USD
EUR
RUB

Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից»

 

Հարցազրույց մենեջեր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտության խորհրդի անդամ կազմակերպության՝ Music of Armenia-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Մովսիսյանի հետ

- «Առավոտն» առաջին անգամ է հանդիպում ձեզ հետ։ Գիտենք, որ ավելի քան 10 տարի կազմակերպում եք միայն երաժշտական նախագծեր՝ համերգներ, փառատոներ եւ այլն, մենեջերի կարիերան սկսել եք Մեծ Բրիտանիայում, հետո ընդլայնել եք աշխարհագրությունը՝ եվրոպական երկրներ, Թուրքիա, Վրաստան… Շուրջ 5 տարի գործունեություն եք ծավալում Հայաստանում։ Մասնագիտական կրթությունը ստացել եք Պրահայում եւ Լոնդոնում։ Հետաքրքիր է՝ ինչո՞ւ եք ի սկզբանե ընտրել երաժշտարվեստի ոլորտը։

«Կարանտին» անսամբլ

- Չեմ սիրում, երբ ասում են, թե մանկուց սիրել եմ դասական երաժշտություն, բայց իմ դեպքում դա այդպես է հինգ տարեկանից զբաղվել եմ գեղարվեստական մարմնամարզությամբ եւ այդ գեղեցիկ սպորտաձեւը ներկայացրել դասական երաժշտության ներքո։ Հենց դա է պատճառը, որ երաժշտությունը, այն էլ դասական, խոր հետք թողեց իմ հետագա գործունեության վրա։ Իսկ Չեխիայում պատանիների առաջնությունում թիմը, որի կազմում նաեւ ես էի, գրավեց առաջին տեղը… Այո, մասնագիտական կրթությունը ստացել եմ Եվրոպայում, 18 տարեկանում տեղափոխվել եմ Լոնդոն, որտեղ ուսանել եմ՝ ձեռք բերելով մենեջերի եւ մարքեթինգի մասնագիտություն։ Լոնդոնում 2008թ. հիմնել եմ Music of Armenia կազմակերպությունն ու աշխարհով մեկ ներկայացրել հայկական երաժշտությունը, խթանել հայ երաժիշտների արվեստը։ Նաեւ ապրում ու գործունեություն եմ ծավալում Հայաստանում։ Կազմակերպել եւ իրականացրել ենք Երեւանում ու Թբիլիսիում «Սայաթ-Նովա» փառատոնը (2016-17թթ.), Տաթեւի վանական համալիրում՝ «Շարական» փառատոնը (2016-17թթ.), «Երեւանի դուդուկի փառատոնը» (2015-17թթ.), «Կանանց երաժշտական միամսյակը» (2018-20թթ.), «Սեւանի ձայներ» նախագիծը (2018թ.)…

 

- Թվարկում եք միայն հայաստանյան միջոցառումները, իսկ արտասահմանո՞ւմ…

- Օրինակ՝ «Սեւանի ձայներ» նախագիծը Լոնդոնի միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում արժանացել է առաջին մրցանակի՝ «Լավագույն երաժշտություն» անվանակարգում։ 2017թ. Ստամբուլում հայ, քուրդ եւ թուրք երաժիշտների մասնակցությամբ ապրիլի 23-ին իրականացրել ենք համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Մինչ այդ՝ 2010թ. եւ 2014թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոներ ենք անցկացրել Լոնդոնում։ 2014-ին՝ Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված համերգ անցկացրինք Լոնդոնում։ Եթե նախագծերի ողջ ցանկը թվարկեմ, ձեր օրաթերթի էջերը չեն բավականացնի։

- Փաստորեն ապրում ու ստեղծագործում եք եւ Լոնդոնում, եւ Երեւանում։

- Եվ ոչ միայն։ Պարզապես վերջին 4 տարիներին գործունեությունս ավելի ակտիվ է եղել Հայաստանում, բայց, բնականաբար, չեմ դադարել կազմակերպությանս գործունեությունը շարունակել միջազգային հարթակներում եւս։

- Ժամանակին մենք լուրերի տեսքով անդրադարձել ենք ձեր մեկ-երկու նախագծերին։ Գիտենք նաեւ, որ դուք իբրեւ մենեջեր մասնակցություն եք ունենում տարբեր կոնֆերանսների։

- Միայն 2019թ. մասնակցել եմ եվրոպական երկրներում, կոնկրետ՝ Գերմանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ Լեհաստանում տեղի ունեցած մասնագիտացված կոնֆերանսների, ինչպես նաեւ փառատոների՝ բնականաբար ներկայացնելով Հայաստանը։ Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային երաժշտության խորհրդի անդամ կազմակերպություն՝ Music of Armenia-ն ի դեմս ինձ, Փարիզում մասնակցեց նշյալ կառույցի հիմնադրման 70-ամյակին նվիրված տոնակատարությանը։

- Օրերս համացանցում ձեր կազմակերպությունը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, ավելի ճիշտ՝ ներկայացրեց հայ երաժիշտներից բաղկացած նոր անսամբլ՝ «Կարանտին» անվամբ։

- Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության նախաձեռնությամբ եւ աջակցությամբ ենք հանդես եկել այդ նոր նախագծով (առաջինը՝ «Սեւանի ձայներն» էր)՝ «Կարանտին» անսամբլի ստեղծմամբ, որը բաղկացած է 14 երաժիշտներից, անսամբլի ղեկավարը ճանաչված դիրիժոր Ռուբեն Ասատրյանն է։ Պետք է նշեմ, որ ինձ համար պատիվ է համագործակցել այնպիսի մասնագետի հետ, ինչպիսին մաեստրո Ասատրյանն է։ Ասեմ նաեւ, որ այս նախագծի շրջանակներում համագործակցում ենք կոմպոզիտոր Միխայիլ Կոկժաեւի հետ։

- «Կարանտինի» ստեղծմամբ, նկատի ունենք հենց անսամբլի անվանումը, դուք նշանակետին եք «կրակել», քանի որ այն առաջիկայում եւս արդիական կլինի, նկատի ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջերս արած հայտարարությունը, թե համավարակի հետևանքները դեռ մի քանի տասնամյակ մեզ կուղեկցեն։

- «Կարանտինի» հիմնումը նախեւառաջ նպատակ ուներ հնարավորություն ստեղծել մեկուսացված երաժիշտներին համախմբելու, եւ իհարկե, հնարավորություն տալ նրանց ստեղծագործելու։ Պետք է կրկնվեմ՝ անսամբլը կներկայացնի բացառապես հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan