Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը

Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը

Ի տարբերություն երկրային մյուս արարածների՝ մենք օժտված ենք ինքներս մեզ ճանաչելու ունակությամբ։ Ճանաչողության ողջ ընթացքում մեր առջև դրված է մեկ պահանջ՝ չանել այնպիսի բաներ, որոնց պատճառով հետագայում կամաչենք:

Իհարկե, դժվար է դատել սեփական քայլերն և գործողությունները, բայց հանուն խղճի և ներքին խաղաղության, պարտավոր ենք մաքուր լինել ինքներս մեր և Աստծո առաջ:

Փորձենք հասկանալ՝ինչ է խիղճը: Խիղճը հոգու զորությունն է, որ արձակում է իր դատավճիռը մեր արարքների ներքին էության մասին: Խղճի ձայնը հիշեցնում է մեզ բարոյական օրենքները և մեր պարտականությունները:

Ոմանք ինչ-որ բան որոշելուց կամ անելուց առաջ պարզապես հետևում են իրենց սրտի թելադրանքին կամ զգացողությանը, ապա ասում են՝ իմ խիղճը հանգիստ է։ Սակայն հասկանում ենք նաև, որ միայն սրտով առաջնորդվելը միշտ չէ, որ հուսալի է։ Եվ սրտի անհուսալի լինելու մասին Աստվածաշնչում ասված է․ «Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմիա 17։9)։

Ուրեմն՝ այն, ինչ ցանկանում է մեր սիրտը, չպետք է լինի ամենակարևորը։ Մենք պետք է մտածենք, թե ինչ է ցանկանում Աստված, և ինչը հաճելի կլինի նրան։ Սիրտը միշտ կարող է հուշել, բայց Աստծո ձայնը լսելը և Նրա կամքով առաջնորդվելը պետք է լինի մեր գերագույն նպատակը:

Աստված մարդու մեջ խիղճը դրել է հենց սկզբից։ Դա երևում է այն բանից, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին և ամաչեցին Աստծուց։ Ցավոք, այդ ժամանակ նրանց տանջող խիղճն արդեն ոչնչով չէր կարող օգնել։ Նրանք գիտակցաբար անտեսել էին Աստծու պատվիրանը և ըմբոստանալով հակառակվել էին Աստծո կամքին 

Այսօր էլ մարդկանցից շատերն ականջ են դնում իրենց խղճի ձայնին, որպեսզի հետագայում ամաչելու կամ մեղավոր զգալու պատճառ չունենան:Սակայն Աստծո կողմից մարդկանց միշտ տրվում է հնարավորություն` սեփական սխալներն ուղղելու համար: Աստված պատրաստ է ներել բոլոր նրանց, ովքեր անկեղծորեն զղջում և ապաշխարում են: Այնուամենայնիվ, եթե մեղքը գործվել է, ապա Աստված դրանից մաքրվելու հնարավորություն միշտ տալիս է:

Աղբյուր՝ Qahana.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում