաշքներով լի
Որ Մասիսն անգամ ասես քո, շենքերից լինի:

Դու ունես գալիք քաղաք իմ, փառավոր գալիք,
Մենք ամբողջ հոգով մաղթում ենք, քեզ հազար բարիք…

ՀԵՆՑ ԱՅՍՊԵՍ ԷԼ ԱՊՐՈՒՄ ԵՆՔ

Խոսք և երաժշտություն՝ Ֆորշի

Սա ձեր աստառն է, սա վերարկուն,
Սա ձեր հոգին որ զգեստ է անգույն,
Սա է ձեր տան հիշված ճանապարհը,
Սա ձեր աստառն է, սա վերարկուն:
Սա ձեր ասած ստի պատասղանն է,
Սա հարևանն է՝ հոգևարքում,
Սա իմ ընկեր Աշոտ Գևորգյանն է,
Սա նրա շունն է, որ չի հաչում:

Հենց այսպես էլ ապրում ենք
Մեր սիրած քաղաքում:

Սա տրոլեյբուս է, սա ավտոբուս,
Սա թուղթ ու գիր է, սա գետնանցում,
Սա ստորացված փողով քո ընկերն է,
Նա էլ իրա, չափ չի վխտում։
Սա նկարիչ Արմեն Խոջոյանն է,
Սա էլ Ռիփսիկն է սուրճ է եփում,
Սա էլ խելառ, Ս․ Միքայելյանն է,
Նա խմելուց հետո չի ծամում:

Երևանցի Ռուբեն Հախվերդյանն է,
Սա մեր ուստեն է, սա էլ Դավոն,
Սա իմ ընկեր գուգո Ամիրյանն է,
Սա ծակ Կարենն է, սա գինետուն:
Սա մեր խորեն Աբրահամյանն է,
Ջանիբեկյան Կարենն իր դերով,
Սա Արոմոն է, Սա էլ Միշիկը,
Սա Հրանտոն է, Սա էլ Մուրզոն:

Սա կշտացած տկար քրդի շուն է,
Սա էլ քցող, իսկ սա բանսարկու,
Սա հանրահայտ Լևոն Մալխասյանն է,
Շատ կարգին մարդ, մեր այս քաղաքում:
Սա «Կազիրոկն» է, սա «Պապլավոկը»,
Սա գռաֆ ռաֆիկը, իր բուտկայում,
Սա Մերուժանն է, Սա էլ Լյովիկը
Մենք բոլորով մեր դերն ենք խաղում:

Սա դերասան Սերգեյ Դանիելյանն է,
Սա էլ Արմենը «Մազ» անունով,
Սա քաղաքի Արմեն Էլբակյանն է,
Սա էլ Վիգենը իր բամբ ձայնով:
Թող ինձ ներեն, բոլոր այն տղերքը,
Ում անունները ես չեմ նշում,
Թող որ լսեն նրանք իմ այս երգը,
Ու թող հարբեն իրենց քաղաքում:
Սա մեր ընտրած տխուր վերջաբանն է,
Սա պատասխան, ամեն դեպքերում,
Սա մեր աստառն է, սա վերարկուն է,
Սա մեր քաղաքն է մեր թատրոնում:

ԵՐԵՎԱՆ

Խոսք և երաժշտություն՝ էդգար Գյանջումյանի

Դու ես իմ քաղաք իմ պատուհանում,
Դու ես իմ քաղաք ինձ թախծից հանում,
Եվ ամեն անգամ քեզ ես նայեմ,
Միշտ գիտեմ հույսով կփայլեմ,
Ես գիտեմ հույսով կփայլեմ:

Եղիր Երևան միշտ այդպես Մոր նման,
Սփոփիչ և խաղաղ մայթերով,
Դու միշտ մտերիմ և բարի պահերի օրրան,
Երեկ, վաղը և ամեն մի որ…

Քեզ նորից նայեմ ու քեզ հավատամ,
Որ մեզ սեր կտան , մեզ կգթան,
Եվ աչքերդ լուռ մոխրից կհանեմ,
Քեզ ժպիտ մի որ կգտնեմ,
Ախ, Աստվաց, մի որ կգտնեմ:

ԳԱԶԵԼ ԵՐԵՎԱՆԻՆ

Խոսք՝ Գևորգ Էմինի

Ես սիրո՜ւմ եմ քեզ, Երևա՛ն,
Եվ չգիտե՜մ ինչի համար.
Սիրուն ի՜նչ դատ ու ի՜նչ դիվան,
Որ իմանամ ինչի՛ համար:

Քարե՛րը քո հին բերդերի
Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշի՜ն քո մայթերի-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Սիրո՜ւմ եմ քո ջահելներին,
Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահա՜ր են մայթերի-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Համբո՛ւյրը քո աղջիկների,
Պաղ ջո՛ւրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկների՜ն-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Կուզեմ լինեմ Նորքի նման,
Ծաղկեմ ամեն եկող գարնան.
Փաթաթվե՜մ քեզ ու հիանամ-
Եվ չգիտեմ ինչի՛ համար:

Կամ լինեմ այս քամին լոթի
Եվ, հարբած քո անուշ հոտից,
Քեզ զո՛վ անեմ ամռան տոթին
Ու… չիմանա՜մ ինչի համար:

Քեզ զո՜վ անեմ, դու զովանա՛ս,
Դալա՜ր մնաս ու զորանա՛ս,
Ես քամու պես գնա՜մ-կորչեմ
Ու… չիմանա՜մ ինչի համար:

Գնա՛մ, պատմեմ նոր ու նորից,
Որ աշխարհի քաղաքներից,
Քե՜զ եմ սիրում ամենից ջերմ-
Ու… չգիտե՜մ ինչի համար…

Աղբյուր՝ Արվեստ

Հետևեք մեզ նաև Telegram-ում