«Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50)

«Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50)

Այս խոսքերով դիմեց Քրիստոս իր աշակերտներին, երբ ցամաքից տեսավ, թե ինչպես են աշակերտները հողմակոծ լինում թիավարելիս ծովի կենտրոնում։ Քրիստոս իր աշակերտներին պատվիրել էր նստել նավը և իրենից առաջ գնալ հանդիպակաց կողմը։ Ինքը բարձրացել էր լեռը՝ աղոթելու։ Մարկոսի Ավետարանում կարդում ենք․«Երբ երեկո եղավ, նավակը ծովի մեջտեղում էր, իսկ ինքը (Քրիստոս- հեղ)՝ ցամաքի վրա: Եվ տեսավ նրանց, որ հողմակոծ էին լինում թիավարելիս, որովհետև քամին նրանց հակառակ կողմից էր. Գիշերվա ուշ ժամին նա գալիս էր նրանց մոտ՝ ծովի վրա քայլելով, և ուզում էր նրանցից առաջ անցնել գնալ: Երբ նրանք տեսան, որ քայլում է ծովի վրա, կարծեցին, թե մի ուրվական է, և աղաղակ բարձրացրին, որովհետև ամենքը տեսան նրան և խռովվեցին: Եվ նա իսկույն խոսեց նրանց հետ ու ասաց. «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք»: Եվ նա նավակ բարձրացավ նրանց մոտ, և քամին դադարեց» (Մարկ․ 6։47-51):

Ինչո՞ւ աշակերտները չէին շրջվում և վերադառնում՝ կհարցնենք։ Ի պատասխան այս հարցի՝ խորհենք՝ Քրիստոսի պատգամն արդյո՞ք հնարավոր է չկատարել, և արդյո՞ք հանձնվելու ունակ է այն մարդը, ում սիրտը լուսավորված է Աստծո Լույսով։

Այս դժվարին իրավիճակում հայտնվում է նաև յուրաքանչյուր հավատացյալ՝ բախվելով կյանքի դժվարություններին։ Ամենադժվարին պահին հանկարծ լսելով Քրիստոսի ձայնը՝ «քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք», երբեմն հնարավոր է աշակերտների դրության մեջ հայտնվել՝ կարծելով, թե Քրիստոս չէ, այլ չարից է եկած՝ ուրվական է։

Սակայն պետք է մեր աչքերը բաց պահենք Աստվածային Լույսի հանդեպ, ճանաչենք նրան և ճիշտ ժամանակին ընդունենք Քրիստոսին «մեր նավակի մեջ»՝ մեր կյանք, ինչպես և աշակերտներն արեցին։ Եվ ոչ մի դեպքում չպետք է փոթորկի հանդիպելով թեքենք մեր նավակը և ետ նավարկենք, եթե կատարում ենք Նրա պատվերը։ Քաջ գիտակցում պիտի ունենանք, որ Քրիստոս է, ով կհանդարտեցնի մեր կյանքի փոթորիկներն ու ալեկոծումները, հենց Նա է, որ ցույց կտա մեզ ճիշտ ճանապարհը և մշտապես կուղեկցի մեզ։ Ուստի՝ Քրիստոսի խոսքին հետևելով՝ թեկուզև փոթորկի միջով անցնելիս պիտի փնտրենք Նրա ներկայությունը՝ խաղաղ նավահանգիստ գտնելու հույսով։

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում