Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ

Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ

Ես դուռը գտա, ուզում եմ մտնել,
ուզում եմ գտնել հնացած գինին,
զվարթ ձայները ինձ կանչում են վեր,
հնձանները թաց, հնձանները շեր,
հնձանում կնոջ ստինք ու ողկույզ
այս ժամանակը չարացրել է մեզ –
և կանգնած եմ ես, աչքերիս նայեք
ու որոտացեք ականջներիս մեջ,
այդ ե՞րբ է օրը այսքան երկարել,
այդ ե՞րբ է քամին հրավերք բերել:
Եվ ձեր անցյալի տակառը պղինձ,
և ձեր հոնքերի շարժումը արծաթ,
և ձեր պատկերը՝ ըմպանակ մի հին,
մանուկն է ըմպում մատներով արծաթ:
Դե, բառ որոնեք, քաղցրացրեք գինին,
շրջեք իմաստը դարավոր ողբի,
մի օր շուշանը հայտնվեց դաշտում,
մի օր նարգիզը չքնաղ երևաց:
Ու կարմիր դուռը նահանջեց մտոք,
ու կարմիր դուռը մի պահ երերաց,
հրճվանքը կաթեց, սարսուռը հևաց,
հին օդը անցավ ողբի փականով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում