Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Եկեղեցու դեմ արշավներ միշտ են եղել, չի գտնվել ուժ, որ կհաղթի․ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Եկեղեցու հետ չեն քննարկում, եկեղեցու թիկունքում որոշում են կայացնում ՝ նույնիսկ խախտելով երկրի օրենքը. «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը օրենսդրական հիմնավորում ունի, հիմա փաստորեն օրենք են խախտում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի՝ կրթական նոր չափորոշչից և ծրագրերից դուրս բերելուն և այլ առարկաների մեջ ներմուծելուն:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հնչում են տեսակետներ, թե սա եկեղեցու դեմ արշավի տրամաբանական շարունակությունն է, Սրբազանն ասաց.

«Եկեղեցին իր ստեղծման օրվանից արշավների է դիմակայում, այնպես որ այդպիսի արշավներ կլինեն, կանցնեն, դեռ չի գտնվել ուժ, որ կարողացել է եկեղեցուն հաղթել և չի գտնվի նման ուժ, որովհետև եկեղեցին ղեկավարվում է ոչ թե մարդկանց կողմից, ինչպես շատերը ցանկանում են տեսնել, այլև Աստծո կողմից, իսկ Աստծոն ոչ ոք չի կարող հաղթել:

Եկեղեցին կշարունակի իր ընթացքը 22-րդ, 23-րդ դարում էլ, մինչև Քրիտոսի երկրորդ գալուստը կհասնի: Բոլոր տեսակի իշխանությունները գնացել են, եկեղեցին մնացել է, էս իշխանությունն էլ կանցնի եկեղեցին կմնա, պիտի մտածեն այնպես գործեն՝ որպեսզի անեծքի տակ չըկնեն, ոչ միայն ժողովրդի անեծքի, այլև Աստծո»,-ասաց նա:

Սրբազանի խոսքով ՝ մենք չենք ունենա գրագետ, քրիստոնեական արժեքներով սնված սերունդ, չնայած նրան, որ մենք՝ իբրև առաջին քրիստոնյա, կոչված ենք դառնալու քրիսոնեության ջահակիրը:

«Կունենանք սերունդ, որը 13-րդ դարի եկեղեցու վրա կշարունակի փորագրել մեխով իր անունը գրելով, որ ասենք ՝ Սերոժը սիրում է Աստղիկին: 13-րդ դարի տաճարը իր համար արժեք չի ունենա, որովհետև ինքը չի հասկանա դրա նպատակն իր կյանքում: Կունենանք այն նույն սերունդը, ինչը ունեինք 70 տարի, կարծես վատ սերունդ չէր, բայց մի հսկայական ժառանգության մասին չգիտեր, տեղյակ չէր և այդ ժառանագության կրողը չէր: Հիմա, եթե ուզում ենք վերադառնալ նույն ելակետին, թող վերադառնան, իսկ եկեղեցին դարձյալ կշարունակի իր առաքելությունը՝այսպես թե այնպես»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում