Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ

Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ

Թևապարում եմ խավարի մեջ,
Դա մի դյութանք է գեհենական,
Չկա շրջագիծ ու չկա ծիր,
Գուցե վախճանն է իմ իրական։

Ահա, անցնում եմ մի տան մոտով,-
Առանձնատուն է սև ճակատով,
Դրսում դրված է մի բաց դագաղ՝
Անտարբեր չանցա նրա մոտով։

Անձրև էր, այսինքն՝ թոն էր փափուկ,-
Բայց թե արյունս հանկարծ սառավ,-
Կռկռում էին՝ նաշին փարված,
Երկու սև ագռավ -երկու պառավ։

էլ հոգի չկար դագաղի մոտ,-
Սմքած – սևավոր երկու պառավ,-
Սրթսրթում էին ու սրսփում.
Դիակը մարդ չէր, այլ՝ սև ագռավ։

Այդ պառավները, – սևախավար ,-
Որպես գոլորշի, որպես գիշեր,
Ահագնածուփ ու ժանտատեսիլ,
Սև փեշերը՝ սև մաքառումներ,

Ինծ ողողեցին ահեղամութ
Ու սև աչքերով գիշահայաց՝
Ասես իջեցրին գլխիս թափով
Մի ահաթմբիր – ծանր հարված։

Ես տապալվեցի դագաղի մեջ,-
Պառավատեսիլ- ագռավացած,-
Դիակր հուշիկ հեռանում էր՝
Գլխաբաց – ճերմակ ու մանկացած։

Եվ տեսնում էի ճախրանքը իմ,-
Ամպերի միջով ու կայծակի,-
Ե՚վ հանգչում էի, և՛ բոցկլտում,
Եվ մեռնում էի հանկարծակի։

Ահա, հասնում եմ ծիածանին,
Վերջին ճիգերով մարդեղացած,
– Բայց կոտրվում են թևերր իմ,
Եվ որպես ագռավ րնկնում եմ ցած։

Հետևեք մեզ նաև Telegram-ում