Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք

Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: 2021 թ. լրանում է հայկական գեղարվեստական լուսանկարչության հիմնադիրներից մեկի` Գագիկ Հարությունյանի (ծն. 1946 թ.) հոբելյանը: Այս առիթով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը և արվեստաբան Լուսինե Գալստյանը սկսում են ուսումնասիրությունների և հրապարակումների շարք` նվիրված արվեստագետի կյանքի, ստեղծագործական միջավայրի և արվեստի ձևավորմանն ու վերլուծությանը: Այս մասին հայտնում են «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունից։

Արդեն մի քանի տարի է Լուսինե Գալստյանը զբաղվում է Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստի ուսումնասիրությամբ: Առաջին անգամ ծանոթացել է լուսանկարչի աշխատանքներին 2017 թվականին` այցելելով «Ժամանակի ստվերները. Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը, 1970-1995›› խորագիրը կրող ցուցահանդեսին:

Գեղարվեստական լուսանկարչության նշանավոր ներկայացուցիչ Գ. Հարությունյանը ստեղծագործել է 20-րդ դարի վերջին երեք տասնամյակների ընթացքում: Սկզբնական շրջանում աշխատել է որպես ֆոտոլրագրող, սակայն նրա արվեստը դուրս է եկել ֆոտոլրագրության սահմաններից: Գ. Հարությունյանի արվեստն արժևորվում է իր ընտրած անսովոր, բայց հետաքրքիր թեմաներով: Նկարել է հիմնականում սև ու սպիտակ ժապավենի վրա: Հետաքրքրությունների հիմնական առարկան մարդ-բնություն փոխհարբերությունն է: Առաջին հայ լուսանկարիչներից է, ով աշխատել է շարքերով՝ ելնելով հետազոտական ու վերլուծական սկզբունքներից: Իր ստեղծագործական գործունեության շնորհիվ, Գ. Հարությունյանի լուսանկարչական արվեստը նշանակալի անդրադարձ է ունեցել հայկական լուսանկարչության հետագա զարգացման գործում:

Գ. Հարությունյանի արվեստի հիմքում ընկած է լուսանկարչության գեղագիտական ներուժը, որն արվեստագետն ուղղել է բացահայտելու արվեստային ու փիլիսոփայական ընկալումների նոր հորիզոններ:

1990-ականների վերջերին թողել է լուսանկարչությունը, սակայն, բարեբախտաբար, սևապատկերները պահպանվել են: 2000-2013 թթ. հիմնականում աշխատել է որպես կահույքագործ: Գ. Հարությունյանը ստեղծագործել է դժվար ժամանակներում, բայց ստեղծել է արվեստի մնայուն գործեր, որոնք իրենց բնույթով բազմանիստ են: Այն նորովի է ներկայացնում մարդուն, կյանքը, հայրենիքը, սերը, մարդկային ողբերգությունն ու մշակույթը: Նրա արվեստի բնորոշ, ընդհանուր գիծը սերն է: Նա սիրել է մարդուն և աշխատել է իր արվեստով էլ սեր փոխանցել մարդկանց: Որպես արվեստագետ եղել է անկեղծ, ինքն իրեն երբևէ չի դավաճանել: Հարությունյանի արվեստն ուսումնասիրելիս նկատելի է դառնում, որ արվեստագետն օժտված է եղել ազդեցիկ պահն ընտրելու կարողությամբ: Գ. Հարությունյանի մասին գրվել են մի քանի տասնյակ հոդվածներ միջազգային և հայաստանյան պարբերականներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում