Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից»

Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից»

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Լուվրի տնօրեն Ժան-Լյուկ Մարտինեսը հայտարարել է, որ թանգարանը պատրաստվում է վերափոխվել և հրաժարվել իր «վախեցնող էլիտար կերպարից»:

artguide.com-ի հաղորդմամբ, 2023/2024 թթ. Օլիմպիական խաղերին ընդառաջ Լուվրը խոստանում է լրջորեն վերանայել իր հավաքածուներն ու ցուցահանդեսները։ Այդ վերանայումների նպատակը պետք է լինի «մշակութային ժողովրդավարացումը»՝ հավաքածուները պետք է լինեն ավելի հասանելի և ճանաչելի։

Մարտինեսը կարծում է, որ Փարիզի կենտրոնում նախկին թագավորական պալատը կարող է «վախեցնել» հասարակության որոշակի շերտին, և թանգարանը պետք է նրանց վստահեցնի, որ հավաքածուն նախատեսված է բոլորի համար։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի սկզբից թանգարանի կայքի այցելուները տաս անգամ ավելացել են, այժմ որոշված է ամբողջությամբ վերանայել պաշտոնական կայքի բովանդակությունը և ողջ հավաքածուն հասանելի դարձնել առ-ցանց։

Կարանտինից հետո Լուվրի վերաբացումը նախատեսված է հուլիսի 6-ին։ Սահմանափակումների պատճառով Լուվրի ֆինանսական կորուստներն այս պահին գնահատվում են 40 միլիոն եվրո։ Մարտինեսը կանխատեսում է կորուստներ նաև առաջիկայում, քանի որ տուրիստական հոսքերի նվազման պատճառով թանգարանի այցելուները պակասել են։ Այդ իսկ պատճառով հիմնական ջանքերն ուղղված կլինեն ավելի շատ ֆրանսիացի այցելուների ներգրավմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում