Վահագն Դավթյան. Ավերակ վանքում

Վահագն Դավթյան. Ավերակ վանքում

Լեռնային ճամփա, քար է ու կապան,
Վանք է ավերակ, ավերակ մի խուց…
Չեմ եղել այստեղ, ամեն ինչ սակայն
Սիրտ ցավելու չափ ծանոթ է վաղուց:

Քայլում եմ մամռած քարերի միջով,
Կակաչի սուգ է, եղինջի թախիծ,
Ու թվում է թե չեչաքարն այս չոր
Մաշվել է հենց իմ ծնկների ցավից:

Տեսնում եմ ասես, չոքել եմ մենակ,
Մոմի ստվերն է թրթռում պատին,
Եվ Աստվածամոր տեսքով տխրունակ
Սեր եմ նկարում ես մագաղաթին:

Քարերը լռում, դարերը լռում,
Բուրում են ծխով ու բուրում խունկով,
Իսկ մոմի բոցը հոգնած թրթռում,
Հեկեկում է դեռ հրե արցունքով…

1980թ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում